Ուժեղ կանայք եւ թույլ տղամարդիկ

Ուժեղ կանայք եւ թույլ տղամարդիկ

Մարտի 8-ը մեր սիրելի տոներից է: Ոչ միայն այն պատճառով, որ առհասարակ տոները պակասել են մեր կյանքում եւ ցանկացած փոքրիկ ուրախություն ու տոն ավելի սիրելի է դարձել մեզ: Այլ այն պատճառով, որ կանայք մեր հասարակության կարեւոր, գեղեցիկ եւ, ինչու ոչ` հերոսական մասն են: Նրանց ուսերին է ծանրացած այսօր մեր երկրում առկա հոգսերի հսկայական մասը: Նրանք անտրտունջ տանում են այդ բեռը` չբողոքելով իրենց չար բախտից եւ փորձելով լռելյայն թեթեւացնել տղամարդկանց հոգսը: Նրանք եւ ընտանիք են պահում, եւ կենցաղային հոգսեր են հոգում, եւ հասարակության ակտիվ անդամներ են ու լավ քաղաքացիներ` հիմնականում: Նրանց վրա է այսօր հենվում հանրային կյանքը եւ նրանք նաեւ հասարակության խիղճն են, սիրտն ու հոգին: Արդյոք հասարակության տղամարդկային հատվածն ըստ արժանվույն գնահատո՞ւմ է կանանց եւ գիտակցո՞ւմ է արդյոք նրանց դերն ու նշանակությունն իրենց կյանքում: Վստահ եմ` ոչ:

Շուրջ բոլորն անտարբեր, էգոիստ եւ ծույլ տղամարդիկ են, որոնք առաջին իսկ հնարավորության դեպքում իրենց անելիքը դնում են կանանց ուսերին, թաքնվում նրանց թիկունքում, շահագործում նրանց` դրա դիմաց գրեթե ոչինչ չտալով: Նվազ պատասխանատվությամբ, իրենց փոքրիկ հոգսը ուռճացրած եւ իրենց դերից զարմացած` արական սեռի արարածները միայն գրքերում են ուժեղ, ինքնաբավ, մեծահոգի ու կայացած: Իրականում նրանք փոքր երեխաների նման շարունակ կանանց աջակցությանն են դիմում, հենվում նրանց վրա` չգնահատելով ու չգիտակցելով այդ աջակցության գինը: Սովորաբար կանանց են մեղադրում` ավելորդ էմոցիոնալության, նվնվալու, բամբասելու մեջ, սակայն մեզանում ամենից շատ նվնվում, բամբասում, դատարկ ու չպատճառաբանված զգացմունքայնությամբ աչքի են ընկնում հենց տղամարդիկ: Եւ ամենակարեւորը` նրանք անգամ չնչին ջանք չեն թափում ավելի ազնիվ, ավելի պատասխանատու, ավելի հուսալի եւ ամենակարեւորը` կանանց կյանքում անփոխարինելի դառնալու համար: