Խաչատուրովները իշխանության թիրախում հայտնվել են իրենց ակտիվ քաղաքացիական դիրքորոշման համար. Աբրահամյան

Խաչատուրովները իշխանության թիրախում հայտնվել են իրենց ակտիվ քաղաքացիական դիրքորոշման համար. Աբրահամյան

Գրիգորի Խաչատուրովի անունը շահարկվում է այն համատեքստում, որ 2018-ից ի վեր և՛ Գրիգորի, և՛ Յուրի Խաչատուրովներն իրենց ակտիվ քաղաքացիական դիրքորոշումն արտահայտել են երկրում ստեղծված իրավիճակի, ԶՈՒ-ում առկա տարբեր գործընթացների վերաբերյալ և բնականաբար իշխանության համար այս պահին թիրախ են: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Չեմ կարծում, որ Խաչատուրովները չեն գիտակցել, որ իրենց դիրքորոշումների արտահայտումը նման իրավիճակ կարող է ստեղծել, սակայն, դա նրանց տեսակն է, և նրանք կանգնած լինելով ԶՈՒ ստեղծման, կայացման գործում, բնականաբար, չէին կարող նման իրավիճակներում զերծ մնալ գնահատականներ չհնչեցնելուց»,- նշեց ընդդիմադիր խմբակցության քարտուղարը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն քննարկում է «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունները։