Այս պահին մեկնաբանություն չունեմ․ քաղաքապետարանից չեն արձագանքում CPS-ի հայտարարությանը

Այս պահին մեկնաբանություն չունեմ․ քաղաքապետարանից չեն արձագանքում CPS-ի հայտարարությանը

Վաղ առավոտից Ջրվեժի և Չարբախի ավտոպարկերում ավտոբուսների վարորդները բողոքի ակցիա էին իրականացնում։ Մի շարք այլ երթուղիներ սպասարկող ավտոբուսների ու երթուղայինների վարորդները դժգոհում էին, որ արդեն տևական ժամանակ է ՝ իրենց վառելիք չի տրամադրվում, որ դուրս գան աշխատանքի: Վարորդների պնդմամբ՝ նախկինում սովորաբար աշխատանքային օրվա ավարտին՝ երեկոյան են լիցքավորել մեքենաները, որպեսզի առավոտյան կրկին դուրս գան աշխատանքի, սակայն տևական ժամանակ է խնդիրներ են առաջացել, վառելիք կամ ընդհանրապես չի հասնում, կամ հասնում է առավոտյան, ինչը աշխատանքային մի շարք խնդիրներ է առաջացնում վարորդների համար։ Վարորդներից մեկը «Հրապարակի» հետ զրույցում ասաց․ «Առավոտյան գրեթե 6-ից աշխատում ենք մինչև ուշ երեկո։ Եթե վառելիքը չենք լցնում երեկոյան, ապա դա մեզ համար մի շարք խնդիրներ է առաջացնում։ Առավոտյան ենք այդ դեպքում լցնում, հսկայական հերթեր են գոյանում, ինչի արդյուքնում էլ առհասարակ տապալվում է ողջ օրվա գրաֆիկը»։

Մենք առավոտյան գրել էինք, որ քաղաքապետարանին ավտուբուսների համար վառելիք է տրամադրում CPS ընկերությունը։  CPS-ը քիչ առաջ հայտրարություն էր տարածել, որով,ըստ էության, պատասխանատվությունը գցում էր «Երևան Ավտաբուս» ՓԲԸ-ի վրա։

 «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ՍՊ ընկերությունը՝ CPS–ը, պաշտոնապես հայտարարում է, որ մշտապես կատարել է «Երևանի Ավտոբուս» ՓԲ ընկերությանը վառելիքի մատակարարման հետ կապված իր պայմանագրային պարտավորությունները։ Ավելին, մենք մշտապես աջակցել ենք մեր գործընկերներին՝ ապահովելով ֆինանսապես ավելի լավ պայմաններ, քան նախատեսված էր պայմանագրով։ Դա եղել է CPS–ի բարի կամքի դրսևորումն ու գործընկերային էթիկան։ Մասնավորապես, ելնելով 2020թ. ստեղծված իրավիճակից (կորոնավարակ)՝ մենք զգալիորեն նվազեցրել ենք մրցույթով սահմանված վառելիքի գները, թեև ըստ պայմանագրի կարող էինք դա չանել։ Մեր որոշման արդյունքում «Երևանի Ավտոբուս» ՓԲ ընկերությունն ունեցել է ավելի քան 70 միլիոն ՀՀ դրամի տնտեսում:

Ներկայիս մատակարարման գինը հանրային տրանսպորտի ծառայություն մատուցող այդ ընկերությանը բացառիկ ցածր է։ CPS–ը դիզելային վառելիքը «Երևանի Ավտոբուս»–ին վաճառում է 1 լիտրը 233 դրամով, իսկ բենզինը՝ 280 դրամով, ինչը զգալիորեն ցածր է շուկայականից և ինչի արդյունքում հնարավորություն է ստեղծվում չթանկացնել ուղևորափոխադրման գինը մեր քաղաքացիների համար։

«Երևանի Ավտոբուս» ՓԲ ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման և վճարման ոչ բարեխիղճ (պարբերաբար ուշացումներով) կատարման հետևանքով «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ՍՊ ընկերության նկատմամբ «Երևանի Ավտոբուս» ՓԲ ընկերության պարտքը երկարատև ժամանակ կազմել է ավելի քան 190 միլիոն ՀՀ դրամ, ինչը ֆինանսական խնդիրներ է ստեղծում մեր ընկերության համար:

Մենք ամիսներ շարունակ դիմել ենք «Երևանի Ավտոբուս» ՓԲ ընկերության ղեկավարությանը՝ խնդրելով քայլեր ձեռնարկել պարտքի մարման ուղղությամբ, սակայն արդյունքի չենք հասել։ Մեզ «Երևանի Ավտոբուս» ՓԲ ընկերության կողմից անհասկանալի ու անհիմն պատճառաբանություններ են ներկայացվել անհաղթահարելի ուժի ազդեցության թեմաներով:
Ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն «Երևանի Ավտոբուս» ՓԲ ընկերության ղեկավարությունն է, որն ընդամենը մեկ օր առաջ է կատարել ընդհանուր պարտքի միայն մի մասի վճարումը (մայիսի 12-ի դրությամբ պարտքն ավելի քան 75 մլն ՀՀ դրամ է)։
Ի դեպ, Երևանի քաղաքապետարանի մրցութային մատակարարման պայմանագրով CPS–ի կողմից ոչ միայն սպասարկվում է «Երևանի Ավտոբուս» ՓԲ ընկերությունը, այլ նաև «Երևանի աղբահանության» հիմնարկը, «Շտապբուժօգնություն» ՓԲ  ընկերությունը, Երևանի վարչական շրջանները և այլ հիմնարկ-ձեռնարկությունները և նրանցից որևէ մեկը չի բողոքում մեր մատակարարումներից, քանզի կողմերը կատարում են իրենց պայմանագրային պարտավորությունները»,- ասվում էր հայտարարության մեջ։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակից փորձեցինք հետաքրքրվել, չեն պատրաստվու՞մ արձագանքել CPS-ի հայտարարոթյանը, նա պատասխանեց․ «Այս պահին մեկնաբանություն չունեմ»։

Մեր դիտարկումներին, թե ինչու չի վճարվել CPS-ի հասանելիք գումարները, ինչու են պարտքեր առաջացել, խոսնակը պատասխանեց․ «Տես՝ նախորդ հաղորդագրությունը»։