Ինչու են Մայր Աթոռում անհանգիստ

Ինչու են Մայր Աթոռում անհանգիստ

Երեկ Մայր Աթոռի հաղորդագրությունից տեղեկացանք, որ Ամենայն հայոց Գարեգին 2-րդ կաթողիկոսը հայրապետական կարճատեւ այցով մեկնել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի հայոց թեմ։ Նրան ուղեկցում է Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի եւ Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։ Հիշեցնենք, որ բրիտանահայոց թեմի առաջնորդը կաթողիկոսի համագյուղացի Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն է, իսկ կաթողիկոսին ուղեկցող եկեղեցականը ժամանակին ուսանել է Մեծ Բրիտանիայում։ Մինչ կաթողիկոսն «Մառախլապատ Ալբիոնում» է՝ մեզ հայտնի դարձավ, որ արշալույսները Մայր Աթոռում խաղաղ չեն բացվում։

Մայր Աթոռում անհանգիստ են

«Հրապարակի»՝ իրավիճակին իրազեկ աղբյուրները տեղեկացնում են, որ Մայր Աթոռում ներքին խլրտում է սկսվել։ Ավելին՝ բավականին հետաքրքիր տրամադրություններ են հասունացել, որոնք կապված են հիմնականում Հայ առաքելական եկեղեցու եւ Հայաստանի գործող իշխանությունների միջեւ հարաբերությունների վատթարացման, իսկ ավելի կոնկրետ՝ այդ հարաբերությունների՝ ըստ էության գրեթե ամբողջությամբ բացակայության հետ։ Պետություն-եկեղեցի հարաբերությունները հատկապես 44-օրյա պատերազմից հետո էապես լարվել են, ու կան ահազանգեր, որոնք անհանգստացնում են եկեղեցականներին, որոնք դեռեւս միայն ներքին քննարկումներով են փորձում հասկանալ թե՛ իրավիճակը, թե՛ իրենց անելիքը եւ իրենց գլխին գալիքը։

Նեղն ընկած կաթողիկոսը սկսել է ԶԼՄ-ների հետ աշխատել

Մեր աղբյուրները նշում են՝ Մայր Աթոռի եկեղեցականները հատկապես զարմացել են, որ Հայոց բանակի օրվա առիթով Եռաբլուր այցելած Գարեգին 2-րդը խնդրել է, որ լրատվամիջոցներն իրենից հարցազրույց վերցնեն։ Ինչպես հայտնի է, կաթողիկոսը երբեք աչքի չի ընկել լրատվամիջոցների հետ ուղիղ աշխատաոճով, այլ շփվել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի եւ խոսնակի միջոցով (նախ՝ բազմաչարչար խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանի, իսկ հիմա՝ Եսայի քահանա Արթենյանի)։ Այն, որ կաթողիկոսը հակվում է լրատվամիջոցների հետ ուղիղ աշխատանքին, արդեն իսկ ուշագրավ է եւ հոգեւորականների կողմից էլ աննկատ չի մնացել։

Կաթողիկոսն ասել է, որ նույնիսկ «լուսանցքից են իրեն հեռացրել»

Ինչպես եկեղեցական միջավայրում է ընդունված ասել՝ Մայրավանքում մտայնությունն այն է, որ կաթողիկոսը փորձում է հակադարձել պետություն-եկեղեցի հարաբերությունների ներկայիս լարված վիճակին։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ Գարեգին 2-րդը, ով մշտապես աչքի է ընկել իշխանությունների հանդեպ «պոլիտկոռեկտ», համագործակցային կեցվածքով, նույնիսկ սարկավագների հետ հանդիպումներում է հայտարարել, որ Հայաստանի իշխանություններն իրեն ոչ միայն լուսանցք են նետել, այլեւ նույնիսկ թույլ չեն տալիս, որ լուսանցքում էլ գտնվի։ Եվ իսկապես՝ ամենայն հայոց կաթողիկոսին ոչ մի պաշտոնական միջոցառման չեն հրավիրում, սուրբծննդյան պատարագներին իշխանության ներկայացուցիչները չեն մասնակցում, եւ իշխանությունը բացահայտորեն հրաժարվում է եկեղեցուց, կրոնից, կրոնական արարողություններից եւ աշխարհում ընդունված ավանդույթներից։ Եվ դա, իհարկե, Նիկոլ Փաշինյանի անձնական որոշումն է․ նա «պատժում» է կաթողիկոսին՝ անհնազանդության համար։

Պուտինի շնորհած չարաբաստիկ մեդալը

Այս իրավիճակը, ըստ լավատեղյակ աղբյուրների, ամենօրյա քննարկման նյութ է դարձել արքեպիսկոպոսների եւ եպիսկոպոսների, ասել է թե՝ առաքելական եկեղեցու կրոնական էլիտայի շրջանակում։ Իրավիճակը հատկապես բարդացել է այն բանից հետո, երբ, չնայած ներքաղաքական հեղհեղուկ իրավիճակին, Լաչինի միջանցքի փակված լինելուն, ՌԴ, ըստ էության, հանցավոր անգործությանն ու անտարբերությանը եւ Հայաստանում գեներացվող հակառուսական տրամադրություններին, Գարեգին 2-րդը պարգեւատրվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, եւ կաթողիկոսն ընդունում է իրեն շնորհված մեդալը (ի դեպ, կարծեմ, նման մեդալի ժամանակին արժանացել է նաեւ Ադրբեջանի առաջին տիկին, Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան)։

Ծանր հեռախոսազրույց ՌԴ Անվտանգության ծառայության ղեկավարի հետ

Առաքելական եկեղեցու էլիտան հատկապես քննարկում է այն, որ Պուտինի կողմից Գարեգին 2-րդին շնորհված մեդալի հարցով Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ, Գարեգին 2-րդի եղբայր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Անվտանգության ծառայության ղեկավարի հետ։ Վերջինս Եզրաս արքեպիսկոպոսին քաղաքավարի, բայց ազդու կերպով հիշեցրել է, որ ռուսական կողմը տարիներ առաջ «ջրել» է Եզրաս արքեպիսկոպոսի ներգրավվածությամբ քրեական մի գործ։ Նաեւ հասկացվել է ալյումինի բիզնեսի մասին։ Հեռախոսազրույցից հետո Եզրաս արքեպիսկոպոսը կապ է հաստատել կաթողիկոս եղբոր հետ եւ ներկայացրել իրավիճակը։ Մայր Աթոռի բարձրաստիճան շրջանակների հետ առնչվող աղբյուրները նշում են, որ եպիսկոպոսները եւ նրան մտերիմ այլ ազդեցիկ անձինք հորդորել են գոնե առայժմ զերծ մնալ Պուտինի շնորհած մեդալն ընդունելուց, սակայն կաթողիկոսը հանուն իր եւ եղբոր՝ Եզրաս արքեպիսկոպոսի, ընդունել է այն։

Հանդիպել են Երուսաղեմի եւ Կ․ Պոլսի պատրիարքները

Խոսվում է, որ կաթողիկոսն անհանգստացած է անցյալ շաբաթ Երուսաղեմում տեղի ունեցած Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքների հանդիպումից։ Հիշեցնենք, որ երկու պատրիարքներն առաքելական եկեղեցու չորս նվիրապետական աթոռներից երկուսի ղեկավարներն են, վարչական, ֆինանսական կամ քաղաքական ու այլ իմաստով որեւէ կախվածություն չունեն կաթողիկոսից, նրան ենթակա են միայն «ի հոգեւորս», սակայն ազդեցիկ ձայն ունեն ընդհանուր ազգային-եկեղեցական կոնտեքստում։

Ելքեր են որոնում

Մեր աղբյուրները պատմեցին, որ եպիսկոպոսներին հատկապես անհանգստացրել է այն, որ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ունեցվածքի վրա կալանք է դրվել, կաթողիկոսը չի կարողացել «փրկել» նրան։ Կրոնական էլիտայում կարծում է, որ հաջորդը կարող են իրենք լինել, ու էլի կաթողիկոսն անզոր կլինի։ Ուստի նեղ շրջանակում վերստին օրակարգային է դարձել, կոալիցիա կազմելով, Գարեգին 2-րդին «թոշակի ուղարկելու» հարցը։ Մյուս կողմից, շատ եպիսկոպոսներ, առաքելական եկեղեցու ապագայով եւ հեղինակությամբ մտահոգված, փորձում են ելք գտնել։ Բարձրաստիճան կղերականներից ոմանք փորձում են սեպարատ կապեր հաստատել ՀՀ իշխանությունների հետ, ստանալ երաշխիքներ, որ «իրենց խաթրին չեն դիպչի»։ Հիշեցնենք, որ կաթողիկոսի դատախազ եղբորորդին մի անհեթեթ մեղադրանքով արդեն երկար ժամանակ կալանավորված է, քրեական գործ են հարուցել նրա մտերիմներից մեկի՝ Իզմիրլյան ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի նկատմամբ։ Ի դեպ, եպիսկոպոսներից մեկի եղբորորդին ծառայում է Նիկոլ Փաշինյանի թիկնազորում, եւ ասում են, որ «տեղեկատվական արտահոսքը» Մայր Աթոռից նա է ապահովում։ Արդյունքում, Մայր Աթոռում մթնոլորտը ծանր է, ոչ մեկը մյուսին չի վստահում։ Գարեգին Բ-ն էլ ոչ մեկին չի վստահում։ Թե ինչ կլինի հետո՝ դժվար է ասել։

Ի դեպ, որոշ եպիսկոպոսներ կարող են հետեւել Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրինակին, ով իբրեւ թե Դոգին՝ Վարդան Ղուկասյանին էր պատասխանում, սակայն համացանցում ելույթ ունենալով՝ մեղադրում էր կաթողիկոսին եւ հասկացնում, որ Մայր Աթոռն իրեն տեր չի կանգնել՝ առողջական խնդիրների լուծման ժամանակ։ Ի վերջո, եթե կաթողիկոսին հիմա եպիսկոպոսական կոալիցիայով հրաժարական պարտադրվի, դա կարող է լինել վատ նախադեպ եւ սասանել եկեղեցու հիմքերը։ Հասկանալի է՝ ազգային, կրոնական եւ պետության առաջ ծառացած հրամայականները պահանջում են, որ նորմալ հարաբերություններ լինեն պետության եւ եկեղեցու, Մայր Աթոռի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ։ Հասկանալի է, որ մեկմեկու դեմարշ քայլերը, ինչպես կաթողիկոսին անտեսելը եւ Տաղավար տոների պատարագներին ՀՀ գործող իշխանություններից որեւէ մեկին չհրավիրելը վնասում են պետականությանն ու ժողովրդին։ Սակայն այս ամենը չի կարող անվերջ շարունակվել, եւ «պղտորված հարաբերությունները» մի օր «պարզվելու» են։ Իսկ թե ինչպես, ցույց կտան ժամանակն ու հանգամանքները։