Եթե կառավարությունից չարձագանքեն, մեր դռները կփակենք

Արդեն քանի օր է՝ Ռեստորանների միությունը բարձրաձայնում է իրենց խնդիրների մասին ու «սպառնում» դիմել կտրուկ միջոցների, օրինակ՝ մեկ օրով փակել իրենց դռները հաճախորդների առաջ, եթե կառավարությունը տեղից չշարժվի եւ չփորձի հարցին լուծում տալ։ Իսկ հարցը Հարկային օրենսգիրքն է, որն ընդունվել է դեռ նախորդ կառավարության ժամանակ։ Դրանով ռեստորանների վրա հարկային բեռի ավելացում է սահմանվել՝ մոտ 5-6 անգամ, ինչն արդեն իսկ հանգեցրել է գների բարձրացման։ Բայց սա դեռ ամենը չէ։ Օրենսգրքով նախատեսված է, որ այժմ սահմանված 6 տոկոս շրջանառության հարկը 2019-ին ավելանալու է 2 տոկոսով՝ դառնալով 8 տոկոս, իսկ 2020-ին՝ եւս 2 տոկոսով։ Այսինքն՝ 2 տարի անց ռեստորանները ստիպված կլինեն վճարել արդեն 10 տոկոս շրջհարկ։ Նրանք բազմիցս դիմել են կառավարությանը, ՊԵԿ-ին, ֆիննախին, որ փոփոխեն այս դրույթն ու հարկային բեռի հետագա ավելացումը գոնե կանխեն, բայց, ինչպես հասկացանք, սպառիչ պատասխան չեն ստացել։ Դրանից էլ ռեստորանատերերի համբերության բաժակը լցվել է, եւ որոշել են հայտարարություն տարածել՝ սպառնալով փակել իրենց դռները, եթե կառավարությունն ականջալուր չլինի իրենց խնդրին։
Ռեստորանների միության անդամ, «Երեմյան Փրոջեքթս» ընկերության («Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանց, «Լավաշ» եւ «Շերեփ» ռեստորաններ ) գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս աղմուկից հետո կառավարությունից արդեն ոչ ֆորմալ առումով արձագանք կա, ուստի, հավանաբար, իրենք չեն գնա ծայրահեղ քայլերի եւ չեն փակի իրենց դռները։
«Կարծում եմ՝ կարձագանքեն, որովհետեւ իրականում իրենք էլ են կիսում մեր մտավախությունը, մեր խնդիրները, բայց, կարծես, իրավական լուծումներ չեն կարողանում տալ, եւ ինձ թվում է՝ իրենք կհասկանան ու չեն թողնի, որ մի ոլորտ, որը Հայաստանում երեւի թե եզակիներից է, որը զարգացել է այսօր, մեծ խնդիրներ ունենա։ Ինձ թվում է՝ ընդառաջ կգնան եւ լուծումներ կտան»,-ասաց պարոն Երեմյանը։
- Փաստորեն, մինչեւ դանակը ոսկորին չհասավ, եւ դուք էլ մինչեւ կոնկրետ գործողությունների «սպառնալիք» չներկայացրիք, կառավարությունից արձագանք չեղավ։
- Ճիշտն ասած՝ ես կդժվարանամ էդ հարցին պատասխանել, թե ինչի հիմա արձագանքեցին եւ ինչի էն ժամանակ չէին արձագանքում։
- Ամեն դեպքում, դուք ձեր ակցիան իրականացնելո՞ւ եք, փակելո՞ւ եք ձեր դռները մեկ օրով։
- Եթե արձագանք չլինի՝ այո։ Բայց ոնց որ արդեն արձագանք կա։ Դա, իրականում, ոչ միայն մեր խնդիրն է, այլ ընդհանուր խնդիր է, նաեւ տուրիզմի զարգացման խնդիր է, մենք գները թանկացնելու ենք ու խնդիր ենք ունենալու։ Կամ հակառակը` աշխատելու ենք անորակ, որ կարողանանք էդ հարկային քաղաքականության պայմաններում հարկերը վճարել։ Դա հասկանում են, դա կիսում են կառավարության անդամներից շատերը, ուղղակի, քանի որ նախկինում դա ընդունվել է, ու հիմա էս Հարկային օրենսգիրքը, որ պետք է փոխվեր, էդ շրջանակներում պետք է որ մեր խնդիրն էլ մեջը դնեն ու փոխեն։ Մենք ընդամենն ասում ենք, որ մի՛ թանկացրեք, քանզի 2019 թվականին 2 տոկոսով ավելանալու է մեր հարկը, 2020-ին՝ եւս 2 տոկոսով։ Մենք դիմում ենք գրել վարչապետին, որ նոր եք բարձրացրել մեր հարկատեսակը, թողեք նոր հարկատեսակով արդեն աշխատենք գոնե 5 տարի, էլ մի՛ բարձրացրեք։ Իսկ օրենքով ընդունել էին, որ 2019 թվականին պետք է եւս երկու տոկոս բարձրանա, ու դա ոչ միայն հարկը, այլ 8 տոկոս՝ մինուս 5 տոկոս հաշվանցում, որի հնարավորությունը չեն ընձեռում մեզ, որ էդ 5 տոկոսը հաշվանցենք։ 2020-ին էլ դառնում է 10 տոկոս, 7 տոկոս իրավունք ունես հաշվանցելու, բայց էլի հնարավորություն չունենք, որ հաշվանցենք։ Հիմա մեզ մոտ 6 տոկոս է՝ 3 տոկոս հաշվանցելու հնարավորությամբ, բայց մենք կարողանում ենք հազիվ մի տոկոս հաշվանցել, որովհետեւ բազմաթիվ խնդիրներ կան, այդ թվում՝ նույն գյուղմթերքը չենք կարողանում հաշվանցել, հաշիվ-ֆակտուրա չենք կարողանում ստանալ եւ այլն։
- Այդ խնդիրը նախորդ կառավարությունների օրոք էլ կար, երբ գյուղացին իր վաճառած մթերքի համար հաշիվ-ապրանքագիր չէր կարողանում տալ, բայց կառավարությունը, հարկային մարմինները դա հասկանալով՝ պայմանավորվում էին տնտեսվարողի հետ ու աչք էին փակում դրա վրա։ Հիմա նոր կառավարությունն այդ հարցում ի՞նչ մոտեցում ունի։
- Դե հիմա, էն ժամանակ օրենքի դաշտում չէր, այսինքն՝ Ձեր ասածները կարող է կարողանում էին իրականացնել, հիմա լրիվ օրինական աշխատում ենք ու չենք կարողանում էդ հաշվանցումներն իրականացնել, եւ դա մեզ վրա որպես բեռ է դիտարկվում։ Այսինքն՝ մենք դրա փոխարեն էդ վճարումներն անում ենք։ Եվ եթե մյուս տարի էլի բարձրանա եւս երկու տոկոսով, ավտոմատ մեր հարկին է ավելանալու, որովհետեւ մենք անգամ սա չենք կարողանում հաշվանցել, ուր մնաց՝ 8 տոկոսից հաշվանցենք։ Դրա համար հիմա, որպեսզի չթանկացնենք, ու նորից խնդիրներ չլինեն, մենք ռեստորանատերերով հավաքվեցինք եւ դիմեցինք կառավարությանը։ Եվ խնդրում եմ ընդգծել, որ սա ոչ մի տեսակի քաղաքական ենթատեքստ կամ միտում չունի, ուղղակի, քանի որ 2019 թվականը մեկ ամսից է արդեն, դրա համար մենք անհանգստացած ենք, մենք մեղք չունենք, որ էս պահին ընտրարշավ է։
Կարծիքներ