Արցախը միավորում է բոլորին՝ անկախ կարգավիճակից ու սոցիալական դրությունից

Արցախը միավորում է բոլորին՝ անկախ կարգավիճակից ու սոցիալական դրությունից

ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանի՝ Թալինում արած հայտարարությունը, ապա դրա սրբագրումը եւ դրա շուրջ ծավալված դիսկուրսը, սկսած հայտարարություններից մինչեւ հոխորտալից արտահայտություններ, բավականին լուրջ մտորելու առիթ են տալիս։ Հիշեցնենք․ Սասուն Միքայելյանն ասել էր․ «Չեմ վախենում ասել, որ այն հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարեւոր է, քան Արցախյան ազատամարտը, որովհետեւ այն հաղթանակը հաջողվեց մեր ազգի քաջորդիների շնորհիվ, որի արդյունքները պետք է տեսներ մեր հայ ժողովուրդը, սակայն նախորդ իշխանությունները թույլ չտվեցին վայելել այդ հաղթանակը, եւ մեր ժողովուրդը չպատկերացրեց, թե մարդիկ ինչի համար իրենց գլուխը դրեցին զոհասեղանին»։ Որից հետո՝ Գյումրիում, սրբագրել է իր խոսքը․ «Մենք ազատվել ենք նախորդ բռնապետներից: Ես ասել եմ ու մեկ անգամ եւս կասեմ՝ այս հաղթանակը քիչ պակաս հաղթանակ չէր, քան Արցախյան ազատամարտի հաղթանակը. որոշ մարդիկ ուրիշ ձեւ են հասկանում ու մեկնաբանում այս խոսքերը, բայց եթե չլիներ այս հաղթանակը, մեր Արցախյան ազատամարտն այլեւս հաջողություն չէր ունենա, նաեւ վերջ կդրվեր Արցախյան հերոսամարտին: Այսօրվա մեր համախմբվածությունը մեկ քայլ հեռացրել է պատերազմը մեր սահմաններից ու մեր ժողովրդից, որովհետեւ պատմականորեն, բոլոր ժամանակներում, երբ մենք համախմբվել ենք, մենք հաղթել ենք»։

Փորձենք հասկանալ, թե ինչ է ցանկացել ասել ՔՊ վարչության անդամը։

Արցախյան ազատամարտի հաղթանակի արդյունքները, մեծ հաշվով, ժողովուրդը տեսել է արդեն։ Այդ հաղթանակը, գոյության զոհասեղանին դրված երիտասարդների կյանքը եթե փորձենք ձեւակերպել Միքայելյանի բառերով՝ Արցախի Հանրապետությունն է։ Այդ հանրապետության ապագայի հարցում նախորդ իշխանությունները, սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանից, վերջացրած Սերժ Սարգսյանով, արել են այն, ինչ կարողացել են, եւ ինչ թույլ են տվել նրանց անելու մեծ քաղաքականության խաղացողները, Հայաստանի անվտանգության երաշխավոր Ռուսաստանը եւ այլն։ Նիկոլ Փաշինյանը գուցե չհիշի, բայց Սասուն Միքայելյանը հաստատ պետք է հիշի, թե ինչպես կնքվեց 1994-ի հրադադարը՝ արտաքին ուժի ուղղակի միջամտությամբ։ Այլ կերպ ասած, նախորդ բոլոր իշխանությունները, որքան էլ վատ ու տականք ներկայացվեն, ամեն դեպքում Արցախի հարցում կարող են փոքրիշատե բաց ճակատով ներկայանալ։ Իսկ, ահա, հաշվի առնելով տարածաշրջանային եւ գլոբալ քաղաքականության միտումները, արտաքին քաղաքականության, ներառյալ անվտանգության քաղաքականության ոլորտում ձախողումները, մայիս ամսից Հայաստան զենք չմտնելու իրողությունը, որի մասին գրեց անգամ «Կոմերսանտը», Բոլթոնի կովկասյան տուրնեն եւ Երեւանում արած հայտարարությունները, Նիկոլ Փաշինյանի իշխանության հարցում այս բոլորը համադրելիս ու վերլուծելիս արդյունքները կասկածելի են դառնում։ Հայաստանի խնդիրը հիմա, որպես նաեւ բանակցային գործընթացում Արցախի Հանրապետության շահերը ներկայացնող կողմի, ռազմական հաջողությունների կապիտալիզացիան է դիվանագիտության եւ քաղաքական գործընթացների մեջ, որի գագաթնակետը, ըստ Մադրիդյան սկզբունքների, վերջնական հանրաքվեն է լինելու։ Նախորդ բոլոր իշխանությունները կարողացել են այս քաղաքականությունն առաջ մղել՝ որքան ուժերը ներել են։ Այսօր, սակայն, երբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից ու նրա ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանից լսում ես նույն հարցի մասին հակասական ու իրարամերժ հայտարարություններ, այն աստիճան, որ ռուսական քաղաքագիտական շրջանակներում կշիռ ունեցող եւ հայամետ համարվող մասնագետներն են այդ մասին բարձրաձայնում, սկսում ես կասկածել, թե ներկայիս իշխանությունները խորհրդարանական ընտրությունների հնարավոր հաղթանակից հետո կկարողանա՞ն արդյոք Արցախյան ազատամարտի ճիշտ հունով տանել դիվանագիտական եւ քաղաքական գործընթացները։

Հիմնական հարցը սա է, իսկ մնացածն արդեն անիմաստ պոպուլիզմ է, ներառյալ նաեւ անձամբ Նիկոլ Փաշինյանի հոխորտանքն այս առնչությամբ։ Եվ մի նյուանս էլ․ Արցախը հայության գիտակցության այն կետերից է, որի շուրջ համախմբվում են բոլորը՝ մոռանալով քաղաքական, սոցիալական, տնտեսական ու այլ կարգի տարակարծություններն ու հակասությունները։ Հիշեցնենք, թե ինչպես ապրիլյան քառօրյայի օրերին բոլորը միավորվեցին՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից մինչեւ հեռավոր գյուղի հովիվ։ Ի վերջո, ընդհանուր թշնամին միավորում է, իսկ այդ միավորիչ գաղափարի վրա քար նետողը դառնում է ժողովրդի համար մերժելի։