Երևի ավելի շատ ինձ որպես նախարար են հիշում

Երևի ավելի շատ ինձ որպես նախարար են հիշում

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից թիվ 4 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Մանե Թանդիլյանը երեկ իր քարոզարշավը սկսել էր Էրեբունի վարչական շրջանից։ Նա իր փոքրաթիվ խմբով ու մի քանի մեքենաներով շրջում էր Էրեբունու բակերով եւ բարձրախոսով տեղեկացնում իրենց թիմի եւ կուսակցության ծրագրերի մասին։ Բակերը մարդաշատ չէին, ամեն բակում 5-10 հոգի էին լինում սովորաբար, պատճառներից մեկն էլ թերեւս այն էր, որ աշխատանքային ժամ էր, բնակիչներից շատերն աշխատանքի էին։ Մանեին Էրեբունիում ճանաչում էին հատկապես որպես նախարարի, ով, ի դեպ, վերջերս է իր հրաժարականի դիմումը գրել, որ ազատ քարոզարշավ անի, բայց դեռ չգիտի էլ՝ ընդունե՞լ են հրաժարականը, թե՞ ոչ։ Նրան հարցրինք, թե ինչպես է անցնում քարոզարշավը, ինչ տպավորություն ունի բնակիչների հետ զրույցներից։

«Քարոզարշավն անցնում է նախատեսվածի պես, շատ զբաղված ենք իրականում, բակերով փորձում ենք հասնել բոլոր քաղաքացիներին, որովհետեւ ժամանակը շատ կարճ է։ Արձագանքը շատ լավն է, շատ պոզիտիվ»,- ասաց տիկին Թանդիլյանը։

- Բայց կարծես բակերն այդքան էլ մարդաշատ չեն հանդիպումների ժամանակ։

- Դուք ճիշտ եք, որովհետեւ, նախ՝ եղանակն էլ սառն է, աշխատանքային ժամ է… բազմաթիվ են պատճառները, բայց ես վստահ եմ, որ քաղաքացիները, որոնք տներում են, լսում են մեզ, երեկոյան ժամերին էլ նույնպես շրջում ենք եւ մեր երգով ու քարոզչությամբ մարդկանց իրազեկում «Լուսավոր Հայաստանի» մասնակցության մասին։

- Արձագանքներն ինչպե՞ս են, Ձեզ ավելի շատ որպես պատգամավոր ու նախկինում ակտիվի՞ստ են հիշում, թե՞ որպես նախարար։

- Ըստ տպավորության՝ երեւի ավելի շատ որպես նախարար են հիշում, որովհետեւ այդ ժամանակ մեխանիզմներն ավելի շատ են խնդիրներ լուծելու, եւ քաղաքացիների հետ շատ շփվել եմ հենց այդ ժամանակ նաեւ, եւ հնարավոր է եղել լուծել որոշ խնդիրներ։

- Իսկ ի՞նչ խնդիրներ եք հասցրել լուծել, Ձեզ հիշո՞ւմ են այդ առումով, որ հասցրել եք ինչ-որ խնդիր լուծել այս կարճ ժամանակահատվածում։

- Այո, իհարկե, հիշում են, արձագանքները շատ պոզիտիվ են։ Իրականում, ընդհանուրի մեջ կան նաեւ անհատական խնդիրներ։ Դուք նաեւ գիտեք, որ ես տարբեր նախաձեռնություններ եմ արել երկրորդ երեխայի ծննդյան նպաստը եռապատկելու, մայրական դրամագլուխն ավելի մեծ գումարներով եւ ավելի կարճ ժամանակում օգտագործելու հնարավորության հարցում, նվազագույն կենսաթոշակի գաղափար ենք ներդրել, որը պարենային աղքատության գծից այլեւս բարձր է, եւ մեր քաղաքացիները ստանալու են շատ թե քիչ պարենային ապահովության գումար։

- Հիմա ո՞ւմ հույսին եք թողել նախարարությունը, ասում են՝ այդքան էլ մխիթարական վիճակում չէ։

- Պետք է ասեմ, որ անկախ նրանից՝ ես որ կարգավիճակում կլինեմ, հետամուտ եմ լինելու նախարարության խնդիրների լուծմանը ե՛ւ օրենսդրական դաշտում, ե՛ւ առանձին կազմակերպչական, որովհետեւ ես ամբողջովին տիրապետում եմ ոլորտին։

- Ասում են՝ Ձեր տեղակալը, ում հույսին որ մնացել է նախարարությունը, այդքան էլ չի տիրապետում, չի կարողանում պատշաճ վերահսկողություն իրականացնել, կազմակերպել նախարարության աշխատանքները։

- Ես կարծում եմ՝ պարզ է, որ դժվար է փոխարինել նախարարին, դա հեշտ չէ, եւ, այո, կան հատկանիշներ, որոնց մի մասով օժտված են, մի մասով՝ ոչ։ Եվ հենց դրա համար է, որ նախարարը, հավանաբար, ես եմ նշանակվել։ Եվ այդ մասով պետք է ասեմ, որ այնտեղ չորս տեղակալ կա, որոնք որ արհեստավարժ են իրենց մասնագիտության մեջ ու նաեւ նախկինում են ունեցել փորձ, եւ ես հուսով եմ, որ այս 10-12 օրվա ընթացքում, այնուամենայնիվ, նախարարությունը կկարողանա շարունակել իր աշխատանքը։

- Նիկոլ Փաշինյանի այս հեղափոխական էյֆորիան, բազմամարդ հանրահավաքները չե՞ն խանգարում մյուս ուժերին, այդ թվում՝ Ձեզ։

- Ես կարծում եմ, որ հեղափոխական ոչ թե էյֆորիան, այլ՝ այո, այն ուժը, որն առաջնորդել է հեղափոխությունը, գալու է իշխանության, եւ դա տեսանելի է։ Ես որեւէ կաշկանդվածություն եւ որեւէ երկրորդ կարծիք չունեմ այդ հարցում։ Հիմա մենք պետք է ձեւավորենք Ազգային ժողով, դուք գիտեք, որ սա խորհրդարանական առաջին ընտրություններն են, երբ որ Հայաստանը դարձավ պառլամենտական պետություն։ Հետեւաբար, Ազգային ժողովի դերը եւ փոխզսպող, հակակշռող մեխանիզմները լինելու են անգնահատելի։ Եվ մեր քաղաքացիները պետք է գիտակցեն եւ անեն գիտակցված ընտրություն։

- Կա՞ այդ գիտակցումը ժողովրդի մոտ, իրենք հասկանո՞ւմ են, որ բացի հեղափոխություն կատարած ուժից, պետք է նաեւ այլ ուժերի ձայն տան։

- Իհարկե, հասկանում են, եւ մեր շփումներն ապացուցում են, որ դա այդպես է, արձագանքներն ապացուցում են, որ նրանք գիտեն, եւ ես շատ հույս ունեմ, որ այդ օրը գնալու են ընտրության։

- «Գելափը» հարցումներ է արել ու կարծես «Իմ քայլը» դաշինքին տվել է 67 տոկոս, մյուս ուժերին, այդ թվում՝ ձեզ, շատ ցածր, այնքան, որ անցողիկ շեմը չեք հաղթահարի։

- Ճիշտն ասած՝ ես ընդհանրապես սովորություն չունեմ հետեւելու սոցհարցումներին, միգուցե ես սխալ եմ անում, բայց ես միայն աշխատում եմ, մարդկանց հետ շփվում, խոսում, իսկ մնացածն արդյունք է լավ աշխատանքի։