Պատերազմը քաղաքականություն է

Պատերազմը քաղաքականություն է

92-ի տարեվերջին կնոջս հետ մե՜ծ պատրաստությամբ Երեւան գնացինք: Ամառվանից մայրս երեխաների հետ Չարենցավան՝ քրոջս տանն էին: Նոր տարի էր գալիս: Հասանք Չարենցավան, մի քանի ամսվա բաժանման կարոտներս առանք, երեխաներին ուրախացրինք: Նույնիսկ հասցրի պատշգամբում մեկ-երկու սիգ խորովել: Շտապ պիտի վերադառնայինք: Ստեփանակերտում էլ մյուս քույրս էր՝ տատիս հետ: Ժամանակը կարճ էր, բայց հասցրի մի կարեւոր հանդիպում ունենալ՝ Գերագույն խորհրդում, որի պատգամավոր էի: Ռազմաճակատի հյուիսային, ամենավտանգավոր ուղղությունն այդ օրերին անցնում էր Վաղուհաս-Չլդրան-Կիչան գծով: Ընթանում էին դիրքային դաժան մարտեր:

Կար իրական սպառնալիք, որ հակառակորդը կարող է ճեղքել ոչ այնքան ամուր պաշտպանական գիծը եւ երթով շարժվել դեպի Ստեփանակերտ, բայց բարձրաստիճան մի պաշտոնյա առանձնասենյակի պատից կախված օպերատիվ քարտեզի վրա ցույց տվեց կանխածրագրվող հակագրոհի եւ մինչեւ Սարսանգ՝ տարածքն ազատագրելու ռազմագործողության մանրակերտը: Եւ վստահեցրեց, որ քաղաքականության մեջ իրավիճակի լրջագույն փոփոխություններ են ուրվագծվում, եթե հաջողվի հասնել պայմանավորվածությունների, հակառակորդին այլ բան չի մնա, քան թողնել զբաղեցրած դիրքերն ու նահանջել մինչեւ Մարտակերտ:

Նա զինվորական չէր, քաղաքական գործիչ եւ Անվտանգության խորհրդի անդամ էր եւ ինձ՝ Ստեփանակերտի դաժան անապահովությունից մի քանի օրով Երեւան՝ զուտ կենցաղային հանգամանքներով գտնվող պատգամավորիս համբերությամբ բացատրում էր, որ պատերազմը բոլորովին էլ այն չէ, ինչ մենք ապրում ենք: Որ իրավիճակը կառավարվում է դիվանագիտական գաղտնի աշխատանքով, հրավիրված փորձառու ռազմագետների կանխատեսումներով, դժվար իրականացվող մատակարարումներով եւ նոր միայն՝ այս կամ այն ջոկատի, խմբավորման, ընդհանրապես՝ ինքնապաշտպանության ուժերի կողմից իրականացվում է որեւէ պաշտպանական կամ հակահարձակվողական գործողություն:

Շուրջ երկու ժամ տեւած հանդիպումը կազմակերպված դաս էր, որ հիմնովին փոխեց պատերազմի մասին պատկերացումներս: Վերադարձի ճանապարհին, որ հանգամանքների բերումով տեւեց օրուկես, անընդհատ զինվորական ամենագնացներ էին հանդիպում՝ դեպի Ստեփանակերտ: Մեկ ամիս հետո ռազմաճակատի հյուսիսային ուղղությամբ մեր ուժերն անցան հակահարձակման: Մարտ ամսվա կեսերին ռազմաճակատի գիծն արդեն Սարսանգի ջրամբարի շրջակայքով էր անցնում: Փակվել էր Թարթառ-Քելբաջար մայրուղին, հակառակորդի քելբաջարյան խմբավորումն առնվել էր «պարկի մեջ»:

Անհամեմատ թուլացել էր ճնշումը Լաչինի մարդասիրական միջանցքի վրա՝ հյուսիսից, որտեղ արյունալի մարտերը մի քանի ամիս չէին դադարում: Հետագա իրադարձությունները հայտնի են՝ Քելբաջարի ազատագրում, ապա՝ Մարտակերտի եւ Աղդամի ուղղությամբ եւս մի հուժկու հարձակում, եւ 93-ի հաջողությունների շարքը՝ մինչեւ Զանգելանի գրավում: Այսօր պատերազմի «տարեգիրները» ոչ ինձ քաղաքականության դասեր տված գործչի անունն են տալիս, ոչ՝ հրավիրված ռազմագետների: Նույնիսկ ապերասան տոնով ոչ միայն Հայաստանի առաջին նախագահի դերն են նսեմացնում, այլեւ բամբասանքներ սերմանում, թե «նա դեմ էր տարածքների ազատագրմանը, ամեն ինչ արվել է ի հեճուկս նրա»:

Ահռելի աշխատանքը, որի արդյունքը մեծ բեկումն էր նախ միջազգային քաղաքականության մեջ, ապա արդեն՝ բուն ճակատային գծում, վերագրվում է մի քանի դաշտային հրամանատարի: Արդեն քսան տարուց ավելի է՝ քարոզչությունը հետեւողականորեն անտեսում է պետական ինստիտուտները եւ փոխարենը պանծացնում անհատների: Նույն չափով նսեմացվում է նաեւ պատերազմի Աստվածը՝ շարքային աշխարհազորայինը: Տեղի է ունեցել արժեքների դեգրադացիա, երբ պատերազմի բուն պատասխանատվությունը կրած քաղաքական իշխանությունը եւ զորքը մնացել են ստվերում՝ հրապարակում թողնելով միայն նախկին դաշտային հրամանատարներին, որ հետագայում արժանացել են գեներալական ուսադիրների եւ բոնապարտիստական հովեր առել: Նրանք իրենց նույնացրել են բանակի եւ ռազմական հաջողությունների հետ: Եւ ապագայի, հեռանկարի, քաղաքական հնարավոր փնտրտուքի մասին ցանկացած խոսք որպես անձնական վիրավորանք են ընդունում եւ արձագանքում ըստ այդմ:

Դա հիվանդագին մետաստազներ է տալիս նաեւ հանրային որոշ խմբերի նկատմամբ նրանց հովանավորչության տեսքով: Ապացույցը սոցիալական ցանցերում նրանց անսխալականության, բացառիկության մասին գրառումներն են, որ հաճախ հասնում են վտանգավոր կռապաշտության: Ոչ ոք ոչ մեկի վաստակը եւ նվիրումը կասկածի տակ առնելու չափ անբարոյական չէ: Բայց բարոյականությունը նաեւ պահանջում է, որ պատերազմի դաշտային հրամանատարների այդ սերունդն ընդունի, որ իրենից վեր, իր իրավասության եւ գիտելիքներից շա՜տ բարձր, անհասանելիորոն հեռու գործել է պետության ուղեղային կենտրոնը՝ ռազմաքաղաքական ղեկավարությունը, եւ նա էլ վարել է պատերազմը:

Եւ վարելու է նաեւ վաղը, եթե խնդրի քաղաքական կարգավորման հնարավորություններն, Աստված մի արասցե, սպառվեն: Պատերազմը երկրի, պետության, նրա ռազմաքաղաքական էլիտայի կանխածրագրավորումները պրոյեկտում է ռազմադաշտում: Մյուսները կատարողներ են: Եւ իրենց վարքը պարտավոր են կարգավորել ըստ այդմ: