Ֆրեդ Քելեմեն. եվրոպական կինոարվեստի առաքյալը

Ֆրեդ Քելեմեն. եվրոպական կինոարվեստի առաքյալը

Գերմանացի անվանի կինոօպերատոր, կինոյի եւ թատրոնի ռեժիսոր, սցենարիստ ու մանկավարժ Ֆրեդ Քելեմենի՝ Հայաստան կատարած յուրաքանչյուր այցելություն դառնում է իրադարձություն մեր կինոսերների համար. իրադարձություն և առիթ՝ նրա բարձրաճաշակ աշխատանքներից ևս մեկին ծանոթանալու, նրա հետ արվեստի ու կինոարվեստի մասին զրուցելու, պարզապես ուրախություն զգալու արդի կինոաշխարհում նրա պես գործիչների գոյության կապակցությամբ։ Այս անգամ Քելեմենի այցելությունը ոգևորիչ էր հատկապես կինոոլորտի սկսնակ մասնագետների համար, ովքեր մարտին հնարավորություն ունեցան մասնակցելու նրա «Սև դաշտ․ կինոարվեստի պոետական իրականության մասին» մեկշաբաթյա աշխատարանին և նկարահանման հրապարակում գործնական աշխատանքի միջոցով խորացնելու իրենց մասնագիտական հմտությունները։ Դասընթացի կազմակերպիչ «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպությունն ու Երևանի «Գյոթե» կենտրոնը նախատեսում են հետագայում ևս շարունակել արդեն իսկ կայացած ու հաջողված համագործակցությունը Ֆրեդ Քելեմենի հետ, ով 2004թ․-ից ի վեր պարբերաբար այցելում է Հայաստան։ Վերջերս տեղի ունեցած նրա այցելությունը նշանավորվեց ոչ միայն դասախոսությունների ու նկարահանումների անցկացմամբ, այլև իր հեղինակած «Սարաևոյի սգերգերը» լիամետրաժ ֆիլմի ցուցադրությամբ, որին հաջորդեց հանդիպում-հարցուպատասխանը հանդիսատեսի հետ։ 2016-ին նկարահանված «Սարաևոյի սգերգերը» վերջինն է նրա ռեժիսորական աշխատանքներից և հերթականը՝ նրա յուրօրինակ ոճի դրսևորման առումով։ Նրանք, ովքեր ծանոթ են Քելեմենի օպերատորական ու ռեժիսորական աշխատանքներին, չեն կարող չհամաձայնել, որ նրա նկարահանած կադրերից յուրաքանչյուրն ասես գեղանկարչական կտավ լինի, իսկ նրա ֆիլմերին բնորոշ դանդաղ, խոհափիլիսոփայական ռիթմն ավելի խորը, տպավորիչ ու բանաստեղծական է դարձնում այդ կադր-կտավները։ Սա, իհարկե, լոկ պրոֆեսիոնալիզմի արդյունք չէ, այլ նաեւ աշխարհայացքի, հարուստ ներաշխարհի եւ կերպարվեստը, երաժշտությունը, փիլիսոփայությունը, կրոնագիտությունն ու այլ ոլորտներն ընդգրկող բազմակողմանի կրթություն։ Քելեմենի ֆիլմագրությունը ներառում է 6 ռեժիսորական եւ շուրջ 15 օպերատորական աշխատանքներ, նա մրցանակների է արժանացել բազմաթիվ հեղինակավոր կինոփառատոներում, հանդիսանում է Եվրոպական կինոակադեմիայի, Գերմանական կինոակադեմիայի, ԱՄՆ կինոարվեստի եւ գիտության ակադեմիայի, Եվրոպական մշակութային խորհրդարանի անդամ։ Քելեմենի՝ Հայաստանում գտնվելու օրերին «Մշակութային Հրապարակն» առիթ ունեցավ հարցազրույց անցկացնելու նրա հետ եւ անդրադառնալու ամենատարբեր թեմաների։ 

- Դուք ռեժիսորական եւ օպերատորական գործունեությունը սկսել եք միաժամանակ՝ այդ երկու մասնագիտություններն ի սկզբանե միավորելով մեկ ամբողջության մեջ։ Հետագայում դժվար չի՞ եղել այդ ամբողջությունը «երկատելը» եւ ուրիշ ռեժիսորների հետ որպես օպերատոր աշխատելը։

- Իրականում դժվար չէ։ Երբ իմ սեփական ֆիլմերն եմ նկարահանում, ռեժիսորի եւ օպերատորի գործառույթները դիտարկում եմ որպես մեկ միավոր, եւ, ինչ խոսք, այս երկուսը չեն կարող միմյանցից անջատ գոյություն ունենալ։ Պատկերը, միզանսցենը, բովանդակությունը պիտի ներդաշնակ հարաբերվեն եւ ծառայեն նույն նպատակին։ Իմ հեղինակային ֆիլմերը նկարահանելիս ռեժիսորին ու օպերատորին միավորում ու ամբողջացնում եմ իմ գլխում, իսկ այլ ռեժիսորի հետ աշխատելու պարագայում միասին ենք փորձում մեր գլխում ծնունդ առած երկու պատկերը դարձնել մեկ ֆիլմ, ինչն իրականանում է հաղորդակցության ու փոխըմբռնման միջոցով։ Իհարկե, ֆիլմ ստեղծելիս ամենադժվարը սկզբնական փուլն է, երբ պիտի հասկանաս ու պատկերացնես, թե ինչպես եւ ինչից է ծնվելու դեռեւս սաղմնային վիճակում գտնվող այդ ֆիլմը։ Իսկ երբ հաղորդակցվում ես ռեժիսորի հետ, երբ մտապատկերն ու տեսլականն ուրվագծվում են ու հստակեցվում, մնում է ամենակարեւորը, որ թե՛ ես, թե՛ ռեժիսորը մինչեւ վերջ հավատարիմ մնանք այդ տեսլականին։ 

- Ռեժիսորների առաջարկներն ընդունելիս կամ մերժելիս ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում․ հեղինակային կինոյի պարագայում, թերեւս, չի կարող դեր չխաղալ «ճիշտ» ռեժիսորի ընտրությունը, այսինքն՝ Ձեզ գաղափարապես հոգեհարազատ ռեժիսորի։ 

- Իհարկե, դա անվիճելի է։ Դա նման է պարի կանոններին։ Երբ ինչ-որ մեկի հետ պարում ես, պարընկերդ պետք է համապատասխանի քեզ։ Ամեն մեկի հետ չես կարող պարել։ Երկուսի միջեւ պետք է լինի փոխհամաձայնություն, փոխըմբռնում, ի վերջո՝ փոխադարձ համակրանք, այլապես ներդաշնակությունը կվերածվի քաոսի։ Նախքան որեւէ նախագծում իմ մասնակցության վերաբերյալ համաձայնություն տալը միշտ առաջադրում եմ երեք նախապայման։ Առաջինն առնչվում է սցենարին, երկրորդը՝ ռեժիսորին, քանի որ երբեք չեմ համաձայնում աշխատել մի ռեժիսորի հետ, ում հետ անձամբ չեմ հանդիպել եւ աչքերին չեմ նայել։ Երրորդն էլ առնչվում է նկարահանման պայմաններին։ Այս երեքից որեւէ մեկի՝ իմ պատկերացումներին անհամապատասխանության դեպքում չեմ համաձայնում աշխատել։ Եթե նույնիսկ ֆիլմի սցենարն ինձ գրավել է, բայց ռեժիսորի հետ հանդիպման ժամանակ նայել եմ նրա աչքերին եւ չեմ տեսել այն, ինչն ինձ կարող էր դուր գալ եւ վստահություն ներշնչել, միեւնույն է՝ մերժում եմ առաջարկը։ Լավ սցենարը դեռեւս բավարար չէ, որովհետեւ նախագծի առանցքային մասը կազմում են նախեւառաջ մարդիկ։ 

- Ձեր հեղինակած նախավերջին՝ «Անկում», եւ վերջին՝ «Սարաեւոյի սգերգերը», ֆիլմերի միջեւ 11 տարվա ընդմիջում կա։ Ի՞նչն էր այդ ընդմիջման պատճառը։

- Ստեղծագործական դադար՝ որպես այդպիսին, չի եղել, ես այդ տարիներին շատ եմ աշխատել, պարզապես՝ այլ կինոնախագծերում։ «Անկումից» հետո անմիջապես աշխատանքի անցա ձեզ հայտնի Բելա Տարրի «Մարդը Լոնդոնից» ֆիլմում՝ որպես օպերատոր։ Նրա առաջարկը ստացա «Անկումը» 2005թ․-ին Ռոտերդամի կինոփառատոնում ներկայացնելուց հետո։ 2007թ․-ին, երբ աշխատանքն ավարտեցինք, զբաղվեցի մեկ այլ նախագծով, դրան էլ հաջորդեցին Բելա Տարրի մյուս ֆիլմի՝ «Թուրինյան ձիու» նկարահանման աշխատանքները։ Մինչեւ «Սարաեւոյի սգերգերը» նկարահանելը, որպես օպերատոր՝ ընդգրկվեցի իսրայելական մի ֆիլմի նկարահանումներում։ Իհարկե, այդ տարիների ընթացքում փորձեցի կյանքի կոչել նաեւ իմ հեղինակային նախագծերից մեկը, ինչը, ցավոք, չստացվեց ֆինանսավորման անբավարարության պատճառով։ Կինոարտադրության այս ճյուղում ստեղծագործող գործիչների համար, որոնցից մեկն էլ ես եմ, բավականին դժվար է ֆինանսավորում գտնելը։ Նախագիծը, որի անվանումն էր «Հույս», ֆինանսական աջակցության խոստում ստացավ իմ դիմած բոլոր կինոհիմնադրամների կողմից, սակայն Գերմանիայում գործող օրենքի համաձայն՝ պետք է ներդնես նաեւ որեւէ հեռուստաընկերության կողմից տրամադրված գումար։ Այդ գումարը հեռուստաընկերություններից եւ ոչ մեկը չհատկացրեց, թեպետ ես հավաստիացնում էի, որ խոսքը հեռուստաֆիլմ նկարահանելու մասին չէ, այլ՝ մաքուր կինոյի։  

- Հեղինակային կինոն, ի վերջո, միշտ էլ նախատեսված է եղել ոչ լայն հանդիսատեսի համար։ Այսօր, թերեւս, պակաս լայն, քան 40, 50, 60 տարի առաջ էր։ Այսօր ինչպիսի՞ հեռանկար եք տեսնում հեղինակային կինոյի համար, կա՞ եւ լինելո՞ւ է, արդյոք, պահանջարկ։ 

- Պահանջարկ, իհարկե, կա, իսկ անհրաժեշտություն ավելի մեծ չափով կա՝ այն առումով, որ հանդիսատեսին այսօր հեղինակային կինոն պետք է ավելի, քան երբեւէ, ավելի, քան նախկինում։ Մերօրյա կինոարտադրությունն առանձնահատուկ կարիք ունի բազմազանության՝ ոճից, լեզվից, բովանդակությունից մինչեւ այլ չափորոշիչներ։ Ցանկացած միատեսակություն անխուսափելիորեն հանգեցնում է մարդու գիտակցության անկմանը, վախճանին։ Իսկ դրա վտանգն այսօր հատկապես մեծ է։ Մեզ պետք է շատ ավելին, քան մեծ ֆինանսավորում ունեցող մեյնսթրիմն է։ Մարդկության համընդհանուր երգչախմբում պիտի հնչեն բազմատեսակ ձայներ, եւ այդ ձայները պիտի լսելի դառնան նաեւ մյուսների համար։ 

- Ձեր «Անկում» ֆիլմում անմիջապես որսում ես Ալբեր Քամյուի համանուն վիպակի մոտիվները, պարզապես՝ այլ երկրում, այլ ժամանակում եւ իրադարձությունների զարգացման հեռանկարում։ Միայնակ, իրենց աշխարհում ներփակված եւ ինչ-որ դատապարտվածության զգացումով առաջնորդվող Ձեր կինոհերոսները թվում են խոր էքզիստենցիալիստական։ Ինքներդ Ձեզ համարո՞ւմ եք էքզիստենցիալիստ կինոյում։

- Ես միշտ խուսափել եմ ինձ որեւէ ուղղության հետեւորդ համարելուց։ Այն, ինչ պատկերված է իմ ֆիլմերում, պարզապես մեր գոյությունն է, մեր կյանքը՝ որպես փաստ, որպես տեսակ, որպես իրողություն։ Իմ ֆիլմերը մերօրյա հասարակության մեջ գոյություն ունեցող մարդկային կյանքերի նկարագրություն են։

- Այդ հերոսներն իրենց տեսակով հոգեհարազա՞տ են Ձեզ։ 

- Իհարկե, նրանցից յուրաքանչյուրի հետ էլ որեւէ ընդհանրություն ունեմ, այլապես չէի կարողանա խոսել նրանց մասին եւ համոզիչ պատկերել նրանց։ Բայց ես այդօրինակ ընդհանրություններ գտնում եմ նաեւ ցանկացած մարդու դիտարկելիս՝ առանց նրա հետ նույնականանալու։ Ինչպես ամենօրյա կյանքում մեզ հանդիպող յուրաքանչյուր մարդու պարագայում իմ ու նրա միջեւ կան թե՛ ընդհանրություններ, թե՛ տարբերություններ, այնպես էլ դրանք կան իմ ու կինոհերոսներիս միջեւ։ 

- Արվեստում ովքե՞ր են Ձեզ վրա շրջադարձային ազդեցություն թողել։ 

- Դա բավականին ընդգրկուն հարց է։ Իհարկե, կան ստեղծագործողներ ու ստեղծագործություններ, որոնք հուզում են ավելի շատ կամ ավելի քիչ։ Թերևս, հենց այդ շատ հուզողներն էլ դիտարկենք որպես ազդեցության չափորոշիչ։ Վաղ տարիքում ինձ շատ հոգեհարազատ էի համարում Դոստոևսկու ստեղծագործությունները։ Շատ եմ սիրում նաև Չեխովի գործերը։ Առանձնահատուկ սեր եմ տածում գերմանական էքսպրեսիոնիզմի հանդեպ՝ թե՛ կինոյում, թե՛ կերպարվեստում, թե՛ երաժշտության ու գրականության մեջ։ Ինձ շատ հոգեհարազատ եմ համարում Կաֆկայի արձակը, Ռիլկեի պոեզիան, Էգոն Շիլեի գեղանկարչությունը, Բելա Բարտոկի երաժշտությունը․․․ Շատ են այն անունները, որոնք ձևավորել են իմ արվեստագիտական տիեզերքը։  

- Հայաստանի հետ Ձեր առնչությունները սկիզբ են առել 2004 թվականի՞ն, երբ կանադահայ ռեժիսոր Կարինե Թորոսյանի հետ նկարահանում էիք «Քար, ժամանակ, հպում» ֆիլմը, թե՞ ավելի վաղ։

- Այո՛, հենց Կարինեի միջոցով էլ առաջին անգամ այցելեցի Հայաստան։ Մենք ծանոթացել էինք Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ։ Հետաքրքրվեցի նրա ազգությամբ, կենսագրությամբ։ Արդեն Հայաստանում նրա միջոցով ծանոթացա կինոռեժիսոր եւ կինոգետ Գարեգին Զաքոյանի հետ, եւ հենց այդ ծանոթության արդյունքում էլ ծնվեց Բեռլինում հայկական կինոյի մեկամսյա փառատոն անցկացնելու գաղափարը։ 2004-ից ի վեր Հայաստանի հետ իմ կապը չի ընդհատվել։

- Եթե Հայաստանի ու հայերի մասին ֆիլմ նկարահանեիք, ի՞նչը կդարձնեիք սյուժեի հիմք։

- Ես ֆիլմ կնկարահանեի ոչ թե ընդհանրապես Հայաստանի, այլ Հայաստանում ապրող մարդկանց մասին։ Դժվարանում եմ որոշակիացնել, որովհետեւ սա ինքնաբուխ ծնված ոգեշնչման հարց է եւ ոչ թե տրամաբանված դատողության։ Սակայն կարող եմ որոշակի ասել, որ այդ ֆիլմը կլիներ հայաստանյան կյանքի պայմաններում իր գոյությունը պահպանող մարդկային ճակատագրի մասին։ Արդյունքը կարող է շատ հետաքրքիր լինել, քանի որ նաեւ պատկերային առումով ես այստեղ տեսնում եմ բազմաթիվ վայրեր, որոնք դիտարժան են։

- Ձեր վերջին օպերատորական աշխատանքը Պավել Լունգինի՝ այս տարի նկարահանվող «Եսավ» ֆիլմում է։ Ուրիշ ի՞նչ նախագծերում եք ընդգրկված առաջիկայում։ 

- Ապրիլին Ավստրիայում Բելա Տարրի հետ պիտի նկարահանումներ անցկացնենք Վիեննայի փառատոնային շաբաթվա համար, որի շրջանակներում ցուցադրվում են թատերական, երաժշտական ներկայացումներ, կազմակերպվում են այլ մշակութային միջոցառումներ։ Մենք 40 րոպեանոց ինստալյացիա ենք նկարահանելու, որը մայիսին՝ այդ շաբաթվա ընթացքում, ցուցադրվելու է օրական 3 անգամ։ 

- Ո՞րն է Ձեր նշանաբանը կյանքում եւ կինոյում։

- Ինձ համար ամենակարեւորն իմ ներքին ձայնին հավատարիմ լինելն է։ Հավատարիմ՝ ինքդ քեզ, ճշմարտացի ոչ միայն ինքդ քեզ հետ, այլ նաեւ ուրիշների։ Եվ, իհարկե, արվեստում լինել անկեղծ, որովհետեւ չես կարող քեզ տարանջատել այն արվեստից, որը ստեղծում ես։ 

Զրուցեց սցենարիստ Անուշ Բաբայանը

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ