Ե՛վ Մարտի 1-ի գործը, եւ՛ Հոկտեմբերի 27-ի գործը չեն ավարտվելու դատական ակտերով

Գրեթե մեկ տարվա ընթացքում մեր հանրության տարբեր շերտեր մամուլի, սոցիալական ցանցերի, փողոցային ակցիաների միջոցով կարողացան ձեւակերպել սպասելիքների այն շեմը, որ ունեն թավշյա հեղափոխության արդյունքում ձեւավորված իշխանություններից։ Անկախ Հայաստանում տեղի են ունեցել ՀՀ նախագահի հինգ, ԱԺ-ի վեց ընտրություններ, որոնք ուղեկցվել են բռնություններով, ընտրակեղծիքներով, դատական ատյաններում դրանց լեգիտիմությունը վիճարկելով եւ շոշափելի որեւէ արդյունքի չհասնելով։ Եվ հիմա քաղաքականապես ակտիվ, գրագետ, քաղաքացիական դիրքորոշում ունեցող անհատներ հնչեցնում են տարբեր պահանջներ։ Ոմանք իշխանություններից պահանջում են 1996 թվականից սկսած բացահայտել բոլոր ընտրությունների ընտրակեղծիքները, պատժել մեղավորներին, ոմանք պահանջում են, որ բացահայտվեն տնտեսական չարաշահումները, նախկին պաշտոնյաների թալանածը վերադարձնեն պետբյուջե։
Վերջերս էլ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի՝ 2008թ․ մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակից հետո հնչում են Հոկտեմբերի 27-ը բացահայտելու պահանջներ։ Որքանո՞վ է իրատեսական Հոկտեմբերի 27-ի մասշտաբի ոճրագործության բացահայտումը մեր երկրում, երբ առանց այն էլ մեր իրավապահ մարմինների ուսերին է ծանրացել Մարտի 1-ի, տնտեսական տարաբնույթ հանցագործությունների բացահայտման պատասխանատվությունը։
Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք 1999-2003թթ․ ՀՀ սոցապնախարար Ռազմիկ Մարտիրոսյանի հետ։
-Ես մի ընկեր ունեի, որն ինձ սովորեցնում էր, որ լավ բան է ճշմարտությունը, բայց ճշմարտությունները լինում են տարբեր, եւ ինձ համար արժեքավոր են այն ճշմարտությունները, որոնք ավարտվում են բարությամբ։ Ես այսպես կբնութագրեի այս օրերին տեղի ունեցող գործընթացները։ Ելնելով իմ կարգավիճակից՝ տարիների ընթացքում ձեռք եմ բերել ամենատարբեր տեղեկություններ, այդ թվում նաեւ՝ անձերի վերաբերյալ։ Անկեղծությունն ունի սահմաններ, եւ այդ սահմանները գծվում են բարոյականությամբ։ Անցած քսան տարիների ընթացքում իմ կարգավիճակից ելնելով ձեռք բերված տեղեկատվությունը ես չեմ հրապարակել, այսօր էլ չեմ պատրաստվում հրապարակել։ Դա առանձնապես որեւէ բան չի տալու մեր հասարակությանը։
-Բայց Դուք Հոկտեմբերի 27-ին եղել եք Ազգային ժողովի դահլիճում։
-Այո՛, ես եղել եմ դահլիճում։ Քսան տարի է, ինչ Հոկտեմբերի 27-ն ինձ համար փակ թեմա է։ Ես երբեւէ հրապարակավ չեմ խոսել եւ չեմ պատրաստվում խոսել այդ թեմայով։ Ես ցավ եւ վիրավորանք կապրեմ, եթե Հոկտեմբերի 27-ը մեր օրերում դառնա քաղաքական շահարկման թեմա։ Անկախ Հայաստանի պատմությունը բաժանվում է երկու մասի՝ մինչեւ Հոկտեմբերի 27-ը եւ Հոկտեմբերի 27-ից հետո։ Ես մտածում եմ նաեւ այն սերնդի մասին, որը ձեւավորվել է անկախությունից, Հոկտեմբերի 27-ից հետո։ Ի՞նչ է մտածում նա մեր մասին, երբ նրա մոտ ձեւավորվում է այն մտայնությունը, որ ավագները գողեր են, ավազակներ, անհայրենիք մարդիկ։ Եվ շատ դժվար կլինի այսօրվա սերնդի համար կողմնորոշվելն ու անձերին ճիշտ գնահատելը։
-Իսկ ի՞նչ եք առաջարկում՝ չմատուցվի՞ ճշմարտությունը նոր սերնդին, չիմանա՞ն իրականությունը։
-Այն երիտասարդներին, որոնց շատ են հետաքրքրում այդ ժամանակաշրջանն ու այդ մարդիկ, կարող եմ խորհուրդ տալ, որ չբավարարվեն մեկ անձի հիշողություններով ու պատմություններով, իրադարձություններին ու անձանց նայեն տարբեր տեսանկյուններից, իրենք գտնեն ճշմարտությունը։ Չէ՞ որ, ես ասելու եմ այն, ինչը ես եմ տեսել, եւ նույն փաստը կարելի է տարբեր կողմերից դիտարկել։ Կարծում եմ, որ կգա ժամանակը, երբ նոր սերունդը, ստանալով այդքան հակասական տեղեկություններ Վազգեն Սարգսյանի մասին, կուսումնասիրի եւ կճանաչի նրա կերպարը։ Չէ՞ որ, Վազգենն ինքը բարդ երեւույթ էր, եւ նրան մեկ մասով դիտելն ամբողջական չի լինի։ Ժամանակն ինքը խառնափնթոր էր, հակասական։ Մի կողմից՝ սոցիալիզմին կապիտալիզմին անցման շրջանն էր, մյուս կողմից՝ պատերազմը, երկրաշարժը։ Եվ դրանք բարդագույն խնդիրներ էին դրել հասարակության առջեւ։ Այդ խնդիրները նաեւ իրենց դրոշմն էին դնում անձանց վարքի եւ գործունեության վրա։
-Հոկտեմբերի 27-ին կրկին անդրադարձել են Վազգեն Սարգսյանի մերձավոր շրջապատը ներկայացնող նախկին բարձրաստիճան պաշտոնյաները՝ Գագիկ Ջհանգիրյանը, Անդրանիկ Քոչարյանը, «Հանրապետություն» կուսակցությունից կան արձագանքներ, որ չպետք է Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտումը դարձնել շոու։
Իրավապահ մարմիններն այսօր կարո՞ղ են հետամուտ լինել նման մասշտաբի գործի բացահայտմանը, երբ դեռ ամիսներ առաջ էր վարչապետ Փաշինյանը հայտարարում, որ նրանք աշխատում են օր ու գիշեր, գերծանրաբեռնված։
-Նորից անցյալից մի դրվագ հիշեմ;․ երբ ես մի դատական գործից վրդովված դիմեցի 1995թ․ Սահմանադրության հեղինակ Վլադիմիր Նազարյանին, ինքը ձեռքով թփթփացրեց ուսիս՝ ասելով՝ Ռազմիկ ջան, կա առնվազն երկու ճշմարտություն, մեկն այն է, որ ես ու դու գիտենք, մյուսը, որ ապացուցվում է դատարանում։ Քանի որ այդ իրադարձություններին մասնակցել են բազմաթիվ մարդիկ, նրանցից ամեն մեկը դրանց նայում է իր պրիզմայով։ Որպես պետություն, սակայն, դու պարտավոր ես գնալ իրավական ճանապարհով։ Այսինքն՝ դրանք պետք է ապացուցելի լինեն դատարանում։ Սակայն դա նույնպես բավարար չէ։ Դատարանի որոշումներն էլ պետք է վստահություն առաջացնեն հասարակության մեջ, որպեսզի հասարակությունը չպառակտվի։ Եվ խոսքը տվյալ դեպքում մեր դատական համակարգի մասին չէ։ Ամենավստահելի դատական համակարգն էլ, որն ընդունում է այնպիսի գործերի քննություն, որոնք իրենց բնույթով քաղաքական են, ապա ինչ վճիռ էլ կայացնի, գերխնդիրը մնում է հասարակության վստահությունը այդ վճռի նկատմամբ։ Ե՛վ Մարտի 1-ի գործը, եւ՛ Հոկտեմբերի 27-ի գործը չեն ավարտվելու դատական ակտերով։ Հետեւաբար պետք է ավելի սառնասրտորեն նայել այս խնդիրներին։ Որեւէ մեկի համար չկար կասկած, որ Մարտի 1-ը դառնալու էր քաղաքական խնդիր։
Միայն մենք չէ, որ ունեցել ենք նման խնդիրներ։ Շատ ազգեր, պետություններ են իրենց կայացման ընթացքում ունեցել ավելի բարդ խնդիրներ։ Սակայն իրենց հավաքական իմաստությամբ նրանք կարողացել են անթեղել այդ խնդիրները եւ գնալ առաջ։ Ես կարող եմ բերել Չինաստանի օրինակը․ Մաո Ցզե Դունին փոխարինեց Դեն Սյաոպինը եկավ, նրա շրջապատը պահանջում էր հաշվեհարդար տեսնել Մաոից։ Ի՞նչ է նա պատասխանում։ Նա ասում է՝ անձնապես ես շատ եմ տուժել, խիստ պատահաբար ազատվել եմ գնդակահարությունից, բայց Մաոն պետություն է ներկայացրել, չի կարելի ժողովրդի աչքում վարկաբեկել պետությունը։ Այսօր Չինաստանը դառնում է գերտերություն՝ իր իմաստուն մտածողությամբ։ Այո՛, անցած 30 տարիների ընթացքում մեր երկրում եղել են բազմաթիվ հանցագործություններ, չարաշահումներ։
-Ըստ Ձեզ՝ ո՞ր կետից պետք է սկսել անցումային արդարադատության կիրառումը, երբ կան տարբեր պատկերացումներ։ Մեկն առաջարկում է այն սկսել 1996-ից, մյուսը՝ 1998-ից, երրորդը՝ 2008-ից։ Ի՞նչ սահմանում պետք է գործի անցումային արդարադատության համար, որպեսզի թե՛ դատական համակարգը, թե՛ տնտեսությունը ցնցում չապրեն, չհայտնվեն շոկային վիճակում, միաժամանակ հանրության՝ արդարության սպասելիքներն իրականանան։
-Տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել ընտրակեղծիքների, տնտեսական չարաշահումների։ Հիմա բոլորը պետք է նստե՞ն։ Այսօր հասարակության պահանջներից մեկը տնտեսական չարաշահումների հարցում արդարության հասնելն է։ Որեւէ իշխանություն չի կարող հասնել արդարության, լավագույն դեպքում նրանք կարող են ընտրողաբար առանձին դեպքեր քննել։ Բայց այդ ամենն ամբողջությամբ բացահայտելը որեւէ իշխանության հնարավորություններից դուրս է։
Այսօր կան այլ՝ խորքային խնդիրներ եւս։ Ինչո՞ւ Շուշիի ազատագրման մասին մենք չունենք սիմֆոնիա։ Ինչո՞ւ Մարտի 1-ի մասին չունենք ռեքվիեմ, որ 20-30 տարի հետո տարբեր սերունդները կարողանան միասին լսել այդ երաժշտությունը։
Կարծիքներ