Հակամարտությունն ավարտվեց հուշագրով․ «Այբ»-ի եւ ԿԳՆ-ի միջեւ ստորագրվել է հուշագիր

Հակամարտությունն ավարտվեց հուշագրով․ «Այբ»-ի եւ ԿԳՆ-ի միջեւ ստորագրվել է հուշագիր

«Այբ»-ի եւ ԿԳՆ-ի միջեւ ստորագրվել է հուշագիր, որն ամրագրում է երկու կողմերի՝ «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը շարունակելու եւ այդ ուղղությամբ հնարավոր համագործակցության եզրեր գտնելու շահագրգռությունը։ Այս մասին նշված է «Այբ» կրթական հիմնադրամի ֆեյսբուքյան էջում:

Մասնավորապես նշված է. «Հուշագրում երկու կողմերն էլ փաստում են, որ ձեռնարկելու են իրենց հնարավորությունների սահմաններում բոլոր միջոցները՝ ապահովելու Արարատյան բակալավրիատի միջազգային ճանաչումը եւ ծրագրի շարունակականությունը։

«Այբ»-ի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը լիահույս է, որ կողմերը կկարողանան գտնել համագործակցելու հնարավորություններ եւ որեւէ կերպ չվտանգել ծրագրի շարունակականությունը»:

Հիշեցնենք, որ դեռ մայիս ամսին առճակատում սկսվեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ու «ԱՅԲ»-ի միջև։

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ ԿԳ նախարարը հայտարարեց.«Շարունակում եմ համարել, որ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է»։ Այնուհետեւ նա հրահանգեց Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ անցկացնել:

Նշենք, որ Տեր Մեսրոպը «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիրն ու «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:

Նախարարի առաջին հայտարարությանն արձագանքեց դպրոցի մամուլի ծառայությունը. «Ուզում ենք հավատալ, որ այս հայտարարությունն արված է անբավարար կամ սխալ տեղեկատվության հետևանքով»։ Դպրոցից նշեցին, որ «Այբը» որևէ ձևաչափով երբևէ պետական ֆինանսավորում չի ստացել՝ լինելով շահույթ չհետապնդող կազմակերպություն և ունենալով հիմնադրամի կարգավիճակ։

Այս ամենին հաջորդեցին մի քանի հայտարարություններ թե ԿԳնախարարի, թե «ԱՅԲ»-ի ղեկավարության կողմից: