Տաքսիստի մակարդակ

Տաքսիստի մակարդակ

Regnum-ը, հղելով Նոյան տապանին, փոխանցում է քաղաքագետ Լեւոն Շիրինյանի հայտարարությունը, թե բելառուսները չպետք է մոռանան, իսկ եթե մոռանան, ինքը կհիշեցնի, որ բելառուսական պետականությունը ոչ թե իրենք են հիմնադրել, այլ՝ Ալեքսանդր Մյասնիկյանը, իսկ գահը, որին բազմած է Ղազախստանի նախագահ Նազարբաեւը, հիմնադրել է Լեւոն Միրզոյանը:

Թե ինչու՞ է ռուսաստանյան լրատվամիջոցը հաճույքով տարածասփռել այս մտքերը, դժվար չէ հասկանալ. ինչ-որ մեկին խիստ անհրաժեշտ է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակման հարցում Հայաստանի դիրքորոշումը ներկայացնել որպես «ոչ կառուցողական»՝ հայկական «մեծամտության» դրսեւորում: Լեւոն Շիրինյանի մտավարժանքներն այս իմաստով ուղղակի անգնահատելի նվեր են այն շրջանակներին, որոնք խնդիր ունեն տեղեկատվական ֆոն ստեղծելու, թե ՀԱՊԿ-ի «խնդիրն ինքը՝ Հայաստանն է»:

Իսկ որ Լեւոն Շիրինյանը ցուցաբերել է երեւանյան միջին-վիճակագրական տաքսիստի մակարդակ, ակնհայտ է: Որովհետեւ «ամբողջ աշխարհը պարտք է հայերին» մտակաղապարը կենցաղային հաճույք կարող է պատճառել «ազգի նվիրյալ» քաղքենուն, բայց երբ այդ մասին բարձրաձայնվում է ԱՊՀ տեղեկատվական միջավայրում, դառնում ենք պարզապես ծիծաղելի: Կամ՝ վտանգավոր: Քանի որ բացառված չէ, որ Լեւոն Շիրինյանը մի օր էլ կզարգացնի Մյասնիկյանի թեման եւ կասի, որ նա է կառուցել Մոսկվան: Չէ՞ որ մի կարճ ժամանակահատված Մյասնիկյանը գլխավորել է կուսակցության Մոսկվայի քաղաքային կոմիտեն: Կամ էլ ռուսների երեսով կտա, որ իմպերիայի բարեփոխման նախակարապետը Լորիս-Մելիքովն էր: Կամ վրացիներին «մտերմաբար» կհիշեցնի, որ Թիֆլիսի քաղաքագլուխ հիմնականում հայերն էին ընտրվում:

Հետո՞: Լորիս-Մելիքովը եղել է իմպերիայի զավակ, ծառայել է իր հայրենիքին: Մյասնիկյանն ուղնուծուծով բոլշեւիկ էր, գլխավորել է Բելառուսիան: Նույնը՝ Լեւոն Միրզոյանի պարագայում, մի մարդու, որն, ի դեպ, բավական մեծ ջանք է թափել, որպեսզի Լեռնային Ղարաբաղը մաս կազմի խորհրդայնացված Ադրբեջանին: Ֆեյսբուքում մեկն էլ գրել էր, թե բելառուսներն անշնորհակալ են, նրանց ֆաշիստական գերությունից ազատել է հայազգի գեներալ Հովհաննես Բաղրամյանը: Ասես Բաղրամյանն անկախ Հայաստանից Բելառուսիային օգնության աճապարած էքսպեդիցիոն կորպուսի, ոչ թե ԽՍՀՄ բանակի հրամանատար էր: Բայց ողբերգությունն այն է, որ տաքսիստի մակարդակի քաղաքագետը կուսակցություն է ստեղծել, մասնակցելու է խորհրդարանի արտահերթ ընտրությանը:

Չի բացառվում, որ հաղթահարի հինգ տոկոսի շեմը եւ հայտնվի Ազգային ժողովում, որտեղ անպայման կզբաղվի արտաքին քաղաքականության եւ միջխորհրդարանական կապերի հարցերով: Պատկերացնու՞մ եք բելառուսների կամ ղազախների աչձագանքը, եթե մի օր այդ մարդը ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում հայտնվի Մինսկում կամ Աստանայում: Սա էլ հեղափոխության բերած «օգուտը»՝ տեղից վեր կենողը կուսակցություն է ստեղծում եւ մղվում դեպի Ազգային ժողով, որպեսզի «այլընտրանք» դառնա: Ընտրություն, իբր, կա, մնում է այլընտրանքի հոգսը քաշել...

Հ. Գ. Հայցում եմ երեւանյան բոլոր տաքսիստների ներողամտությունը: