Վճռաբեկը չի ֆիքսել Քոչարյանի անձեռնմխելի լինել-չլինելու հանգամանքը

Վճռաբեկը չի ֆիքսել Քոչարյանի անձեռնմխելի լինել-չլինելու հանգամանքը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ստացել է Վճռաբեկի որոշումն ամբողջությամբ։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպաններից Արամ Օրբելյանը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 16-ին Վճռաբեկը քննում էր 2 բողոք․ պաշտպանական կողմը բողոքարկել էր Վերաքննիչի որոշումը՝ Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով ազատելու վերաբերյալ` նշելով, որ հաշվի չեն առնվել մի շարք այլ կարեւոր հանգամանքներ։ Դատախազությունը եւս բողոքարկում էր Վերաքննիչի որոշումը` պահանջելով, որ այն ամբողջությամբ բեկանվի, եւ ուժի մեջի մտնի Առաջին ատյանի որոշումը՝ կալանքի սանկցիան։

Նշենք՝ Առաջին ատյանը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։ Այս գործով հատուկ կարծիք էր հայտնել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը: Նա գտել է, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ինչպես նաև մեղադրյալի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Ռուբեն Սահակյանի, Հովհաննես Խուդոյանի և Արամ Օրբելյանի՝ ՀՀ նախագահի անձեռնմխելիության վերաբերյալ բողոքների վարույթը անհրաժեշտ է կասեցնել և սահմանադրականության հարցը որոշելու համար դիմել ՍԴ:

Պաշտպանը հակիրճ նշեց՝ հիմնավորման մեջ անդրադարձել են անձեռնմխելիության ինստիտուտին․ «Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանությանն է անդրադարձել, ասում է, որ աձեռնմխելիության ինստիտուտի մասով պատճառաբանված, հիմնավորված չի եւ ավելի հետագա քննարկման առարկա պետք է դառնա։ Այսինքն՝ ինքը ուղղակիորեն չի ֆիքսել, որ անձեռնմխելիություն չկա, չի ֆիքսել, որ անձեռնմխելիություն կա, նշել է բառացի մոտավորապես այսպես․ «Վերաքննիչ դատարանի կողմի քննության առարկա չդարձնելը կալանքի հիմքերի հիմնավորումների հնարավորություն չի տալիս՝ պատճառաբանված որոշում կայացնել անձեռնմխելիության մասով»։

Մոտավորապես այդ կատեգորիաների հիմնավորումներ են։ Հիմա եկող շաբաթ կորոշենք հետագա գործողությունները՝ ի՞նչ ենք անում, ի՞նչ չենք անում, կհասկանանք։ Մեր մասով, հայցը մերժելու հիմքով դրել է այն հանգամանքը, թե, քանի որ դատախազության հայցը բավարարվում է եւ պետք է գնա քննի, չի կարողանում անդրադառնա մեր հայցին»։

Օրբալյանը նաեւ նշեց․ «Դիտարկում ենք նաեւ Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը, ուղղակի ֆորմալ տեսակետից, մասնավոր անձից բողոքով ՍԴ դիմելու վարույթը որոշակի սահմանափակում ունի։ Մի տարբերակ դիտարկում ենք ՝ ՍԴ դիմելու հարցը, չի բացառվում Եվրոդատարանում առկա բողոքի շրջանակում կամ առանձին բողոք ներկայացնելու միջոցով ընդլայնման հարցը։ Կկարողանանք գնահատել մյուս շաբաթ»։

Նա նաեւ նշեց, որ այդ գործով Վերաքննիչի նիստի օրը դեռ հայտնի չէ։ Հուլիսի 27-ին Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել էր, իսկ օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի միջնորդությունն ու վերացրել Առաջին ատյանի որոշումը՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է: Նա ազատ էր արձակվել:

Ռոբերտ Քոչարյանին հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: