Իրավաբանները սկսել են խուսափել դատավոր դառնալու պատասխանատվությունից
Մեզ տեղեկատվություն էր հասել, որ Արդարադատության ակադեմիայում 20 թափուր տեղից ընդամենը 11-ն է զբաղեցվել, ընդ որում՝ 14 դիմորդից մերժվել են 3-ը։ Հիշեցնենք, որ ակադեմիայի շրջանավարտների անունները ներառվում են դատավորների առաջխաղացման ցուցակներում, եւ նրանք հետագայում դատավոր են նշանակվում։ Ակադեմիան չավարտած անձը դատավոր դառնալու հնարավորություն չունի։ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Առաքելյանի հետ խոսեցինք ապագա դատավորների ուսումնառության եւ համակարգի խնդիրների մասին՝ նախ հետաքրքրվելով, թե քանի թափուր տեղ կա։
«Թափուր տեղերը մենք չենք որոշում, մենք ընդունելության հետ գրեթե կապ չունենք, համապատասխան պետական կառույցներն իրենք են ընտրում իրենց ապագա աշխատողներին, դատական համակարգը իրենն է ընտրում համապատասխան օրենքով սահմանված մեխանիզմներով, դատախազությունը, Քննչական կոմիտեն՝ իրենցը։ Մենք զբաղվում ենք ոչ միայն գործողների վերապատրաստմամբ, այլեւ հավակնորդների մասնագիտական պատրաստմամբ։ Այդ մասնագիտական պատրաստման շրջանակներում պետական լիազոր մարմիններն իրենք են ընտրում իրենց կադրերին, բայց այնպես չէ, որ մենք ընդհանրապես առնչություն չունենք ընդունելության հետ։ Մասնավորապես «Դատախազության մասին» օրենքի կարգավորմամբ՝ ակադեմիայի ռեկտորը միակ սուբյեկտն է, որ պարտադիր ընդգրկվում է համապատասխան հանձնաժողովի կազմում, մյուսներին հաստատում է Գլխավոր դատախազությունը, որը եւ իրականացնում է ապագա դատախազների ընտրությունը։ Թափուր տեղերի քանակը որոշում են հենց կառույցները, վերլուծելով, ուսումնասիրելով, քննարկելով՝ իրենք ընտրում են մոտավորապես այնպիսի քանակ, ովքեր մոտ ապագայում պետք է որ համալրեն իրենց շարքերը։
Դատավորների 53 թափուր տեղ կար, այսինքն՝ 53 հոգի կարող էր ընդունվել ակադեմիա՝ ուսումնառություն անցնելու, որպեսզի ուսումնառությունն ավարտելուց հետո մտներ դատավորների թեկնածուների ցուցակ եւ այդ ցուցակից կարողանար նշանակվել։ Բայց առաջին փուլը հաղթահարել է ընդամենը, եթե չեմ սխալվում, 18 հոգի։ Քրեաիրավական մասնագիտացմամբ 19 տեղ կար, դիմել էին ընդամենը 23-ը։ Այդպիսի բան դեռ չէր եղել, որ գոնե մի տեղի համար 2 դիմորդ չլինի։ Սա վկայում է տարեցտարի համապատասխան մասնագիտությունների, պաշտոնների նկատմամբ հետաքրքրության նվազման մասին՝ իր բոլոր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններով պայմանավորված։ Հիմա այս 53 տեղում, ըստ մասնագիտացումների՝ քրեաիրավական, քաղաքացիաիրավական եւ վարչաիրավական, ընդունելություն են իրականացնում։ Անցած տարի ընդամենը քրեաիրավականով եւ քաղաքացիաիրավականով էր ընդունելություն եղել, այս տարի արդեն հաշվարկել են, որ մոտ ապագայում թափուր տեղեր են առաջանալու դատական համակարգում։ Հաշվի են առնում մոտ ապագայում, ասենք, կենսաթոշակային տարիքի հասածների թոշակի գնալու հետ կապված գործոնը, բազմաթիվ այլ գործոններ, կան մարդիկ, ովքեր դիմում են գրել եւ սպասում են։ Այդ գործոնները հաշվի առնելով՝ որոշում են, թե քանի տեղով ընդունելություն իրականացնել։ Եթե մենք այդ տրամաբանությանը հետեւենք, անհրաժեշտություն է առաջանալու դատավորների թեկնածուների հավակնորդների լրացուցիչ մրցույթ անցկացնել, եւ օրենքով կարգավորվում է, թե ինչ տարբերակներով է անցկացվում։ Բայց քանի որ այդ 53-ից ընդամենը 18-ն են անցնելու՝ բոլոր մասնագիտացումներն իրար հետ վերցրած, դա նշանակում է, որ մնացած ամբողջ ծավալը լուրջ խնդիր է առաջացնելու, եւ գուցե անհրաժեշտություն առաջանա լրացուցիչ որակավորման ստուգում անցկացնելու։
- Ըստ ԲԴԽ-ի տրամադրած թվերի, Արդարադատության ակադեմիայում ուսանելու համար կազմակերպված քննությանը մասնակցած 72 անձանցից առաջին փուլը հաղթահարել են ընդամենը 24-ը։ Ձեր գնահատմամբ, խնդիրը ո՞րն է՝ քննությո՞ւնն է բարդացել, թե՞ դիմորդների գիտելիքները չեն բավարարել։
- Խոսքն առաջին փուլի մասին է, որին մենք մեր անմիջական մասնակցությունն ունենք։ Բացատրեմ մեր մասնակցությունը ընդունելությանը։ Արդեն տարիներ շարունակ՝ ակադեմիայի գոյության հենց սկզբից, ամեն տարի, երբ մրցույթը հայտարարվում է, ԲԴԽ-ն կա՛մ ընտրում է առանձին համապատասխան մասնագետների, ովքեր քննական հանձնարարություններն են պատրաստում, կա՛մ մասնագիտացված կառույց։ Ավանդաբար արդեն մի քանի տարի ակադեմիան է ընտրվում որպես այդպիսի մասնագիտացված կառույց։ Եթե ասենք՝ ավելի բարդացվել է քննական հանձնարարությունների կազմման առումով՝ ոչ, ես նույնիսկ կասեի, որ նախորդ տարիներին հանձնարարությունները գուցե ավելի բարդ էին։ Բայց այստեղ կա մի գործոն, որը, կարծում եմ, նշանակություն ունեցել է։ Մասնավորապես, համապատասխան օրենսդրական փոփոխությունների արդյունքում, երբ որպես պարտադիր պայման ոչ միայն տարիքը դրվեց՝ 28 տարեկանը, այլեւ լրացուցիչ չափանիշ սահմանվեց, որ պիտի ավարտած լինեն նաեւ մագիստրատուրան, ընդ որում, թե՛ բակալավրիատը, թե՛ մագիստրատուրան պիտի ավարտած լինեն իրավաբանի որակավորմամբ։ Այսինքն՝ եթե բակալավրիատն ավարտել է միջազգայնագետի որակավորմամբ, մագիստրատուրան՝ իրավաբանի, չի կարող դիմել դատավոր դառնալու համար։ Իմ ունեցած տեղեկատվությամբ՝ դատավորների բազմաթիվ օգնականներ կան, որովհետեւ հիմնական դիմորդների եւ անցնողների թիվը կազմում են դատավորի օգնականները, ովքեր գուցե ավելի լավ են պատկերացնում գործը եւ ավելի հաջող են անցնում այդ քննական փուլերը։ Բազմաթիվ նման ցանկություն ունեցողներ կան, ովքեր, չունենալով մագիստրոսի որակավորում, չեն կարող մասնակցել մրցույթին։ Եվ ես գիտեմ, որ շատերն այս տարի դիմել են մագիստրատուրա ընդունվելու համար եւ արդեն ուսումնառությունը սկսել են։ Սա խնդիր է, որը, կարծում եմ, ազդել է, որովհետեւ եթե այս լրացուցիչ չափանիշը սահմանված չլիներ, գուցե ավելի շատ դիմորդներ կլինեին։ Իմ կարծիքով՝ ճիշտ չափանիշ է սահմանված, կարծում եմ, որ իրոք դատավորի թեկնածու դառնալու համար այդ չափանիշները, որոնք սահմանվել են, այն նվազագույն պահանջներն են, որոնք պետք են ապագայում դատավոր աշխատելու համար։ Բացի այդ, կարծում եմ, որ ցանկացողների թիվն է պակասում, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ավելի լավ են սկսել գիտակցել դատավորի աշխատանքի կարեւորությունը, նշանակությունը, ծանրաբեռնվածությունը եւ պատասխանատվությունը։ Քչերն են, որ ցանկանում են այդ ծանր բեռն իրենց վրա կրել։ Ինձ թվում է, որ շատերն են սկսել գիտակցել, որ այստեղ եթե ինչ-որ մեկի մտքով կարող է անցնել, որ անցնելով դատավորի աշխատանքի՝ կարող է այլ եկամուտներով իր բարեկեցությունն ապահովել, ապա արդեն զգում են, որ նման մտադրությամբ դիմելը գուցեեւ արդարացված չէ։ Կան մարդիկ, ովքեր վախենում են այդ պատասխանատվությունից։ Դատախազի ու քննիչի թեկնածուների պարագայում էլ շատերը կարճ ժամանակ աշխատելուց հետո հրաժարվում են աշխատանքից։ Սա կարող է վկայել այն մասին, որ իրենք մինչեւ բուն աշխատանքին անցնելը չեն պատկերացրել ծանրությունը։
- Հայաստանում յուրաքանչյուր 100 հազար մարդուն, ըստ ԲԴԽ-ի թվերի, բաժին է ընկնում 8 դատավոր, որոշ դատավորների վարույթում հազարից ավելի գործ կա։ Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս կարելի է դատավորների ծանրաբեռնվածությունը նվազեցնել եւ այդ աշխատանքն առավել գրավիչ դարձնել։
- Այդ առումով վիճակը, իսկապես, բարվոք չէ։ Եթե զարգացած կամ զարգացող երկրների մակարդակով վերցնենք, ապա վերջին տեղերում ենք, որովհետեւ այդ երկրներում շատ ավելի մեծ թիվ է կազմում՝ միջինը 15-ից ավելի, հաճախ 22 եւ ավելի։ Դատավորների թիվն ավելացնելը շատ կարեւոր է, բայց մեր երկրում ցանկացած նման նախաձեռնություն ուղղակի առնչվում է պետական բյուջեի հնարավորություններին։ Որովհետեւ դատավորներն այսօր մեր հանրապետությունում հնարավորինս բարձր վարձատրվող պաշտոնյաներն են։ Թիվն ավելացնելը, ըստ իս, անհրաժեշտություն է, բայց այլ տարբերակներ եւս կան՝ բեռնաթափելը։ Զանազան եւ տարատեսակ գործեր կան, որոնք կարող են եւ դատարան չհասնել, ընդ որում՝ դրանք լուրջ ծախսեր են ենթադրում։ Հնարավոր է ե՛ւ բեռնաթափել դատարանները, ինչը շատ կարեւոր է, ե՛ւ պետք է փորձել նման տեխնիկական հարցերին այնպիսի լուծումներ տալ, որ խնայողություններ լինեն, որոնք կարելի է ուղղել դատական համակարգն ավելի ընդլայնելուն։
- Հեղափոխությունից հետո Հայաստանի դատական իշխանության համար, կարելի է ասել, լուրջ փորձություններ եղան, միմյանց հաջորդեցին մեկը մյուսից աղմկահարույց գործեր։ Այդ գործերի քննություններն ակադեմիայի կողմից ուսումնասիրվո՞ւմ են, դառնո՞ւմ են ուսումնառության նյութ։
- Աղմկահարույց գործեր բազմիցս եղել են։ Մենք ուսումնառության նյութ կոնկրետ գործ՝ անուններ չտալով, դարձնում ենք այնքանով, որ ներկայացնում ենք խնդիր եւ քննարկում։ Մենք անում ենք ամեն ինչ, որ մեր ունկնդիրներն այստեղ լինեն հնարավորինս անկաշկանդ։ Բայց այստեղ խնդիր ունենք, որ դատավորն անկախ լինի իր կողմից երբեւէ արտահայտած կարծիքից։ Դժվար է իրենց հնարավորինս անկաշկանդ քննարկման ներգրավելը, փորձեր, իհարկե, անում ենք։
Կարծիքներ