Ոստիկանությունը Նարեկ Սարգսյանը տեղը չգիտի՞

Ոստիկանությունը Նարեկ Սարգսյանը տեղը չգիտի՞

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ամիսներ առաջ հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, որը գտնվում է հետախուզման մեջ, իրենց տեսադաշտում է։ Դրանից որոշ ժամանակ անց էլ հայտարարեցին, թե նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չունեն։ Ուստի այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հարց հնչեց Օսիպյանին՝ ո՞ւմ թերությունն էր, որ Սարգսյանի որդին կորավ ոստիկանության տեսադաշտից։

«Ես հիմա էլ եմ հայտարարում՝ շուտ, թե ուշ ինքը հայտնաբերվելու է։ Վստահեցնում եմ ձեզ, մոտավոր չեմ կարող ասել, հանգամանքներ կան, ես ուղղակի ինձ թույլ չեմ տալիս դա հրապարակային մեկնաբանել»,-ասաց պարոն Օսիպյանը։

Նրա խոսքով՝ այս պահին համապատասխան աշխատանքներ են կատարվում, Ինտերպոլի անդամ պետությունների հետ համատեղ իրականացվում են որոնողական աշխատանքներ։ «Կարծում եմ՝ կտա իր դրական արդյունքը»,-ասաց ոստիկանապետը։

Hraparak.am-ի հարցին՝ Նարեկ Սարգսյանի տեղը գիտե՞ն, Օսիպյանը հրաժարվեց պատասխանել այդ հարցին։ Փորձեցինք ճշտել՝ մեր հարցն է, դրա՞ համար է հրաժարվում պատասխանել, թե՞ կոնկրետ այդ հարցին չի ուզում պատասխանել, ինչին ի պատասխան՝ ոստիկանապետն ասաց․ «Իսկ կլինի՞ ես չասեմ, իրավիճակից ելնելով՝ չպատասխանեմ, լա՞վ»։

Այդպես էլ չհասկացանք՝ ոստիկանությունը չգիտի՞ Նարեկ Սարագսյանի տեղը, որ չի կարողանում վստահ ասել, թե՞ գիտի, բայց չի կարողանում նրան բռնել։ Իսկ եթե գիտի, ինչու են մինչև հիմա Ինտերպոլով փնտրում ու ինչու չեն կարողանում հայտնաբերել նրան ու բերել Հայաստան։