Կիեւյան Եվրամայդանից մինչեւ Հայկական «թավշյա հեղափոխություն»

Կիեւյան Եվրամայդանից մինչեւ Հայկական «թավշյա հեղափոխություն»

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 21-ին լրանում է Ուկրաինայի Եվրամայդանի կամ ինչպես ուկրաինացիներն են սիրում ասել՝ Արժանապատվության հեղափոխության հերթական տարեդարձը։ Թե ինչ շահեց Ուկրաինան եւ ինչ կորցրեց, հիմա դժվար է ասել, սակայն պարզ է, որ հետսովետական տարածքում այդ հեղափոխությունը բավականին մեծ ազդեցություն ունեցավ եւ շատերին զգաստացրեց։ Նման զգաստացումը հատկապես զգացվում է այն երկրներում եւ այն հասարակություններում, որտեղ տասնամյակներով իշխանությունները մնում են  նույնը, ինչպես եւ ունեցած խնդիրների մեծամասնությունը։ Ադրբեջանը նմանատիպ երկրներից մեկն է եւ պատահական չէ, որ Եվրամայդանի տարեդարձի օրը ադրբեջանական մամուլում այս թեմայով եղած հրապարակումները հիմնականում փորձում են ուկրաինական հեղափոխությունը ներկայացնել բացասական լույսի տակ։  Ընդ որում, այս գործը ադրբեջանական մեդիան իրականացրեց երեկ հիմնականում ռուս եւ բելառուս քաղաքագետների օգնությամբ։ OXU.az լրատվական կայքն իր անդրադարձը սկսել է չոր տնտեսական հաշվարկներ ներկայացնելով եւ հատկապես շեշտել է, որ կարգախոսները մնացել են որպես կարգախոսներ, դոլարը 8 գրիվնիից թանկացել ու հասել է 28 գրիվնիի, գազը թանկացել է 10 անգամ, իսկ երկիրն էլ զարգացած ինդուստրիալ երկրից դարձել է ագրարային երկիր։ Այս պարբերականի հետ զրույցում էլ բելառուս քաղաքագետ Պյոտր Պետրովսկին ասել է, որ ուկրաինական իրադարձությունները դարձել են պատվաստում բելառուսական հասարակության համար, ու ուկրաինական օրինակով հասկանալով, թե ինչեր կարող են տեղի ունենալ իրենց երկրում, բելառուսները կտրուկ մերժում են իշխանությունների փոփոխությունը հեղափոխական եղանակով։ Պարբերականի մեկ այլ զրուցակից՝ ուկրաինացի քաղաքագետ Նատալյա Բելոուսն էլ կարծում է, որ հեղափոխությունը կտրուկ, արմատական եւ խորը, որակական փոփոխություն է, թռիչք հասարակության զարգացման մեջ։ «Մարդիկ հենց նման թռիչքի էին սպասում, երբ գիշերը մնում էին բաց երկնքի տակ Մայդանում, հինգ տարի առաջ։ Մարդիկ հույս ունեին, որ կլինի հրաշք եւ Ուկրաինան կդառնա ԵՄ անդամ, ինչպես խոստանում էին քաղաքական գործիչները, ովքեր ղեկավարում էին բողոքի ակցիաները»։ Բելոուսը նաեւ նշում է, որ դեռ այն ժամանակվանից էր հայտնի, որ դա չի էլ լինելու։ «Երկրի ոչ տնտեսական, ոչ քաղաքական մշակույթի, ոչ հասարակության մակարդակը պատրաստ չէր Արեւմուտքին ինտեգրվելու։ Ի վերջո, 6 տարեկան երեխան չի կարող համալսարան դիմել եւ նախ դպրոցը պետք է ավարտի։ Նույնը վերաբերում է նաեւ պետության զարգացմանը»։ Ուժի կիրառումն ընդդեմ ցուցարարների, քաղաքագետը համարում է լուրջ սխալ եւ գտնում, որ այն ժամանակվա նախագահ Վիկտոր Յանուկովիչը մինչեւ վերջ պետք է փորձեր ապացուցել ժողովրդին, որ ինքն ու իր թիմը ժողովրդի հետ են ու միասին կառուցելու են երկիրը։ «Մեր իշխանությունները այդպես էլ ժողովրդի հետ շփվել չեն սովորել։ Եթե խոսենք Եվրամայդանի հետեւանքների մասին, ապա ունենք տնտեսական անկում եւ քաղաքական ճգնաժամ։ Սրան ավելացրած հսկայական արտագաղթը։ Ուկրաինայի բնակչությունը 45 միլիոնից նվազել ու հասել է 30 միլիոնի։ Երկիրն ունեցել է տարածքային լուրջ կորուստներ՝ 603․6 հազ քառ կմ-ից դարձել է 576 հազ․ քառ կմ։ Ազգային արժույթը կտրուկ էժանացել է դոլարի հանդեպ՝ 8 գրիվնիից հասնելով 28 գրիվնիի 1 դոլարի դիմաց։ Երկրում կա 8 միլիոն աշխատանքային միգրանտ եւ 2 միլիոն փախստական կապված Դոնբասի հակամարտության հետ։ Ավելի քան 10 հազար զոհ էլ Դոնբասում ունենք»։ Նատալյա Բելոուսը անդրադարձել է նաեւ պետական կառավարման համակարգի կադրային խնդիրներին, գրեթե ամենօրյա կոռուպցիոն սկանդալներին ու բացահայտումներին, լրագրողների եւ քաղաքացիական ակտիվիստների դեպ իրականացված հետապնդումներին եւ եզրակացրել, որ այն դեպքում, երբ մինչ Մայդանը Ուկրաինան Global Wealth Report-ի տվյալների համաձայն աշխարհի ամենահարուստ պետություններից մեկն էր, այսօր պարզից պարզ էլ երեւում է, որ աղքատ ու քայքայվող պետություն է դարձել եւ արդեն ակնհայտ է, որ ուկրաինացիները անկախ պետություն կառուցել չեն սովորել, թեեւ ժողովուրդը խաղաղասեր ու աշխատասեր է։ Հետաքրքիր է հատկապես ուկրաինացի մասնագետի անդրադարձը Հայաստանում գարնանը տեղի ունեցած «թավշյա հեղափոխությանը»։ «Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա զանգվածային բողոքի ցույցերն այնտեղ պարզապես դեմոկրատիայի իմիտացիա էր։ Ժողովուրդը պարզապես հոգնել էր իր նախագահ Սերժ Սարգսյանից, ով հետո դարձավ վարչապետ, եւ այդ դժգոհությունից ու հոգնածությունից վարպետորեն օգտվեց Նիկոլ Փաշինյանը, իր շուրջը միավորելով բողոքավորների երփներանգ ամբոխին։ Նա եկավ իշխանության եւ նրա «Իմ քայլը» դաշինքն անխոս հաղթելու է արտահերթ պառլամենտական ընտրություններում, քանի որ Փաշինյանի վստահության քվեն դեռեւս շատ բարձր է եւ դրա համար է նա այդքան շտապում՝ ընտրական գործընթացը երեքշաբաթյա ֆարսի վերածելով»,- նշել է Բելոուսը, հավաստիացնելով, որ հաջորդ տարի Փաշինյանի վարկանիշը այդքան բարձր հաստատ չի լինի։ «Ուկրաինայում այդ ամենի միջով մենք արդեն անցել ենք։ Հայաստանի նոր իշխանությունները նախընտրում են զբաղվել պոպուլիզմով։ Ինչ անուն տաս ռուսական «Գազպրոմի» հայկական դստեր վրա իրականացված արշավներին, որոնք հայաստանյան հասարակության մոտ արժանացան հավանության։ Սակայն շուտով ձմեռ է եւ Հայաստանում գազի թանկացումներ եւ նույնիսկ դեֆիցիտ է հնարավոր։ Երբ տունդ ցուրտ է, ապա իշխանություններին աջակցելու ցանկությունդ էլ սկսում է սառչել»։ Անդրադառնալով Հայաստանի աշխարհաքաղաքական մարտահրավերներին՝ Նատալյա Բելոուսը ասել է, որ «հայկական կեղծ-մայդանը» երկիրը ավելի է թուլացրել։