Գրել և խոսել Հայաստանում

Գրել և խոսել Հայաստանում

Գրական կամուրջներին միշտ էլ թերահավատորեն եմ վերաբերվել, բացառապես մի դեպքում՝ երբ այն կողմում վերստին քննության առարկան գրականությունն է, գրելու արվեստը, դրանից բխող այլեւայլ խնդիրներն ու գործընթացները:

Ուկրաինայի, Թուրքիայի, Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի երիտասարդ ստեղծագործողների համար նոյեմբերի 11-20-ը Դիլիջանում անցկացված ստեղծագործական գրության հմտությունների զարգացման ճամբարից հետո ընկալումներս մասնակիորեն փոխվեցին: Ճամբարը կազմակերպվել էր «ARI Literature Foundation»-ի եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան համագործակցությամբ: Ճամբարի ծրագրի հիմքում Այովայի համալսարանի «Between the Lines» ծրագիրն է:

Այովայում «Between the Lines»-ը շատ կարեւոր, բովանդակային ծրագիր է՝ միջազգային ծրագիր, որը տարբեր երկրներում ստեղծագործող հեղինակների, մտածողների, գրականության տեսաբանների, ուսուցիչների ու քննադատների համար ընթերցանության, խոհերի ու մոտեցումների փոխանակման հարթակ է տրամադրում, ապահովում է տարատեսակ խնդիրների շուրջ քննարկումներ ծավալելու, առհասարակ՝ «խոսելու» հնարավորություն:

Ահա, «Between the Lines»-ի փորձառությունը կիրառվեց նաեւ Հայաստանում, կոնֆլիկտներ ունեցող երկրների երիտասարդ ստեղծագործողների համար (որոնք փորձում են պատմվածքներ, բանաստեղծություններ, սցենարներ գրել), Հայաստանը դարձավ գրելու, գրականության միջով «խոսել» սկսելու հարմարավետ տարածքը, այն մեկնարկելու շարժառիթը:

Թուրք եւ հայ, ուկրաինացի ռուս եւ վրացի երիտասարդ գրողները նստեցին «գրականության սեղանի» շուրջ եւ, իհարկե, խոսեցին իրենց երկրների միջեւ առկա դժվարին ու տեւական կոնֆլիկտային փոխհարաբերությունների շուրջ, խոսեցին կոնֆլիկտից ներազդված, իրենց երկրներում ներկայումս ստեղծվող գրականության եւ գրական գործընթացների մասին, նաեւ ընդգծված քարոզչական մեքենայի մանիպուլյացիաների հետեւանքներից, թե որքան շինծու ու իրականությունը խեղող կարող են լինել քաղաքական այս կամ այն կլիշեներն ու հետապնդվող գաղափարները:

Երիտասարդ գրողների հետ ստեղծարար աշխատարաններ ունեցան ուկրաինացի արձակագիր Լյուբկո Դերեշը (2015 թվականին Դերեշի «Խաղարարը» վիպակների ժողովածուն լույս տեսավ Երեւանում, Անուշավան Մեսրոպյանի թարգմանությամբ, «Անտարես» հրատարակչությունում), ռուս արձակագիր, գրաքննադատ Ալիսա Գանիեւան, որի երկրորդ այցելությունն էր Հայաստան (2014 թվականին մասնակցել է Հայաստանում անցկացվող «Գրական տապան» միջազգային փառատոնին), վրացական գրականության ճանաչված հեղինակներից Դավիթ (Դաթո) Տուրաշվիլին (2014 թվականին նրա «Ջինսի սերունդը» վեպը լույս է տեսել հայերեն, թարգմանությունը՝ Էսմերալդա Երիցյանի, հրատարակիչ՝ «Անտարես մեդիա հոլդինգ»), թուրք արձակագիր, բազմաթիվ լեզուներով թարգմանված Ասլի Փերկերը, հայ արձակագիր Արմեն Օհանյանը եւ ԱՄՆ-ից ժամանած՝ Այովայի «Between the Lines» ծրագրի մասնակից-հեղինակ Քեթի Փրութը:

Երիտասարդ գրողներին հնարավորություն ընձեռվեց հենց ընթացիկ օրերին էլ գրել եւ ստեղծագործությունները տեղադրել http://writeinarmenia.org կայքում, ապա դրանց շուրջ ծավալել քննարկումներ, միմյանց հետ կիսվել մեկնաբանումներով: «ARI Literature Foundation» թիմի հմուտ աշխատանքի շնորհիվ Դիլիջանում անցկացված ինտենսիվ ու կարեւոր այս օրերն իսկապես լավ արդյունքներ տվեցին, եւ ապագայում էլ Հայաստանն անպայման բարդ, վիճահարույց եւ սուր կոնֆլիկտների շուրջ խոսակցություն սկսելու նպաստավոր հարթակ պիտի լինի: