Մեկը առաջին արագաչափն է սկոտչել, մյուսը կարծում է, որ դրա ժամանակն անցել է

Մեկը առաջին արագաչափն է սկոտչել, մյուսը կարծում է, որ դրա ժամանակն անցել է

Միասնական մամուլի ասուլիսով երեկ հանդես եկան «Մենք» դաշինքի թեկնածու Անուշ Լալայանը, ՕԵԿ ցուցակի 2-րդ համար Մհեր Շահգելդյանն ու ՔՊ թեկնածու, հաղորդավար Լուսինե Բադալյանը։ Յուրաքանչյուրին մեկական հարց ուղղեցինք։ Մհեր Շահգելդյանին հարցրինք՝ ովքե՞ր են իրենց էլեկտորատը, նկատի ունենալով, որ Երեւանի ընտրություններում չհաղթահարեցին նվազագույն շեմը, հեղափոխությանը կողմ քաղաքացիները ձայն կտան Փաշինյանին, Փաշինյանից դժգոհները՝ ՀՀԿ-ին․ ո՞ւմ հույսով է ՕԵԿ-ը գնում ընտրությունների։ «Այո, մենք մասնակցեցինք Երեւանի ավագանու ընտրություններին, եւ եթե Դուք ուշադրություն դարձրեցիք, ապա շեմը հաղթահարեցին միայն 2 կուսակցություններ։ Մենք 5-րդ տեղում էինք եւ եթե հաշվենք, որ ՔՊ-ն բացարձակ մեծամասնություն էր, ապա մենք, ըստ էության, 4-րդ տեղով էինք գնում։ Մեզ ձայն են տալու ոչ միայն կուսակիցները, այլեւ բազմաթիվ համակիրներ, մարդիկ, որոնք մեր մեջ տեսնում են փոփոխություններ անելու հնարավորությունները, իսկ այդ մարդիկ միջին խավն են»։ Բայց Հայաստանում կա՞ միջին խավ, չէ՞ որ ՀՀԿ-ի տարիներին ընդդիմությունն ասում էր, որ Հայաստանում միջին խավ չի ձեւավորվել, կան ծայրահեղ հարուստներ եւ աղքատներ։

«Ցավոք սրտի, շատ ճիշտ հարց եք բարձրացնում, վերջին 5-6 տարիների ընթացքում միջին խավի քանակը սկսում է պակասել, բայց այդ միջին խավը կա, եւ մեր խնդիրը լինելու է, որ այդ մարդիկ շատ լինեն, որովհետեւ դա է մեր երկրի կայունությունը։ Մեզ ձայն են տալու այն մարդիկ, ովքեր մեր արտաքին քաղաքական մոտեցումներին աջակցում են, բայց թե ինչպիսի որոշում կլինի, որոշումը կընդունի ժողովուրդը, սա է, եւ սա ամենաճիշտ մոտեցումն է»։ «Մենք»-ի թեկնածու, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Անուշ Լալայանին հարցրինք, թե ԱԴ-ն ինչով է աջակցել հեղափոխությանը, քանի որ նա մեղադրում էր ՕԵԿ-ին, թե չեն աջակցել համաժողովրդական շարժմանը։

Արդյոք իրենց աջակցությունն արտահայտվեց Ֆրանսիայի հրապարակում Քոքոբելյանի ներկայությա՞մբ, եւ ի՞նչ է նշանակում աջակցել, Փաշինյանի կողքին իրենց ելույթ ունենալիս չենք տեսել, ոչ էլ ԱԺ ուժ են եղել, որ Փաշինյանին կողմ քվեարկեին։ «Հիմա հետաքրքիր տենդենց կա, որ ցանկացած ուժ հայտարարում է, որ իրենք աջակցել են հեղափոխությանը եւ այլն։ Ինչ վերաբերում է մեր մասնակցությանը, ապա, իմ կարծիքով, ես՝ Անուշ Լալայանս, չպետք է խոսեմ, թե ինչպիսի մասնակցություն եմ ունեցել։ Ես փակել եմ առաջին արագաչափը, ես նախքան պարոն Փաշինյանի՝ քաղաք գալը փողոց եմ փակել ու մարդկանց հրավիրել հրապարակ, ես քնել եմ Ֆրանսիայի հրապարակում, ու եղել են մեր կուսակիցները, բայց դա մեզ համար ինքնանպատակ չի եղել, որ մենք ցույց տանք, որ մասնակցել ենք, այդ ամբողջը հանրայնացնենք, մենք դա արել ենք մեր ժողովրդի համար։ ՔՊ թեկնածու Լուսինե Բադալյանը նշեց, որ արդեն հաղթահարվել է այն փուլը, որ հեղափոխությանը մասնակցություն ունենալը համարվում է առավելություն՝ քաղաքական դաշտ մտնելու համար։ Նրան հարցրինք․ այդ դեպքում ինչո՞ւ է ՔՊ թեկնածուների կենսագրության մեջ գրվում՝ «ակտիվորեն մասնակցել է հեղափոխությանը»․ «Ես չեմ ասում՝ ՔՊ-ն է հաղթահարել, ես ասում եմ՝ ժամանակն է արդեն, հաղթահարվել է այդ փուլը, այսինքն՝ միայն հեղափոխությանը մասնակից լինելը բավարար չէ, պետք է լինեն գիտելիքներ եւ ինչ-որ բան փոխելու քաղաքական կամք»։ Իսկ ովքե՞ր են ԱԺ-ում իրենց օրենք գրողներն ու ելույթ ունեցողները լինելու, ովքե՞ր են ապահովելու նոր խորհրդարանի «գույները»։ «Ցուցակը շատ մեծ է, 200 հոգուց բաղկացած, կուսակցությունը հաշվի է առել, թե ով կարող է կառավարությանն ու երկրի ընդհանուր զարգացվածությանն օգուտ տալ, համենայնդեպս, տեսել են պոտենցիալ, եւ դա վարչության անդամների որոշումն է»։