Գործարարների կյանքում բան չի փոխվել, հուսով ենք՝ կփոխվի

Գործարարների կյանքում բան չի փոխվել, հուսով ենք՝ կփոխվի

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը Բաղրամյան 26-ում հանդիպել են Հայաստանի գործարարների հետ։ Հանդիպումն անցկացվել է «Բիզնես միջավայր եւ ներդրումներ. մարտահրավերներ եւ լուծումներ» խորագրով, որտեղ ելույթ ունենալով՝ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող գործընթացներին եւ տնտեսական զարգացման հեռանկարներին: Ներկաների թվում նկատեցինք գործարարներ Խաչատուր Սուքիասյանին, Հովհաննես Մուսայելյանին, Արսեն Ղազարյանին, անգամ տիկին Ռոզա Ծառուկյանն էր ներկա եւ, որ ավելի տարօրինակ էր՝ Վալերի Մեջլումյանը։ Այնտեղ էր նաեւ Երեւանի ավագանու նախկին անդամ, ՀՀԿ-ական, փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը։ Նա 21 տարի է՝ այդ միության նախագահն է, նաեւ արդյունաբերողների միության խորհրդի անդամ եւ միշտ նման հանդիպումների մասնակցելու հրավեր է ստանում՝ որպես գործարար։ Մենք հետաքրքրվեցինք՝ ընտրություններին մասնակցո՞ւմ է, կա՞ որեւէ նախընտրական ցուցակում։ Պարզվեց՝ ոչ։ «Էդպես որոշեցի էս անգամ, որոշեցի, որ մի քիչ կարելի է հանգստանալ»,- ասաց նա։

- Տիկին Նահապետյան, ինչպե՞ս եք գնահատում վարչապետի ելույթը, առաջ քաշած թեզերը։

- Վարչապետի ելույթն ավելի շատ ուղղված էր քաղաքականությանը, տնտեսության զարգացմանը եւ, ամենակարեւորը՝ բարեգործություն, քաղաքականություն եւ գործարարություն՝ էսպես իրար հետ։

- Ի՞նչ պետք է լինի, իրար հետ պետք է սերտաճեն, զուգահե՞ռ զարգանան, թե՞ պետք է տարանջատվեն։

- Չէ, պետք է զուգահեռ զարգանան։ Ինձ շատ դուր եկավ, որ գնահատվեց գործարարի ընդհանրապես իմիջը, այսպես ասած, որ Հայաստանում պետք է գնահատվի այդ իմիջը։ Եթե դա իսկապես էդպես լինի, շատ ողջունելի կլինի։

- Սերժ Սարգսյանի օրոք չէ՞ր գնահատվում։

- Չէ, տենց չէ, գնահատվում էր… այսինքն՝ գնահատվի այնպես, որ գործարարը միայն նրա համար չէ, որ հարկ վճարի, գործարարը նրա համար է, որ կարողանա տնտեսություն զարգացնել։ Եվ ես կարծում եմ, որ շատ հանգիստ, շատ լավ զեկույց էր։

- Ի դեպ, նախկինում գործարարների ռեսուրսն օգտագործում էին ավելի շատ ընտրական պրոցեսներում՝ հաղթելու համար։

- Չէ, տենց բան չկար, նման խոսք չկար էսօր ո՛չ նախագահի կողմից, ո՛չ վարչապետի պաշտոնակատարի։

- Հիմա Դուք՝ որպես գործարար, տնտեսության վիճակը հեղափոխությունից հետո ինչպե՞ս եք գնահատում։

- Տնտեսության վիճակը չի քննարկվել այդ հանդիպմանն ընդհանրապես, ոչ մի վիճակ, ոչ մի տնտեսության ոլորտ առանձին չի քննարկվել։

- Իսկ գործարարների կյանքում ի՞նչ է փոխվել հեղափոխությունից հետո։

- Գործարարների կյանքում ոչ մի բան չի փոխվել, հուսով ենք՝ կփոխվի։ Կարծում եմ․․․ չեմ կարող ասել։