Մենք գնում ենք ոչ թե խորհրդարան ընտրելու, այլ՝ պետության առաջին դեմքին

Մենք գնում ենք ոչ թե խորհրդարան ընտրելու, այլ՝ պետության առաջին դեմքին

«Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը երեկ չթաքցրեց, որ Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանին «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում չեն ընդգրկել միայն նրա արտաքին քաղաքական տեսլականի պատճառով։ «Հաշվի առնելով ներկա իրողությունը, իմանալով, որ տիկին Մկրտչյանը շատ բացասական տրամադրվածություն ունի ԵՏՄ-ի հետ կապված հարցերի նկատմամբ, մեզ հետաքրքրել է նրա պատասխանը: Ես հետաքրքրվել եմ, որ այդպիսի վառ արտահայտված բացասական վերաբերմունք կա, դա չի՞ խանգարի նրան հետագայում լինել մի քաղաքական թիմի կազմում, որը, ըստ էության, շարունակում է նույն արտաքին քաղաքականությունը, ինչ եղել է»,- ասաց Նազարյանը արեւմտյան արժեքների դավանող Մկրտչյանի մասին։ Ի դեպ, անձամբ Լենա Նազարյանը մեկ տարի առաջ իր հարցազրույցներում հայտարարում էր, որ անհապաղ պետք է դուրս գալ ԵԱՏՄ-ից, այսօր իշխանական լեդին դիրքորոշման փոփոխությունը պայմանավորում է ոչ միայն իրենց ուժի իշխանության գալով, այլեւ ասում․ «Մենք ժողովրդից նման պահանջ չենք ստացել»։ Իսկ հակառակի մասին պահանջ ստացե՞լ եք, գուցե ձեր թիմին վստահել են հենց ա՞յդ հայտարարության համար։ Մեր հարցին Նազարյանը բացասական պատասխան տվեց, թե այդ հայտարարության համար չէ, որ իրենց վստահել են։ Արդյոք նախկին ՀՀՇ-ական Հովհաննես Իգիթյանն է՞լ է կիսում իշխանության բռնած արտաքին քաղաքականության կուրսը։ Հիշեցնենք, որ Իգիթյանն ընդգծված եվրոպամետ է եւ երկար տարիներ միջազգային կառույցներում փորձագետ է աշխատում։ Ավելին, նախկին հարցազրույցներում նա տեսակետ էր հայտնում, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը ՀՀԿ-ի իշխանության ձախողված քաղաքականության արդյունքն է։ Մենք զրուցեցինք նրա հետ։

- Պարոն Իգիթյան, Հայաստանի նոր իշխանությունները չեն թաքցնում, որ շարունակում են նախկինների արտաքին քաղաքական կուրսը, ԵԱՏՄ անդամակցությանն արդեն դեմ չեն ու ամեն ինչ անելու են այդ ուղիով Հայաստանը տանելու համար։ Դուք իշխանական ցուցակում եք, նաեւ Ձեր տեսակետն է մեզ հետաքրքրում այս հարցի վերաբերյալ։

- Նախ, ցանկացած հարց քննարկելիս մենք չպետք է մոռանանք իրավիճակի մասին, պետք է հասկանանք, որ հեղափոխություն է տեղի ունեցել, եւ խոսքը դասական տարբեր կուսակցությունների մոտեցումների, պայքարի մասին չէ։ Ինչ վերաբերում է կոնկրետ ժամանակահատվածի մասին՝ հետհեղափոխական եւ ընտրություններից առաջ… Եթե դիտարկենք այն քայլերը, որն արեց ՀՀ կառավարությունն այն ժամանակ, ո՞նց կարելի է դա բնութագրել, հարցն այն չէ, որ այս կամ այն կազմակերպությունից պետք է դուրս գալ կամ մտնել, այլ փոխվեց մոտեցումը, եւ դա չի կարելի համարել կուրսի փոփոխություն։ Նախկինում հետեւյալն էր․ Հայաստանն անդամակցում էր որեւէ կազմակերպության, հատկապես Ռուսաստանի հետ կապված, որպեսզի, ինչպես նախկիններն էին ասում՝ չանդամակցությունը վտանգավոր էր ՀՀ անվտանգության համար։ Այսինքն՝ նույնիսկ Մաքսային միությունը, որն անվտանգության հետ կարծես թե ուղղակի կապ չունեցող կառույց էր, բոլոր ՀՀԿ-ականները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը, մեզ հայտարարում էին, որ եթե չմտնեինք, ապա կխաթարվեր Արցախի եւ Հայաստանի անվտանգության հարցը։ Այսօր Հայաստանն այդ կազմակերպություններում դնում է ոչ թե պարտադրված լինելու կամ չլինելու, որովհետեւ չլինելը վտանգավոր է, այլ եթե արդեն անդամակցել ենք, պետք է նայել, թե ինչքանով դա կարելի է համապատասխանեցնել Հայաստանի շահերին։ Ահա, այստեղից են բխում ներքին կոնֆլիկտները, որը ոմանք ներկայացնում են կողմնորոշումների կոնֆլիկտ։ Իրականում այդպես չէ, իհարկե, բոլոր կազմակերպություններում, նաեւ ՀԱՊԿ-ում, սովոր են, որ նախկինում Հայաստանը լուռ, սուսուփուս նստած էր, այսօր Հայաստանը փորձում է բարձրացնել իր անվտանգության հարցերը, իր շահերը, մոտեցումները, Հայաստանը լրջորեն ուզում է լիարժեք մասնակցությունն օգտագործել իր շահերի համար։

- Բայց այսօրվա իշխանություններն ընդդիմադիրի կարգավիճակում հայտարարում էին այդ միությանն անդամակցության վտանգավորության մասին, եւ որ օր առաջ պետք է դուրս գալ ԵԱՏՄ-ից։

- Ձեր հարցին ես այլ օրինակով կպատասխանեմ։ Ես դեմ էի Հյուսիսային պողոտայի բետոնե արկղերին, կողմ էի, որ այնտեղ մնային Հայաստանի անցյալից՝ 19-րդ դարի համայնապատկերը։ Հիմա, ենթադրենք, ես գլխավոր ճարտարապետ եմ, ի՞նչ անեմ այս շենքերի հետ՝ քանդեմ, նորի՞ց կառուցեմ, թե՞ ինչ անեմ։ Հիմա մենք այդ կառույցի անդամն ենք, ու ցանկացած շարժում կարող է ավելի վնաս լինի, քան այնտեղ մեր շահերն առաջ տանելը։ Այս տեսանկյունից է, որ նման հարցադրումները կոռեկտ չեմ համարում։ Նույն կոմունիստները անկախությանը դեմ էին, բայց հիմա բոլորը… նույն Գեղամյանն աշխատում է ՀՀԿ-ի, անկախ երկրի իշխանության մեջ, պետք է ասենք՝ Գեղամյանն ինչո՞ւ չվերականգնեց Սովետական Միությունը, ինքը դեմ էր անկախությանը, որովհետեւ կան անդառնալի բաներ։ Այստեղ չկա կուրսի փոփոխություն, կան անդառնալի բաներ, եւ հիմա մեր խնդիրն է այդ կազմակերպությունից մաքսիմալ օգուտ քաղել, որը փորձում ենք անել։

- Բայց Դուք էլ էիք անձամբ հայտարարում, որ սա նախորդների քաղաքականության ձախողման արդյունք է, հիմա պետք չէ՞ շտկել այդ ձախողումը։ Ինչպես նաեւ կողմ էիք արտահայտվում Հայաստան-ԵՄ փոխհարաբերությունների զարգացմանը։

- Իհարկե, ես ուրիշ բան էլ էի ասում, որ ԵՏՄ-ն՝ որպես Հայաստանի ռազմական անվտանգության երաշխիք, չի գործելու, այդ անդամությունը մեր անվտանգությունը մեկ միլիմետրով չի ավելացնելու։ Այո, հիմա էլ եմ աջակցություն հայտնում Հայաստան-Եվրամիություն փոխհարաբերությունների զարգացմանը։

- Մենք այսօր (երեկ) իմացանք Լենա Նազարյանից, որ «Իմ քայլը» դաշինքում կարող են լինել մարդիկ, որոնք բացասական վերաբերմունք չունեն ԵԱՏՄ-ի, Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ, եւ ճիշտ հակառակը՝ արեւմտամետ դիրքորոշում չունեն, Նարինե Մկրտչյանը ցուցակում չի ընդգրկվել հենց արեւմտամետ դիրքորոշման պատճառով․ Ձեզ նման հարցեր չե՞ն տվել։

- Իհարկե, ինձ նման հարցադրումներ չեն արվել, ես ցուցակում հայտնվելու մասին առաջին օրը հայտարարեցի, առանց նյուանսներ թաքցնելու։ Ես հայտնվել եմ շատ հասարակ, ինձ եղավ առաջարկ, ես ընդունեցի։

- Դուք վարչության անդամներին, փաստորեն, քննություն չե՞ք հանձնել։

- Իհարկե ոչ, եւ ես չեմ մասնակցել ցուցակի կազմման աշխատանքներին։

- Իսկ կասե՞ք Ձեր կարծիքն այդ ցուցակի մասին։

- Ես չեմ տեսնում այդ ցուցակը կողմնորոշումների «իզմ»-երի տեսակետից, ես այդ ցուցակը տեսնում եմ որպես հեղափոխության շարունակություն, որովհետեւ այն մոդելը, որ մեզ փոխանցվեց, մենք գնում ենք ոչ թե մաքուր խորհրդարան ընտրելու, այլ գնում ենք պետության առաջին դեմքին ընտրելու։ Եթե այլ երկրներում ուղղակի նախագահ են ընտրում, մենք այս ընտրություններով ենք պետության ղեկավարին ընտրելու։

- Այնուամենայնիվ, չե՞ք խորշի ապագա պառլամենտում Ձեր արեւմտամետ դիրքորոշումը հայտնել։

- Իհարկե, ես կարծում եմ՝ ոչ միայն ես, այլեւ Նիկոլ Փաշինյանից սկսած եւ հիմնական թիմը շարունակելու են իրենց գիծը, ես կտրուկ փոփոխություններ չեմ տեսնում։ Իսկ ամենակարեւորը հիմա Հայաստանի ներքին խնդիրների լուծման հարցերն են, մինչեւ այդ խնդիրները չլուծենք, այս փուլում քչերին են հետաքրքրում արտաքին քաղաքականության հարցերը։