«Նիկո՛լ, վարչապետ» կարգախոսը վկայում է քաղաքական անկարողության մասին

«Նիկո՛լ, վարչապետ» կարգախոսը վկայում է քաղաքական անկարողության մասին

Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանն այսօր մամուլի ասուլիսում, անդրադառնալով առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններին, կարծիք հայտնեց, որ քարոզչությունը շատ բան կփոխի։ «Մենք ունենք շատ լայն զանգված, որը կողմնորոշված չէ եւ պետք է արագ կայացնի որոշում, թե ում օգտին է քվեարկելու։ Այս ընտրություններում հիանալու շատ բան կա՝ չկան փողը, թաղի խուժանը, օլիգարխներն ակտիվ չեն լինի, փոփոխություններ են տեղի ունենում ընտրական պրոցեսում։ Բայց այս ամենը վերաբերում է ընդամենը քվեարկությանը։ Քվեարկությունը ուղղորդված չի լինի, մամուլն ազատ կգործի։ Բայց իրական ընտրություն մեզ սպասվում է հաջորդ ընտրություններում, որովհետեւ տեղի չի ուեննալու այն, որ իսկապես ձեւավորվի ներկայացուցչական մարմին։ Իհարկե, տեղի է ունեցել հեղափոխություն, եւ սա բնական է։ Անընդունելի է, որ բարեգործությունն ուղղորդում է կուսակցությանը։ Ընդունված կարգ է, որ կուսակցությունները չպետք է զբաղվեն բարեգործությամբ, չպետք է ունենան հեռուստաընկերություններ։ Դա բացասական դեր է խաղում։ Անընդունելի է, որ բիզնեսը սերտաճում է իշխանության հետ։ Մենք այս ընտրություններում կունենանք բիզնես, որը սերտաճել է իշխանությանը, եւ նոր իշխանությունը կարծես թե չի ուզում սրա դեմն առնել»,- նշեց Վիգեն Խաչատրյանը։

Իսկ այդ ընտրությունները, ըստ նրա, չի տալու ցանկալի արդյունքը։ Վիգեն Խաչատրյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, թե ինչպիսի ընդդիմություն ենք ունենալու։ «Ենթադրենք, թե իշխանությունը չհաջովեց, ինչ-որ բան չստացվեց, ո՞ր ուժն է փոխարինելու նրան։ Սա էլ է մոտեցում։ Հարցադրումը ճիշտ է, բայց դրա հողը չկա։ Ես վստահ եմ, որ «Քաղաքացիական պայմանագիրը» լուրջ պրոբլեմ է ունենալու, իսկ պրոբլեմները սկսվելու են ներսից։ Ցուցակը կազմելիս արդեն իսկ առաջացել են դժգոհներ, որոնք հարցում են, թե բա մենք ուր ենք։ Դժգոհների հաջորդ ալիքն էլ առաջանալու է խորհրդարանում, երբ բաշխվեն հանձնաժողովների նախագահների, տեղակալների տեղերը։ Հաջորդը գալու է կառավարության ձեւավորման ժամանակ։ Նորմալ է, այդ հակասությունները պետք է առաջանան։ Այն, որ «Քաղաքացիական պայմանագրի» կադրերը համատարած սկսում են կադրերի ջարդ, իրենց սահմաններից դուրս են գալիս՝ սա մեզ պետք չէ, սրանից ազատվենք, հակառակ ձայներ է բերելու միայն։ Այն, որ իրենք ասում են՝ գնանք «Նիկո՛լ, վարչապետ» կարգախոսով, դա ամենաանխոհեմ կարգախոսն է։ Երբ ասում են, որ մենք վարչապետ ենք ընտրում, դա խոսում է այդ մարդկանց քաղաքական անկարողության մասին։

Մենք վարչապետ չենք ընտրում, մենք խորհրդարան ենք ընտրում։ Ուժի դիրքերից հանդես գալը, թեկուզ հեղափոխություն արած ուժի դիրքերից հանդես գալը վնաս է այդ ուժին։ Ես ուրախ եմ, որ ռեյտինգային համակարգը պահպանվեց, միշտ ասել եմ, որ ճիշտ կլինի, եթե տեղերում մարդիկ իմանան, թե ում են ընտրում։ Եվ մենք այստեղ տեսնում ենք, որ ՀՀԿ-ն առաջարկում է ամենափորձված կազմը։ Այլ հարց է, որ շատերը մտածում են, որ նրանք հանցագործներ են։ Երբ ես նայում էի ցուցակները, շատ կուզենայի, որ բոլոր ցուցակներում լինեին ՀՀԿ-ի նման փորձված, կրթված մարդիկ։ Իհարկե, մարդիկ դրսեւորել են անսկզբունքայնություն, բայց հո բոլորին դո՞ւրս չենք հանելու, գցենք դուրս»,- հայտարարեց Վիգեն Խաչատրյանը։