«Սարոյան» ամուսինները

«Սարոյան» ամուսինները

Նոր Հայաստանի խորհրդարանական ընտրությունները հետաքրքիր նյուանսներ բացահայտեցին։ Երբեմնի համախոհները դարձել են «թշնամիներ», բարեկամացան նախկին «թշնամիները», նույն ընտանիքի անդամները հանգրվանեցին տարբեր թիմերում։ Ահավասիկ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հ/կ-ի նախագահ Աստղիկ Ավետիսյանը պատգամավորի թեկնածու է առաջադրվել լիբերալների «Մենք» դաշինքով, որը ժամանակին կարկառուն «բազեական» էր, Սերժ Սարգսյանի կաբինետի աշխատակից, իսկ Աստղիկի ամուսին Ատոմ Մխիթարյանը առաջադրվել է «Մենք»-ի լիդերներից Արամ Սարգսյանի երբեմնի համախոհ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանով»։ Մխիթարյանը Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահի տեղակալն է։

Ի դեպ, Աստղիկ Ավետիսյանը ֆեյսբուքյան էջում հավասար քարոզչություն է անում ե՛ւ իր, ե՛ւ ամուսնու օգտին․ «Հայաստանում նոր իրավիճակ է, և կանանց համար՝ նպաստավոր պայմաններ: «ՄԵՆՔ» դաշինքի կողմից թիվ 8 ընտրատարածքում՝ Գեղարքունիքի մարզում, առաջադրվել եմ որպես պատգամավորի թեկնածու: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավարի կողմից ստացել եմ առաջարկ՝ մասնակցել ընտրություններին, մտածելուց, ծանրութեթև անելուց հետո՝ համաձայնել եմ: Ինքնուրույն անցած իմ ճանապարհը, գիտելիքների շարունակական ձեռքբերումը, հասարակական-քաղաքական կյանքին ակտիվ մասնակցությունը, տարբեր բնագավառներում փորձի կուտակումը թույլ են տալիս վստահորեն ընտրել այս ճանապարհը: Ինձ համար շատ կարևոր է, որ ԱԺ ամբիոնից հնարավորություն կունենամ ներկայացնել Սևանի ավազանի` իմ սիրելի մարտունեցիների, վարդենիսցիների, գավառցիների, ճամբարակցիների և սևանցիների բարձրաձայնած խնդիրները: Հանդես եմ գալու օրենսդրական նախաձեռնություններով, որոնք նպաստելու են մեր երկրի զարգացմանը»,- գրել է նա:

Մեկ այլ գրառմամբ էլ խնդրել «ով ինչով կարող է» օգնել թեկնածու ամուսնուն, որը ռեյտինգայինով առաջադրվել է Աջափնյակ, Արաբկիր, Դավիթաշեն համայնքները ընդգրկող ընտրատարածքում։