Ես ՀՀԿ-ական եմ, դրանով ամեն ինչ ասված է

Ես ՀՀԿ-ական եմ, դրանով ամեն ինչ ասված է

Մեկ տարի առաջ «չաղ ու բախտավոր» ՀՀԿ-ի ցուցակն այսօր ավելի քան աղքատիկ է, կուսակցությունից երես է թեքել գործարար-օլիգարխիկ թեւը, նախկին իշխանության հույսն ու «գաղափարակիրներն» այսօր Մենուա Հարությունյանն ու Արտաշես Գեղամյանն են։ Թե ինչու գործարար խավը, որը կենաց-մահու պայքար էր տանում մանդատ ստանալու համար, հրաժարվեց այս ընտրապայքարից, կարծում ենք՝ հայտնի է բոլորին, իսկ թե ինչ բացատրություններ է ներկայացնում ԱԺ պատգամավոր, «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը, ներկայացնում ենք ձեզ։





Ի դեպ, նա պատգամավոր է դարձել հեղափոխությունից հետո, երբ «Գրանտ տոբակո»-ի Վարդանյանների հովանավորյալ Գրիգոր Ավալյանը մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրեց։





- Պարոն Հակոբյան, ինչո՞ւ չկաք ՀՀԿ ցուցակում՝ ո՛չ ռեյտինգային, ո՛չ համամասնական։





-Հանգստանամ մի քիչ, էլի։ Հաջորդին կառաջադրվեմ։





- Հաջորդը ե՞րբ է լինելու։





-Երբ որ կլինի։





- Ձեր կուսակիցը՝ Սամվել Նիկոյանը, 1-2 տարվա կյանք է տալիս ապագա խորհրդարանին՝ ասելով, որ մարդիկ սովորեցին հակասահմանադրական ճանապարհով իշխանությունը զավթելու «գայթակղիչ» ճանապարհը, ու շուտով նոր զավթիչներ կհայտնվեն։





-Ես չեմ ուզում անհիմն մեկնաբանություններ անել, օրը գա, բարին՝ հետը։ Աստված չանի, չեմ ուզենա նորից ինչ-որ բան լինի։ Երկրին հանգիստ է պետք, պիտի առաջ գնա՝ անկախ նրանից, թե ով կլինի ղեկավար։ Ես աշխատող մարդ եմ, պատգամավոր չեմ լինի, հիմա ուրիշ գործ կճարեմ կաշխատեմ, ի՞նչ է եղել։





- Ձեր կուսակցությունը Ձեր պես գործարարների կարիք ուներ, որոնք ձայն բերելու պոտենցիալ ունեն, Դուք էլ ընդամենը մի քանի ամիս աշխատեցիք պատգամավոր, ինչո՞ւ եք հիմա հրաժարվում։





-Թողեք դա էլ ես որոշեմ։





- Շա՞տ էիք հոգնել պատգամավորական աշխատանքից։





-Պետք է հանգստանամ։





- Ակտիվ էիք աշխատում։





-Դա իմ որոշումն է։





- Ինչի՞ց էիք հոգնել՝ պատգամավորական պասիվ գործունեությունի՞ց, առհասարակ՝ քաղաքականությունի՞ց, թե՞ այն ամենից, ինչ կատարվեց Հայաստանում…





-Ընդհանրապես, այո, այն, ինչ կատարվեց Հայաստանում, դեռ չեմ հասցրել մարսել։ Ինքս էլ չեմ հասկանում՝ այն, ինչ կատարվեց, ինչի համար եւ այլն։





- Հետեւություններ արե՞լ եք գոնե, թե ովքեր էին մեղավորները։





-Մեղավորներ շատ կան, էդ չի հարցը, պետք է ճշտենք գլխավոր մեղավորներին ու հասկանանք, թե ինչու սենց եղավ։





- Չե՞ք ճշտել, չգիտե՞ք։





-Ոչ։





- Դուք Ձեր մեղքի բաժինը տեսնո՞ւմ եք, տարիներ շարունակ ՀՀԿ-ի վերարտադրությանն եք նպաստել։





-Ես միշտ առաջադրվել եմ Տավուշի մարզում, ինձ ժողովուրդը սիրում է, ընտրել է առանց ոչ մի բանի։





- Դուք բավականին մեծ ընտրազանգված ունեք, հիմա ո՞ւմ կողմն եք ուղղորդելու՝ ՀՀԿ-ի՞, թե՞ ուրիշի։





-Դուք ասեցիք, չէ՞, որ ես ՀՀԿ-ական եմ, դրանով ամեն ինչ ասված է։





-Ի՞նչ է ասված։





-Դե, որ ես ՀՀԿ-ական եմ, ու ամեն ինչ արդեն պարզ է։





- Ուզում եք ասել, որ չե՞ք դավաճանի ՀՀԿ-ին։





-Բայց Դուք տեսե՞լ եք, որ ես ինչ-որ մեկին դավաճանեմ։





- Ձեր կուսակցության շարքերում շատերին տեսանք։





-Ինձ ուրիշի հետ չհամեմատեք, յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր ճանապարհը, ես ընտրել եմ սա եւ չգիտեմ՝ ով ուր է գնում, առավել եւս՝ չեմ ուզում որեւէ մեկի քայլը գնահատեմ։





- Ճի՞շտ են ասում, որ գործարարներդ վախեցաք մտնել ընտրապայքարի մեջ, որովհետեւ ԱԱԾ, ՊԵԿ աշխատակիցները ձեզ այցի կգային։





-Ես երբեք չեմ վախեցել ոչ մեկից եւ չեմ վախենում, ես նման խնդիր չունեմ։





- ՀՀԿ-ն խորհրդարան անցնելու շանս ունի՞։





-Կարծում եմ՝ այո, քանի որ միակ իրական ընդդիմությունն ինքն է։ Իսկ որ ցանկացած իշխանությանը մաքուր ընդդիմություն է պետք, ոչ թե գրպանային, դա ՀՀԿ-ն կլինի, եւ կարծում եմ՝ կանցնի խորհրդարան։





- Եթե այդքան համակիրներ ու հետեւորդներ ունեք, ինչո՞ւ է այդ ընդդիմության ղեկավարը՝ Սերժ Սարգսյանը, մեկուսացել ժողովրդից, հրաժարականից հետո ընդհատակ է անցել։





-Իրեն հարցրեք, ես իր կարծիքը չեմ կարող ասել, ես անցած շաբաթ եմ տեսել իրեն՝ ՀՀԿ նիստի ժամանակ։





- Այսինքն՝ միայն ՀՀԿ-ականնե՞րն են մեր երկրի ընդդիմադիրները։





-Ոչ, ժողովրդի մեջ կա մի հատված, որ մեզ համակրում է, ու կարծում եմ՝ ժամանակը կգա, Սերժ Սարգսյանը կհանդիպի ժողովրդի հետ։ Ո՞նց կարող է մարդն ապրի ՀՀ-ում եւ չհանդիպի ժողովրդի հետ, ինքը հո տան մեջ չի՞ փակվելու մնա, ինքը դուրս կգա, կշրջի, ու եթե մարդիկ հարցեր ունենան, կտան։





- Ձեր կարծիքով, ապրիլին տեղի ունեցածից հետո Սերժ Սարգսյանը երբվանի՞ց կարող է ազատ շրջել Հայաստանի փողոցներում։





-Չեմ կարող ասել, ես իմ մասին կարող եմ ասել, որ ես միշտ դուրս եմ եկել փողոց ու միշտ էլ դուրս եմ գալու՝ անկախ նրանից, թե որտեղ կլինեմ։





- Ձեր հայրենի Տավուշի մարզում ՀՀԿ-ից ո՞վ է ռեյտինգայինով առաջադրված Ձեր նախընտրելի թեկնածուն, ո՞ւմ եք աջակցելու։





-Ճիշտն ասած՝ ցանկը չեմ տեսել, երբ տեսնեմ, կասեմ, իմ ընտրողներին կոչ կանեմ իմ մտերիմ մարդուն ընտրել։ Եթե մտերիմ մարդ չի լինի, բնականաբար, զերծ կմնամ օգնելուց։ Արժանի մարդ պետք է լինի, որ օգնեմ, անարժանին չեմ օգնի։





- Իսկ եթե անարժան եղան բոլորը, կուսակցությանը կօգնե՞ք։





-Դե, կուսակցությանը ո՞նց կարող եմ չօգնել։





- Ի՞նչ զգացողություններ կունենաք, որ աշխատեք, Մենուա Հարությունյանն ու Գեղամյանը դառնան պատգամավոր։





-Բերեք այդ հարցին չպատասխանեմ։





Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ