ՃՈ նախկին պետի տեղակալը կիսում է «ՔՊ» գաղափարներն ու ցանկանում է դառնալ պատգամավոր

ՃՈ նախկին պետի տեղակալը կիսում է «ՔՊ» գաղափարներն ու ցանկանում է դառնալ պատգամավոր

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը շատ խայտաբղետ է եւ բազմազան։ Այստեղ ամեն ոլորտի ու մասնագիտության տեր մարդ կա, անգամ՝ Ճանապարհային ոստիկանության ծառայող։ Խոսքը ՃՈ պետի արդեն նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանի մասին է։ Հատկապես վարորդները նրան լավ են ճանաչում, նա Ֆեյսբուքում է նաեւ ակտիվ, մշտապես կապի մեջ է քաղաքացիների հետ։ Եվ ՃՈ երկարամյա ծառայողն այսօր որոշել է մտնել քաղաքականություն ու ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել Սյունիքի մարզում, քանի որ ծնունդով այդ մարզից է, ծնողները բնակվում են Գորիսում, ինքն էլ ժամանակին եղել է Կապանի ՃՈ պետ, իր ընկերը՝ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն էլ վերջերս նշանակվել է Սյունիքի մարզպետ։





«Ունեմ ոստիկանությունում ծառայության երկարամյա կենսագրություն, 23 տարի ոստիկանությունում եմ, որից 17 եւ ավելի տարիները՝ Ճանապարհային ոստիկանությունում, եւ բոլորը քաջատեղյակ են, թե ինչ գործունեություն եմ իրականացրել ես ՃՈ-ում։ Այսօր իմ այդ փորձն ուզում եմ ներդնել ավելի մեծ ու կարեւոր խնդիրներ լուծելու ուղղությամբ եւ կարծում եմ, որ, լինելով ոստիկանությունում, հնարավորությունները սահմանափակ են լինում, եւ դա բնական է՝ պայմանավորված ծառայության առանձնահատկություններով։





Սակայն, լինելով Ազգային ժողովում, այդ սահմանափակումները գրեթե չկան, եւ ես կարող եմ ամբողջապես իմ գիտելիքներն ի սպաս դնել կարեւորագույն խնդիրների լուծման համար։ Եվ կարծում եմ՝ ես բավականին արդյունավետ գործունեություն կունենամ Ազգային ժողովում»,- մեզ հետ զրույցում իր առաջադրման պատճառները բացատրեց Արմեն Խաչատրյանը։





- Ինչո՞ւ որոշեցիք հենց «Իմ քայլը» դաշինքով առաջադրվել, որովհետեւ իշխանական ցուցակ էր, եւ անցնելու շանսերը բարձր էին, դրա՞ համար։





-Բնական է, որ այսօր «Իմ քայլը» դաշինքն իշխանական քաղաքական միավորում է, քանի որ այդ իշխանական քաղաքական միավորում դառնալու նախապայմանը եղել է ժողովրդական վստահությունը, իսկ ժողովրդական վստահության հիմքում դրված են նրանց գաղափարները, անցած ուղին, եւ, սրանով պայմանավորված, մեծ վստահություն ունի արդեն այս քաղաքական միավորումը ժողովրդի մեջ։ Եվ ես էլ, կազմելով ժողովրդի մի մասնիկը, նույնպես հավանում եմ նրանց գաղափարախոսությունը, ծրագիրը։





- Իրե՞նք են առաջարկել՝ ընդգրկվել իրենց ցուցակում, թե՞ Դուք եք նախաձեռնել։





-Դեռեւս մայիս ամսից նման մտադրություն ես ունեցել եմ եւ իմ մտադրությունները ներկայացրել եմ համապատասխան առաջնորդներին, եւ երբ պահը եկել է, արդեն կրկին անգամ եմ ես դիմել, որից հետո որոշվել է, որ ես կարող եմ լինել իրենց կուսակցության անդամը եւ մասնակցել ընտրություններին՝ որպես պատգամավորի թեկնածու։





- Ամեն դեպքում՝ Ազգային ժողովը, օրենսդիր մարմին լինելուց զատ, նաեւ երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնն է համարվում, որտեղ պետք է քաղաքական դեբատներ ու ելույթներ հնչեն։ Իսկ Դուք քաղաքական փորձ չունեք, ինչպե՞ս եք կարողանալու կռիվ տալ փորձառու քաղաքական գործիչների հետ։





-Որեւէ մտավախություն չունեմ, կարծում եմ, որ իմ գիտելիքները բավարար են, որպեսզի ես կարողանամ պաշտպանել իմ տեսակետները, արտահայտել իմ մտքերը։ Մասնագիտությամբ ես իրավաբան եմ, եւ նախքան միտք արտահայտելը, ես նախ դրա համար համապատասխան հիմնավորումներ եմ ունենում։





- Դուք այսօր առաջադրվել եք մի քաղաքական ուժի ցուցակով, որը մերժել է Սերժ Սարգսյանին, ում իշխանության օրոք Դուք երկար տարիներ պաշտոն եք զբաղեցրել։ Կարո՞ղ ենք ասել, որ Դուք էլ եք մերժել Սերժ Սարգսյանին եւ համաձայն եք այն բոլոր լոզունգներին, թեզերին, քննադատություններին, որ հնչեցնում էր Նիկոլ Փաշինյանի թիմը նախորդ իշխանությունների հասցեին։





-Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում ես եղել եմ զինծառայող եւ կատարել եմ իմ գործառութային պարտականությունները, բնականաբար։ Եվ, լինելով զինծառայող, ես չէի կարող զբաղվել քաղաքականությամբ, լինել որեւէ քաղաքական կուսակցության կամ խմբավորման անդամ, ինչը խստորեն իմ կողմից պահպանվել է։ Սակայն, իհարկե, որպես քաղաքացի, ես եթե այսօր անդամագրվել եմ այս կուսակցությանը, նշանակում է՝ հիմնականում համաձայն եմ այս կուսակցության բոլոր ծրագրերին եւ գաղափարախոսությանը։





- Այդ թվում՝ Սերժ Սարգսյանին մերժելու եւ քննադատությա՞ն հարցերում։





-Այո, այդ թվում՝ նաեւ այդ հարցերում։





Վահե ՄԱԿԱՐՅԱՆ