Ամոթ է, որ 21-րդ դարում հայն աղքատ համերկրացի ունի

Ամոթ է, որ 21-րդ դարում հայն աղքատ համերկրացի ունի

Իսպանիայի «Արարատ հայկական միության» նախագահ Արարատ Ղուկասյանը որոշել է մեկական եվրո հանգանակել եւ օգնել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հայաստանյան ընտանիքներին։ Ծանրոցի մեջ կլինեն առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ հագուստ, սնունդ, գրենական պիտույքներ, խաղալիքներ եւ այլն, եթե գումար ավելանա, նաեւ՝ գումարը։ Մենք զրուցեցինք նրա հետ։

- Ինչպե՞ս եք վերահսկելու այդ ամենը, ինչպե՞ս եք ընտրելու շահառուներին: Գաղտնիք չէ, որ շատ հիմնադրամներ սկանդալների մեջ են հայտնվել, ի վերջո՝ կոռուպցիոն ռիսկը մեծ է:

- Դրա համար էլ չենք ուզում, որ մեծ հանգանակություն լինի, այլ՝ մեծ մասնակցություն: Հայաստանում ունենք ներկայացուցիչ՝ հանձին Հայկուհի Խաչատրյանի, ով կստանձնի օգնության հանձնումը: Ինձ ամեն օր գրում են, օգնություն խնդրում։ Մեծամասամբ օգնում եմ, ինչով որ կարողանում եմ։ Այդ չնչինով բավարարվում են, որն ինձ հիմք է տալիս, որ չեն խաբում։ Իսկ եթե խաբեն էլ, մեծ բան չեմ կորցնում։ Ու հետո՝ եթե խաբեն էլ, գուցե հենց խաբելո՞ւ կարիք է եղել։ Ես մեծահարուստ չեմ, հարուստ էլ չեմ, աղքատ էլ չեմ։ Վախենում եմ աղքատությունից։ Դրա համար էլ հասկանում եմ նրանց։ Ամոթ է, որ 21-րդ դարում հայն աղքատ համերկրացի ունի։ Նաեւ ամոթ չէ, որ այս հարցը բարձրաձայնվի։ Իսպանիայում 9 միլիոն մարդ կանգնած է աղքատության շեմին։ Նրանցից 3 միլիոնը ծայրահեղ աղքատ է, որոնցից 900 հազարը երեխաներ են։ Եվ մտահոգ իսպանացիները չեն ամաչում ու չեն դադարում բարձրաձայնել այս վտանգավոր խնդրի մասին։ Կարծում եմ, որ մենք եւս պիտի չամաչենք, պիտի մտահոգվենք եւ առերեսվենք այս կործանիչ ու հրատապ հարցին։ Էլի եմ ասում՝ մեզ պետք չեն մեծահարուստ բարերարներ, որոնք հետո պիտի դոշ ծեծեն ու նույն դոշին իրենք իրենց մեդալ կախեն կամ էլ իշխանություններից ակնկալեն այդ մեդալը։ Մեզ պետք է միասնություն այս ծրագրի շուրջ, որը կարող է վերածվել ազգային գաղափարախոսության եւ համազգային նպատակի։

- Բայց չէ՞ որ Հայաստանում դրական առումով իրավիճակ է փոխվել. սփյուռքահայերը հաճախ են դա ասում:

- Հեղափոխությունը հույսեր արթնացրեց բոլորիս մեջ, եւ կարծեցինք, որ շուտով այլեւս օգնելու կարիք էլ չի լինի 2 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում։ Սակայն ներկայիս իրավիճակը հակառակն է ապացուցում։ Սրա հիմնական պատճառը աթոռն ու իշխանության հասնելու գայթակղությունն է, քանի որ դեռեւս չի մեռել այն կարծիքը, որ քաղաքականությամբ կարելի է փող աշխատել։ Իսկ քանի դեռ քաղաքականությունը գայթակղիչ է, ապաքաղաքականներիս մնում է միավորվել եւ լուծել ամենաառաջնային եւ հրատապ հարցերը՝ անկախ դրանց չափից ու ծավալից։ Զարգացող տնտեսություն ունեցող Հայաստանի 40%-ը դեռ աղքատ է։ Եվ ո՞ւմ է պետք այդ զարգացումը։ Աղքատի հեչ պետքը չէ տնտեսության զարգացումը, քանի դեռ նա չի զգում դա։ Այդ իսկ պատճառով, եւ որովհետեւ չկա քաղաքական կամք, կա հասարակական կամք։ Մենք պարտավոր ենք այդ կամքը մշտարթուն պահելու, այլապես կուլ կգնանք աշխարհի քչաքանակ ջոջերին։