Մրցույթ՝ օրենքով և առանց հստակ չափորոշիչների

Մրցույթ՝ օրենքով և առանց հստակ չափորոշիչների

Ապրիլի 1-ին հայտնի դարձավ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նոր նախագահի անունը։ Մրցութային հանձնաժողովը հայտ ներկայացրած 23 թեկնածուներից նախապատվությունը տվեց Արա Շիրինյանին։ Նախորդ 6 տարիներին խորհրդի նախագահի պաշտոնն զբաղեցնում էր Ռուբեն Ջաղինյանը, որն ընտրվել էր օրենքի բոլորովին այլ պահանջով։ Եթե նախկինում ՀՀ նախագահն էր մրցույթ հայտարարում և նշանակում խորհրդի անդամներին, ապա «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի՝ 2018 թ. մարտի 23-ի փոփոխությունից հետո մրցույթը կազմակերպում է ոլորտը կարգավորող մարմինը, իսկ հաղթողի նշանակումը կատարում է վարչապետը։

Այսպիսով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ստեղծած 5 հոգանոց մրցութային հանձնաժողովը, որը գործելու է 6 տարի, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում թափուր տեղեր առաջանալու դեպքում այն լրացնելու է մրցույթի միջոցով՝ ՀՌՀ-ի իսկ սահմանած կարգի համաձայն։ 

Ըստ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի՝ «Մրցութային հանձնաժողովի անդամ կարող են լինել լրագրության, հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի եւ արվեստի հեղինակավոր գործիչներ, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ»:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն այս գործընթացում փորձել էր դրսևորել ներառականություն՝ մրցութային հանձնաժողովում ապահովելով պետական մարմինների, քաղաքացիական հասարակության, ստեղծագործական միությունների ներկայացուցիչների մասնակցությունը, սակայն ընթացակարգերը հարցեր են առաջացնում անգամ հաղթած թեկնածուի մոտ։ 

«Ճիշտն ասած, մրցութային հանձնաժողովի անդամների կազմն այդպես էլ չբացատրվեց, թե ինչ տրամաբանությամբ է ընտրված։ Մի կողմից բոլորն էլ ոլորտի մասնագետներ են, բայց ինչ-որ սկզբունքներ խախտված են...կարծես թե այդ 5 հոգանոց կազմը հնարավոր չէ որևէ բացատրելի սկզբունքով ձևավորել։

Մրցութային հանձնաժողովի կանոնակարգը պետք է փոխվի, և հանրության վերահսկողությունը հենց հանձնաժողովի ստեղծման փուլում պետք է լինի»,- ասում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը։

Մրցութային հանձնաժողովի անդամ, լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը նկարագրում է ստեղծված իրավիճակը. «Առանց որևէ դիտավորության և հետին մտքի ստացվել էր այնպես, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ձևավորել էր մեր մրցութային հանձնաժողովը, և ՀՌՀ-ից երեք հոգի հայտ էին ներկայացրել՝ մասնակցելու մրցույթին։ Իմ անձնական զգացողությունն անդուր էր. ես պարտավոր էի ուսումնասիրել ինձ այդ մրցութային հանձնաժողովում հաստատած հանձնաժողովի երեք հոգու հայտերը և որոշում կայացնել... Շահերի բախումը պիտի բացառվի»։

ՀՀՌԸ Խորհրդի նախագահի թեկնածու, «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանի համար ևս անհասկանալի էր ՀՌՀ անդամների մասնակցությունը մրցույթին. «Ձեռնոց նետվեց բոլորին. ես կազմակերպել եմ, ես էլ պետք է շահեմ»։

Մտահոգություններն այսպիսով չեն ավարտվում։ Մեսրոպ Մովսեսյանի համար այս ամենը իներցիոն գործընթաց էր, իր համար պարզ չէին անգամ չափորոշիչները, որոնցով առաջնորդվել է ներկայացուցչական հանձնաժողովը. «Շատ նման է 2003-2008 թվականների ընտրությունների սխեմային։ Զրույցն իմ տպավորությամբ ձևականորեն անցկացվեց ինձ հետ, որից կես ժամ հետո հայտարարվեց հաղթողի անունը։ Ես, իհարկե, շնորհավորում եմ իմ գործընկերոջը, խնդիրն այն է, որ խտրականություն էր նկատվում։ Ասվեց, որ ոմանց հետ զրույց են անցկացնելու, ոմանց հետ՝ ոչ, ներկայացվելու է ծրագիր և հայեցակարգ, որը հետո պետք է քննարկվի հանձնաժողովի հետ, այդ քննարկումները կիսատ-պռատ եղան, այդպես էլ չիմացանք ով մասնակցեց, ով՝ ոչ»։ 

Լևոն Բարսեղյանն անդրադառնում է ասվածին. «Ես մի քիչ ավելի շատ քննադատություն էի սպասում, քան տեղի ունեցավ, ինչը մի կողմից զարմանալի է, մյուս կողմից լավ է իհարկե։ Եթե կա կոռուպցիայի կասկած, թելադրանքի, նեպոտիզմի, անպայման թող հրապարակվի, ինձ էլ է շատ հետաքրքիր»։ Այնուամենայնիվ, մրցութային  հանձնաժողովի անդամն ընդունում է, որ հստակ չոփորոշիչների բացակայության պայմաններում բարձրանում է  հայեցողականության մակարդակը. «ՀՌՀ-ն մեզ չի էլ տվել չափորոշիչ կամ գնահատման ինչ-որ մի համակարգ։ Մենք առաջնորդվել ենք նախադեպի սկզբունքով, ողջամտության վարդապետությամբ նստել ու քննարկել ենք՝ ինչպես ենք ընտրելու։ Ուսումնասիրել ենք յուրաքանչյուրի ներկայացրած փաթեթը, համարել ենք, որ տեխնիկական դժվարություն ունենք բոլորին լսելու, կազմել ենք կարճ ցուցակ, ընտրել ենք ինը հոգու, յուրաքանչյուրին լսել ենք տասնհինգ-քսան րոպե, զգուշացրել ենք, որ ձայնագրել ենք արխիվի համար։ Ապա ընտրել ենք նրանցից երեքին, որոնց համար փակ քվեարկություն է անցկացվել»։ 
Հաղթող թեկնածուն՝ Արա Շիրինյանը կարծում է, որ ապահովել բացարձակ անաչառ ժյուրի հնարավոր չէ, որովհետև մի կողմից նրանք պետք է լինեն ոլորտի մասնագետներ, մյուս կողմից էլ՝ եթե ոլորտի մասնագետ է, ուրեմն բոլորին ճանաչում է, ավելին՝ բոլորը գործընկերներ կամ ընկերներ են։ 

Ի դեպ, մրցույթի մասնակիցները համաձայնել են հանձնել իրենց հայեցակարգերը հաղթող թեկնածուին, որպեսզի նա կարողանա օգտվել ներկայացված գաղափարներից, ինչը և կարվի՝ հավաստիացնում է Արա Շիրինյանը. «Դա շատ կարևոր է, որ մարդիկ մասնակցում են ոչ միայն նրա համար, որ բավարարեն իրենց տարբեր տեսակի հավակնությունները՝ քաղաքական, հասարակական, ստեղծագործական, այլ՝ որ իրենց փորձից ծնված մտքերը կարող են ծառայել ոլորտի զարգացմանը, ես էլ եմ կարծում, որ միասին պետք է անենք, իհարկե պատասխանատվությունն ընկնելու է հաղթողի վրա»։

Ինչպես խուսափել շահերի բախումից հետագայում, ինչպես ապահովել անաչառ ընտրություն: Մեսրոպ Մովսեսյանը կարծում է, որ մրցույթին պետք է մասնակցեն մասնագետներ, որոնք գոնե փորձառությամբ ու մասնագիտական հմտություններով մոտ են միմյանց. «Եթե թեկնածուներից մեկն ունի հեռուստաընկերություն, մյուսը չունի որևէ փորձ, նրանք արդեն նույն հարթության վրա չեն, բոլորը տարբեր չափանիշների են ենթարկվում։ Հանձնաժողովը պետք է կազմված լինի ոլորտի պրոֆեսիոնալներից, ճանաչեն մասնակիցներին։ Հանձնաժողովի ստեղծումով գուցե պետք է զբաղվի ԱԺ-ն, իսկ ՀՌՀ-ն կարող է տեխնիկական ապահովությունը կազմակերպել»։
Հետագա մրցույթների համար, ըստ Լևոն Բարսեղյանի, նախ պետք է ջանքեր ներդնել ու ինչ-որ չափորոշիչային կարգ սահմանել. «Ես կարծում եմ, որ այդ գործում կարող են օգտակար լինել ոլորտի տարբեր մասնագետներ, չեմ համարում, թե դրա մշակելը այս հանձնաժողովի սահմանափակ լիազորությունն է»։ Բացի այդ, մրցութային հանձնաժողովի անդամը կարևորում է թեկնածուների ծրագրային փաթեթների հրապարակումը, ինչը մաքսիմալ թափանցիկ գործընթաց կապահովի. «Լավ կլինի օրենքով սահմանել, որ մրցութային փաթեթը՝ հավակնորդի կենսագրականով ու հայեցակարգով, պետք է հրապարակվի և դրվի հանրային քննարկման։ Ճիշտ կլինի, որ առավելագույն հրապարակայնություն լինի»։

Այս օրերին լրագրողական 3 կազմակերպություններ՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը մշակում են «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծ։ Աշխատանքային խումբը փաստաթուղթն ամբողջացնելուց հետո այն կդնի շրջանառության մեջ, ինչպես նաև կներկայացնի ԱԺ 3 խմբակցություններին և ոլորտով զբաղվող հանձնաժողովին։

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ
Մեդիա փորձագետ