Մեսրոպ Մակյանը վերանայեց որոշումը. «Ծռերի» գործը կքննվի կրկին դռնբաց

Մեսրոպ Մակյանը վերանայեց որոշումը. «Ծռերի» գործը կքննվի կրկին դռնբաց

«Սասնա ծռերի» տասը անդամի գործով դատական նիստին այսօր Արայիկ Խանդոյանի այրու ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը միջնորդեց, որպեսզի նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը վերանայի իր որոշումը, եւ նիստերը քննվեն դռնբաց կարգով: Մեղադրող Պետրոս Պետոսյանը, դիրքորոշում արտահայտելով միջնորդության վերաբերյալ, նշեց, որ դատարանի կայացրած որոշումը իրավաչափ է, հրապարակայնությունը ապահովված է, քանի որ նիստին մասնակցում են լրագրողները:

Թեպետ նա նշեց, որ որեւէ առարկություն չունի, որ մարդիկ ներկա լինեն նիստին, սակայն նշեց, որ քաղաքացիները պետք է հասկանան, որ սա դատական նիստ է, եւ գոչյուններով արդարդատությանն են խոչընդոտում:

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը, սակայն մինչ այդ իր խոսքում նշեց. «Դահլիճում ներկա գտնվող անձանց բազմիցս խնդրվել է իմ կողմից, որպեսզի պահպանվի լռություն, չխոչընդոտեն գործի քննությունը, նախկինում էլ եղել է, որ առանձին անձանց դատարանը հեռացրել էր դատական նիստերի դահլիճից: Անձինք պետք է հասկանան, որ սա դատարան է, եւ կարող է գործը քննվել դռնփակ՝ իրենց վարքագծից ելնելով»: