Ճիշտ չէ տարբեր հարթակներում սովորական հանդիպումները որակել «աննախադեպ»
ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների՝ Աշխաբադում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիյոեւի հետ եւ նրան հրավիրել Հայաստան։ Այնուհետ, հանդիպման առնչությամբ, նա իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ այդ հանդիպումը որակելով պատմական, աննախադեպ, ու շեշտելով, որ դեռ երբեք Հայաստանի եւ Ուզբեկստանի ղեկավարները չեն հանդիպել։
Լրատվական ծառայություններն էլ, առանց արխիվներն ուսումնասիրելու, հաղորդում էին՝ առաջին անգամ նման ֆորմատով հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի վարչապետի եւ Ուզբեկստանի նախագահի միջեւ։ Իրականում, սակայն, նման հանդիպումներ՝ նման ֆորմատով, երկու երկրների ղեկավարների միջեւ անցյալում էլ են եղել։ Եղել են ե՛ւ Սերժ Սարգսյանի օրոք, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի։ Այլ է հարցը, որ չեն եղել փոխադարձ այցելություններ՝ ո՛չ Հայաստանի ղեկավարն է այցելել երբեւէ Ուզբեկստան, ո՛չ էլ Ուզբեկստանի ղեկավարը՝ Հայաստան։ Եվ եթե Միրզիյոեւն ընդունի Փաշինյանի հրավերը, դա իրոք կլինի պատմական ու աննախադեպ այց Հայաստան։
Սակայն տարբեր ձեւաչափերում երկրների ղեկավարների հանդիպումներ, իհարկե, եղել են անցյալում։ Ի վերջո, դաշնակից, բարեկամ պետությունների ղեկավարների միջեւ ինչպե՞ս կարող էին հանդիպումներ չլինել տարածաշրջանային-ինտեգրացիոն տարբեր հարթակներում՝ ԱՊՀ, ՀԱՊԿ։
Ավելին, 2002 թվականին այն ժամանակվա ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն է նույնիսկ այցելել Ուզբեկստան։ Իսկ 2006 թվականին Մինսկի մերձակայքում գտնվող Սիլիչ բնակավայրում կայացել է ԱՊՀ երկրների ղեկավարների մի պատմական հանդիպում՝ առանց փողկապների։ Անգամ պատմական լուսանկար կա՝ պետությունների ղեկավարները բելառուսական ազգային ասեղնագործ բլուզներով քայլում են։ Սերտ շփման համար Բատկան մտածել է նրանց ազգային տարազ հագցնել։ Հանդիպմանը մասնակցել են Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Նուրսուլթան Նազարբաեւը, Ռոբերտ Քոչարյանը, Էմոմալի Ռախմոնը, Կուրմանբեկ Բակիեւը եւ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը։
Այնպես որ՝ սովորական հանդիպումները սխալ է որակել որպես պատմական կամ բացառիկ։ Պատմական լինելու հավակնություն կունենա, օրինակ, Ուզբեկստանի նախագահի այցը Հայաստան, որը կլինի առաջինը՝ 1995 թվականից ի վեր, ինչ Ուզբեկստանը ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը։
Կարծիքներ