Պատգամավորներին հակաբեղմնավորիչների նկարներով կոնֆետներ են բաժանել

Պատգամավորներին հակաբեղմնավորիչների նկարներով կոնֆետներ են բաժանել

Երեկ պատգամավորները հրավիրված են եղել ԱԺ 334 սենյակ՝ Վերարտադրողական եւ սեռական իրավունքի եվրոպական պառլամենտական ֆորումի հետ քննարկման։ Հանդիպմանը ցուցադրվել են «Հակաբեղմնավորիչների եվրոպական ատլասը», «Աբորտներ․ խնդրի վերադարձ Եվրոպայում» վավերագրական ֆիլմը։
Ինչպես հայտնեց քննարկմանը մասնակից պատգամավորներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, այդ թեմայով մի քանի րոպե խոսել են և սահուն անցում կատարել Ստամբուլյան կոնվենցիայի գովքին, ներկայացրել են այն երկրների ցանկը, որոնք վավերացրել են կոնվենցիան՝ «և ինչ լավ է» մեկնաբանություններով։ Ասվել է, որ ովքեր ավանդական նախապաշարումներով չեն վավերացնում, այդ երկրներին զրկում են տարբեր իրավունքներից։ Իմքայլական պատգամավոր, «Իմ քայլի» նորընտիր վարչության անդամ Արփինե Դավոյանը չի բացառել, որ կոնվենցիայի դեմ սկսելու են շարժումներ։ 

Ինչևէ, աբորտների հետ կապված քննարկման ժամանակ դատապարտվել է մոտեցումը, որ կինը զրկված է ընտրության իրավունքից, անգամ հարցադրում է հնչել՝ եթե կինն ուզում է աբորտ անել, կնոջ ընտրությո՞ւնն է կարևոր, թե՞ նորածնի կյանքի իրավունքը։ «Իհարկե՝ կնոջ ընտրությունը»։ Եվ հետամնաց են երկրները, որոնք հակառակն են ներկայացնում»,- նկատեց մեր զրուցակիցը։ Անգամ, ըստ  նրա, պնդումներ են եղել, որ աբորտը սպանություն չէ, որ եթե կինը չի ցանկանում երեխա ունենալ, կարող է դա անել նաև ուշ ժամկետներում։ Թեմայից դեռ ուշքի չեկած պատգամավորներն ուղղակի ցնցվել են, երբ իրենց տեղեկատվական նյութերի հետ միասին բաժանել  են հակաբեղմնավորիչների նկարներով բոնբոներկաներ, որոնց կոնֆետներից ամեն մեկի վրա նկարված է մի-մի հակաբեղմնավորիչ՝ ձողիկներ, պարույրներ, պահպանակ, հղիության թեստեր։ 
 Այն, ինչ գրված է վերը, պարզ է այս հավաքի մասին պաշտոնական հաղորդագրությունից իսկ։ Օրինակ՝ «Վերարտադրողականության հարցերի վերաբերյալ խոսելով՝ Արփինե Դավոյանը կարեւորել  է  կանանց՝ խտրականությունից, բռնությունից եւ հարկադրանքից զերծ որոշումներ ընդունելու  կարողությունն ու նրանց իրազեկվածության մակարդակի ընդլայնումը: Արժեւորվել է․․․ ուշադրություն, անցանկալի հղիությունների կանխումը»։ Նա նաև ասել է, որ ծնողները խիստ պատասխանատու պետք է լինեն իրենց ծնված եւ ապագա  երեխաների կարիքների եւ հասարակության առջեւ նրանց պարտավորությունների նկատմամբ։
Նշենք, որ Արփինե Դավոյանը ՔՊ նորընտիր վարչության անդամ է, ՔՊ անդամ է 2015-ից, եղել է վարչապետի խորհրդականը, դրանից առաջ՝ «Ելք» խմբակցության գործավարը, աելի շուտ՝ 2016-2017թթ., «Գոլդեն տոբակո» ՍՊԸ-ի հաշվապահը։

Հետաքրքիր է, թե ծնելիության նման անկում ու արտագաղթ ունեցող երկրում ինչու է այդքան հրատապ դարձել սույն թեման։ Այն կուսակցության անդամի կողմից, որը մինչև իշխանափոխությունն ուներ ներգաղթի, և, բնականաբար, ծնելիության աճի խթանման ծրագիր։

Նշենք, որ քննարկման մասնակիցների մոտ այնքան մեծ է եղել «մանթրաժը», որ որևէ մեկը չի արձագանքել կազմակերպիչների՝ խմբակային լուսանկարվելու առաջարկին։