Ի՞նչ է ուզում Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ-ից 

Ի՞նչ է ուզում Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ-ից 

Համալսարանն ավարտել չկարողացած Նիկոլ Փաշինյանը հերթական մտքի գոհարն է արտանետել` նշելով, թե «Սուրեն Պապիկյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է դարձել, որպեսզի երաշխավորի բուհի ապակուսակցականացումը»: Մի կողմ թողնելով ասվածի անհեթեթությունը` հիշենք, որ հարցի առթիվ ընդդիմադիր տարիների Նիկոլ Փաշինյանն ու նրա համախոհները «օր ու արև չէին տալիս» օրվա իշխանությանը, առիթը բաց չէին թողնում հայտարարելու, որ ԵՊՀ-ն քաղաքականացված է, քանզի իշխող կուսակցության ղեկավարը համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, իսկ ռոկտորը` նույն կուսակցության ներկայացուցիչը: Իսկ ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը, երբ եկավ իշխանության. նույնը, ինչ անում էր նախկին իշխանությունը: Իշխող կուսակցապետին` Պապիկյան Սուրենին, կարգեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, իսկ իշխող կուսակցության նախկին փոխնախարարին, ապա նաև այդ կուսակցության խմբակցության նախկին պատգամավորին` Հովհաննես Հովհաննիսյանին, փաստացի նշանակեց ԵՊՀ ռեկտորի պաշտոնում: 

Տարբերություններ, իհարկե, կան: Նախ և առաջ, նախկինները չէին քննադատում այս համակարգը (իրենց ստեղծածն էր), իսկ Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել այդ համակարգը դեմոնտաժելու կարգախոսներով և խոստումներով: Սա բարոյական հարթությունն է: Իսկ գործնական հարթության համատեքստում տարբերությունն այն է, որ նախկինում իշխող կուսակցության ղեկավարը, որը նաև ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն էր, երկրում «հարց լուծող էր» և համալսարանակնները տարիներ շարունակ մի տեսակ հանգստություն ունեին, որ տեղն եկած ժամանակ Մայր Բուհի հարցերով կարող են անմիջականորեն շփվել երկրի ղեկավարի հետ և առնվազն քննարկել համալսարանի համար արդիական խնդիրները: 

Իսկ այժմ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը Պապիկյան Սուրենն է, նույն ինքը` ԵՊՀ-ից դուրս մնացած նախկին ուսանողը, դանակահարության համար դատապարտված նախկին կալանավորը: Ինչպես ասում են` գնացեք համալսարան և հարցրեք` կա՞ մեկը, ում մտքով անցնում է ԵՊՀ-ի հետ կապված ինչ-որ հարցով դիմել Պապիկյանին ու լուծում կամ գոնե թե քննարկում ակնկալել: 

Ինչևէ, Մայր բուհն այսօր ամբողջովին Փաշինյանինն է: Միայն պարզ չէ, թե Փաշինյանի ինչին է պետք համալսարանը: Վստահորեն կարելի է պնդել, որ համալսարանը ՔՊ-ացնել Փաշինյանը չի կարող: Այսօր փոխնախարարի պաշտոնում կադր չի ճարվում, ուր մնաց ՔՊ-ական դեկաններ ու ամբիոնի վարիչներ ճարվեն: Իսկ Փաշինյանի վարկանիշն ու համբավն այն վիճակում չեն, որ ԵՊՀ դասախոսները, առավել ևս` ուսանողները, աշխատանքային կամ քաղաքական կարիերայի նկատառումներով մտերմության ձգտեն Փաշինյանի ու նրա կուսակցության հետ: Լինենք անկեղծ. Հայաստանում իրեն հարգող մասնագետը հեռու է մնում մինչև ականջները վարկաբեկված ՔՊ-ից: Փաշինյանը հայտնվել է բորոտի կարգավիճակում, որից ձգտում են հեռավորություն պահպանել: 

Ինչպես ամբողջ երկրում, այնպես էլ ԵՊՀ-ում շատ լավ գիտակցում են, որ Փաշինյանն ու նրա թիմը ոչ միայն հավերժ չեն, այլև նրա հեռացումը իշխանությունից սարերի հետևում չէ: Ինչ-ինչ, բայց ԵՊՀ-ի դասախոսական կազմը գոնե բարձրագույն կրթություն ունի, գոնե գրքեր է կարդացել և չի կարող չհասկանալ, որ տարիներ, գուցե և ամիսներ անց ամոթ է լինելու Փաշինյանի ու նրա թիմի հետ առնչված լինելը: Ի վերջո, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոսները մյուս ֆակուլտետների իրենց կոլեգաներին հավանաբար բացատրել են, թե ապագա պատմության գրքերում ինչեր են գրվելուԱրցախը հանձնած կապիտուլյանտների մասին: 

Այլ հարց, որ համալսարանական համայնքն այդպես էլ չկարողացավ իր շահերը ձևակերպել և կազմակերպված ձևով առաջ տանել: Ըստ էության, Փաշինյանին հաջողվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի և ռեկտորի պաշտոնում կարգել իր մարդկանց միայն այն պատճառով, որ համալսարանական մտավորականությունը պատրաստ չէր «ատամ ցույց տալ» և պայքարել: Փաշինյանական ժամանակաշրջանում ԵՊՀ մտավորականության նախընտրած գործելաոճը լռելայն սպասելն է: Խոսելը, գործելը, այլ կերպ ասած` պայքարելը, մտավորականության ռազմավարությունը չէ: Իհարկե, խոսքը բոլորի մասին չէ: Բայց մենք չենք քննարկում առանձնահատկությունները, մենք քննարկում ենք օրինաչափությունները: 

Դիցուք` ԵՊՀ ռեկտորի վերջին ընտրությանը համալսարանական համայնքն այդպես էլ ռեկտորի թեկնածու չառաջադրեց, իսկ հոգաբարձուների խորհրդում ներկայացված համալսարանականների մեծամասնությունը կողմ քվեարկեց Փաշինյանի դրածոյին: Բացառություն էր ուսանողական հատվածը, որը դեմ քվեարկեց իշխանության թեկնածուին, չնայած որ պարզ էր` միակ թեկնածուն ընտրվելու է: Բայց սա համալսարանական համայնքի վարքագծի բնորոշումը չէ, սա ԵՊՀ ուսանողության ավանդաբար ցուցադրվող ընբոստության դրսևորումն է: Նաև հասկանալի է, որ դեմ քվեարկելով և ընդդիմանալով Փաշինյանի ռեժիմին` ուսանողները ապագայում պարզերես լինելու, չամաչելու, հանրային կյանքում տեղ ունենալու անձնական և կորպորատիվ խնդիր են լուծել:

Նույնիսկ փաշինյանական ժամանակաշրջանում ԵՊՀ-ում ձևավորված կիսաընդդիմադիր դասախոսական խմբերը հանձնվեցին ու չմասնակցեցին պայքարին: Անշուշտ, պայքար ասվածը չափազանցություն է, այդ խմբերն ավելի շատ վարչական լծակներին հասնելու համար էին պայքարում, այլ կերպ ասած` պաշտոնակռիվ էին տալիս, և ոչ թե համալսարանի շահերից բխող ազնիվ պայքար էին մղում: Այս խմբերի համար խնդիր չէր, որ Հայաստանի ղեկավարը բառի բուն իմաստով կազմաքանդում է պետությունը և երկիրը նպատակաուղված պարտության է տանում: Փաշինյանը խնդիր դարձավ, երբ պարզվեց, որ նրանից պաշտոն պոկել չի ստացվում, ռեկտորի պաշտոնում նա իր սեփական թեկնածուն ունի: Այդ պահից սկսած Փաշինյանը դարձավ անընդունելի, սակայն նույնիսկ այս պարագայում պայքար կոչվածը «խոհանոցային» մակարդակից դուրս չեկավ: Ի վերջո, հնարավոր չէ պայքարել, եթե «պայքարողներից» մեկի ընտանիքի անդամը ակտիվ հեղափոխական է եղել և աջակցել է Փաշինյանի իշխանազավթմանը, մյուսի ընտանիքի անդամը Փաշինյանի հետ կապված կազմակերպությունների աշխատակից է, մյուսը` խծբ-բաջանաղական կապեր ունի փաշինյանական շրջանակների հետ և այդպես շարունակ: Սա պայքար չէր, սա պայքարի իմիտացիա էր` անազնիվ ու մեռելածին:

Այս ամենի հետևությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ-ի վերաբերյալ իր անհեթեթ մտքերով սովորական վրեժ է լուծում համալսարանի դասախոսներից և ընդհանրապես` ԵՊՀ-ից: Վրեժ է լուծում այն հաստատությունից, որն ավարտել չի կարողացել: Ինչքան էլ խոսվի քաղաքական դրդապատճառներով դուրս մնալու մասին, միևնույնն է` բոլորն են հասկանում, որ 1995-ին իրենից ոչինչ չներկայացնող իջևանցի ուսանողը չէր կարող քաղաքական խնդիրներ առաջացներ, հետևաբար նաև հալածվեր ու հետապնդվեր: Տեղին կլինի ասել` ինչպես սովորել է, այնպես էլ երկիր է կառավարում: Խնդիրն այն է, որ ԵՊՀ համայնքը լուռ հանդուրժում է իշխանության գործողությունները և դիրքորոշում չի հայտնում, ինչից էլ Նիկոլ Փաշինյանը ոգևորվում է և հարձակման անցնում: 

Իսկ դիրքորոշում հայտնելու ձևեր շատ կան: Օրինակ` 2021-ի խորհրդարանական ընտրությունից 4 օր առաջ ԵՊՀ մի շարք դեկաններ և ամբիոնի վարիչներ մտավորականի կոչով դիմել էին ՀՀ քաղաքացիներին` «պետականության կորուստը» կանխարգելելու համար խնդրելով քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին: Նույն մարդիկ կվերահաստատե՞ն իրենց կոչն ու խնդրանքը, նորից հրապարակային կհայտարարե՞ն, որ Փաշինյանը պետք է հեռանա, կվերահաստատե՞ն, որ ընդդիմադիր են: Այս հարցից է կախված, թե ինչ ճակատագիր կունենան ստորագրողները: Սա է հարցի գինը, ի դեպ` ոչ հռետորական: 

Ալեն Հովհաննիսյան