«Մի բռնիր ձեռքս, քայլի՛ր, չեմ թողնի ընկնես». Արտո Թունջբոյաջյան

«Մի բռնիր ձեռքս, քայլի՛ր, չեմ թողնի ընկնես». Արտո Թունջբոյաջյան

«Գրեմմի»-ի մրցանակակիր, ավանգարդ ֆոլկ ոճում ստեղծագործող եւ կատարող՝ ճանաչված հայ երգիչ, մուլտիինստրումենտալիստ, աշխարհահռչակ «Armenian Navy Band» խմբի ղեկավար, «Night Ark» հայտնի ամերիկահայ ջազ-քառյակի հիմնադիր, երաժշտական «ՍերԱրտ» նախագծի համահեղինակ Արտո Թունջբոյաջյանի զրույց-մոնոլոգը «Մշակութային Հրապարակի» ընթերցողի հետ է։

Չվնասե՜ս մարդկանց եւ բնությունը

- Կյանքս ապրում եմ այսպես՝ լսում եմ ձայները, վերարտադրում եմ դրանք՝ դարձնելով երաժշտություն: Կարեւորը՝ մարդկանց եւ բնությունը չվնասեմ: Կարեւոր չէ՝ կոշկակար եմ, երաժիշտ, բժիշկ թե աղբ հավաքող, ճիշտ գոյության ամենակարեւոր ուղին մարդկանց ու բնությանը վնաս չտալն է: Իսկ եթե նաեւ միտքդ անկեղծ է, խոսքդ սուտ չէ, ապա հաստատ մի օր քո գործում հաջողելու ես: Մարդիկ մի քանի պատճառ ունեն սուտ խոսելու՝ կա՛մ վախենում են, կա՛մ ծույլ են: Սպասելով ու վախենալով՝ ոչնչի չես հասնի, պետք է գործել: Կրկնում եմ՝ մարդուն եւ բնությանը վնաս չտաս, մնացածը OK է, արա՝ ինչ սիրում ես: Մեկը ջազ է նվագում, ես՝ ավանգարդ ֆոլկ: Չեմ ասում, թե ջազը չպետք է լինի, հակառակը՝ ես ջազից եմ օգտվում, ջազը՝ ավանգարդ ֆոլկից: Մենք բոլորս ընդհանուրի մաս ենք, մենք առանձին չենք: Կարծում եմ՝ ամեն մարդ ինչ-որ իմաստ ունի ծնվելու, առաքելություն ունի եւ համընդհանուրի կարեւոր մասնիկ է: 
 

Հայ ինքնությունը

- Ծնվել եմ Թուրքիայում, իմ ինքնության պատճառով այնտեղ ինձ չեն սիրում, ոչ մի կարեւոր գործ չեմ կարող անել, ղեկավար չեմ կարող դառնալ այնտեղ: Այստեղ եկա, նույնը՝ հայաստանցի չես, չես կարող ոչնչի հասնել: Այդպես է նաեւ Ամերիկայում: Անկեղծ ասած, ես հավակնություններ չունեմ վարչապետ կամ քաղաքապետ դառնալու, պարզապես ուզում եմ, որ ինձ օտարի աչքով չնայեն: Հայաստանը մեր ազգի կենտրոնն է, մեր ազգային տունն է, ես այդ մտքով եմ այստեղ գալիս: Մի բան պիտի հասկանանք, որ մենք մեր կամքով չենք մասնատվել, սփռվելաշխարհով մեկ, մեզ ջարդել են, որից հետո ստեղծվել է մեր Սփյուռքը: Ամեն տեղ հպարտանալով եմ ասում՝ ես հայ եմ: Հայաստանում սիրում են, որ գաղափար ես առաջարկում, փող ունես առաջարկած ծրագրերիդ համար: Բայց անողն իրենք պետք է լինեն, իրենք պետք է երեւան, իրենց անունը պետք է հնչի: Համաձայն եմ, թող իմ անունը չերեւա ոչ մի տեղ, միայն թե հայ երիտասարդների լավ գաղափարները կարողանանք կյանքի կոչել: Ինչպես ֆուտբոլային թիմերն են ստեղծվում՝ հավաքելով լավագույններին, այդպես պետք է լինի ցանկացած ոլորտում: Տանզանիայից մի հայ մի առողջ միտք կարող է ունենալ մեր երկրի ու ամբողջ ազգի համար: 17 տարեկան մի հայ տղա առաջարկեց իմ տեսահոլովակի հետ կապված այնքան լավ մի միտք, որ երեք տարի փնտրում էի: Հայաստանում տաղանդ կա, հնարավորությունն էլ կա այնքան, որ կարողանաս ասելիքդ տեղ հասցնել: Այդ տաղանդն ու ասելիքը ճիշտ կազմակերպելու եւ ներկայացնելու խնդիր կա: Միշտ ասում եմ՝ նոր, թարմ, տարբերվող մտքերը պետք է ապրեցվեն, կյանքի կոչվեն, ասում են՝ կարո՞ղ ես մի օրինակ բերել, հասկանանք՝ ինչ նկատի ունես: Ասում եմ՝ չեղած բանի օրինակ չեմ կարող բերել, իսկ եղած բաները չեմ ուզում առաջարկել: Աշխարհին քո ազգը ներկայացնելու համար նորություն պետք է առաջարկես, եղած բաներն ո՞ւմ են հետաքրքիր: 13 տարեկան երեխային, որ հրաշալի տիրապետում է «iPhone»-ին, չես կարող ասել՝ ապրիր այնպես, ինչպես ապրել են Սայաթ-Նովայի ժամանակաշրջանում: Սայաթ-Նովան իր ժամանակի շունչն է պատկերել իր երգերում, մենք էլ պետք է մեր ժամանակն արտացոլենք մեր արվեստում՝ չմոռանալով Սայաթ-Նովային: Անցյալը լավ հայելի է վաղվա համար, բայց չես կարող վաղն ապրել անցյալի կյանքով ու շնչով: Անցյալում որեւէ բան փոխել չենք կարող, բայց վաղվա համար կարող ենք այսօր մտածել, գործել: Այսօր ապրում ենք երեկվա մեր մտածածով ու պատրաստվածով: 

 

Նոր Հայաստանը կծաղկի

- Ետդարձ չկա: Մաֆիական մտքերով կառավարելն էլ չի վերադառնա: Մարդիկ նոր դուռ բացեցին եւ փակեցին հին մի դուռ: Կուզեմ, որ մարդիկ իրենց մտքերն արտահայտեն, դրանք լսողներ եւ իրականացնողներ լինեն: Ինչ էլ լինի, լավ եղավ, որ այսպես եղավ, որովհետեւ սա վաղվա, մյուս օրվա ավելի լավ օր ունենալու հույս է: Եթե ես ուզենամ, հիմա կարող եմ դառնալ վարչապետ, բայց մեկ տարի առաջ դա չէի կարող, մաֆիոզ խմբի մեջ պետք է լինեի: Դրա համար էլ զարգացում չէր լինում: Իրենց ստեղծագործական միտքը լավը չէր, անընդհատ պատճառաբանում էին, թե ռուսը չի թողնի, այս կամ այն խնդիրը կա: Հաց, խնձոր ապահովեք մեր ժողովրդի համար, դրանք պարզ բաներ են, ռուսի հետ ի՞նչ կապ ունեն, ինչո՞ւ եք Թուրքիայից բանջարեղեն բերում, եթե այստեղ աճում է: Ասեմ ինչու՝ փող են ստեղծում իրենց համար: Ինչ-որ մեկը որոշել է շատ փող աշխատել: Չեմ ուզենա, որ մեր ոգեւորված ժողովուրդը հիասթափվի, եթե դա տեղի ունենա, հետո շատ դժվար կլինի նորից ոտքի հանել ժողովրդին: Եթե տնտեսությունը զարգանա, ապա ամեն բան շատ լավ կլինի: Անընդհատ ասում եմ՝ ամբողջ աշխարհի հայերն ամիսը մեկական դոլար պետք է տան Հայաստանին: Մեկ դոլարով ո՛չ կհարստանան, ո՛չ էլ կաղքատանան, բայց դրանից նոր Հայաստանը կծաղկի: Ամեն ամիս 10 միլիոն հայ եթե մեկական դոլար տա, Հայաստանի բոլոր գյուղերը ոտքի կկանգնեն: Երազում եմ, որ սա կյանքի կոչվի, կարեւոր չէ՝ իմ անունը կհնչի, թե ոչ, կարեւորը՝ իմ այս երազանքն իրականանա: 

 

Կեղտ չեմ դառնա

- Քարոզարշավներից հետո նախկինում ելույթներ ունեցել եմ, ինձ համար կարեւորը հանդիսատեսն է: Այդ ժամանակների համար Րաֆֆի Հովհաննիսյանը միակն էր, ում հետ գոնե կկարողանայիր զրուցել: Մյուսների հետ զրուցել պետք չէր, միանգամից խորովածի սեղան էին բացում, խմում, խաբում, Հայաստանի մասին կենացներ ասում: Ամեն դեպքում, ես ոչ մի կուսակցության չեմ մերժել, Րաֆֆի Հովհաննիսյանի համար էլ եմ ելույթ ունեցել, Սերժ Սարգսյանի համար էլ, մասնագիտությունս է, հրավիրում են, նվագում եմ: Չեմ բաժանում իրենց, ամենքն էլ հայ են, ուրիշ հարց է, որ ընտրողները պետք է մտածեն՝ նրանց մտքերն իրենց դո՞ւր են գալիս, թե՞ ոչ: Ես իրենց էլ եմ ասել՝ ես կեղտի մեջ կարող եմ մտնել, բայց կեղտ չեմ դառնա: Միշտ ասում եմ բոլորին՝ եթե ուզում եք անկեղծ ձեւով վաղը ծառայել մեր ժողովրդին, ես պատրաստ եմ անգամ ձեր կոշիկները մաքրել: Իսկ եթե ձեր նպատակը շատ փողն է, ուրեմն ես ձեզ հետ չեմ: Ապրում եմ այնպես, որ հանգիստ կարողանամ դիմացինի, որեւէ մարդու աչքերին նայել, մենակ դուրս գամ փողոց, գնամ հաց գնելու… Ոչ մեկի մոտ գլուխս չեմ կախում: Այո՛, չգիտակցված սխալներ թույլ եմ տալիս, բայց որեւէ մեկին մտածված վնաս չեմ տա: Թշնամի չունեմ, բայց, անշուշտ, կան մարդիկ, որ ինձ թշնամի են համարում․ դա իրենց խնդիրն է… 

 

Կարեւորը միտքն է, գաղափարը 

- Երիտասարդների համար լավ գաղափարներ ունեմ: Հանրային ռադիոյի շենքը հիանալի հնարավորություններ ունի ձայնագրություններ անելու: Մտածել եմ, որ Ռադիոյի դահլիճում կարող է ներկայացում լինել, որն ուղիղ եթերում լսելու եւ օնլայն ունկնդրելու հնարավորություն կլինի: Քիչ գումար պահանջող լավ գաղափար է: Կարեւորը՝ երիտասարդները կարողանան ձայնագրվել, դահլիճ ունենան բեմադրություն անելու համար, ակտիվություն լինի, հետաքրքիր գաղափարներով գումար վաստակելու շանս լինի: Հիմա արդեն ամենամեծ շուկան ձեռքիդ է՝ հեռախոսիդ մեջ եւ գլխումդ: Այլեւս մեծ խանութներ չեն բացում, հեռախոսիդ մեջ ավելի մեծ խանութներ կան: Հիմա կարեւորը միտքն է, գաղափարը: Եվ երիտասարդները նոր տեխնոլոգիաներից ավելի շատ են հասկանում, քան մենք, նրանք ավելի լավ մտքեր կարող են առաջ քաշել: Դրա համար էլ ասում եմ ամեն երիտասարդի՝ մի բռնիր ձեռքս, դու քայլիր, չեմ թողնի ընկնես: 

 

Ավելի մեծ հարստություն, քան նավթը 

- Աշխատասեր եմ ես, խղճիս առաջ պատասխանատու: Չեմ հավատում այն խոսքին, թե Աստված տաղանդ է տվել, ուրեմն կհասնես բարձունքների: Գիտեմ, թե ինչպես եմ հասել այստեղ: Քո գալուց առաջ պարապում էի, գնաս՝ էլի սկսելու եմ պարապել: Տարիներով օրական 5 ժամ պարապում եմ: Բայց մարդ գիտեմ, որ ամբողջ օրը նարդի է խաղում, Աստծուց բողոքում է, թե ինչու իրեն հաջողություններ չի տալիս: Կոշկակար էլ լինեի, նույն ձեւով էի ապրելու: Երազում եմ առանց ուշադրության կյանքս շարունակելու մասին: Հանգիստ լինեմ, անկեղծ ապրեմ: Ուզում եմ տարածվել այս գաղափարի մեջ՝ մենք, մարդ լինելով, ինչի՞ համար ենք ապրում: Մեր փոքր ազգից աշխարհը մեծ մտքեր չի սպասում, բայց մենք կարող ենք մեծ մտքեր ունենալ, դա ինձ համար երազանք է: Վստահ եմ, որ կարող ենք մեծ նվաճումներ ունենալ: Առանց կռվի: Թող առողջություն լինի, մենք ամեն ինչի էլ միասին կհասնենք: Կյանքը շատ անցողիկ է, այսօր քեֆերի մեջ ես, վաղը շտապ օգնության մեքենան կգա, կտանի, մյուս օրն արդեն հայտնի չէ՝ ուր ես: Պետք է աշխատենք եւ համբերենք, զոռով ոչնչի չես հասնի, էլ չեմ ասում՝ եթե հրես, կջարդվի: Ամեն ինչն իր ժամանակն ունի: Հիմա տեխնոլոգիաների ժամանակ է, տեխնոլոգիական գաղափարների դար է, դրանք ավելի մեծ հարստություն են, քան նավթը: Ուրիշ հարց, որ արհեստական բանականությունն էլ իր վտանգներն ունի համայն մարդկության համար… 

 

Սխալ սերմեր չդնեք մեր հողի մեջ

- Մենք պետք է շատ ուշադիր լինենք, որ փրկված մեր այս փոքրիկ հայկական հողը բառի ուղղակի իմաստով չպղծեն, սխալ սերմեր չդնեն մեր հողի մեջ: Մի՛ կեր լոլիկ հունվարին, որովհետեւ կերածդ լոլիկ չէ: Եթե Թուրքիայից պտուղ-բանջարեղեն են բերում կամ սերմ, դրա գումարը հետո գնում է մեր թշնամուն: Մենք նման բան  անելու իրավունք չունենք: Օրինակով ասեմ՝ մի սենդվիչի մեջ դնում են մի կտոր միս եւ վաճառում են 50 դրամով, մյուսի մեջ կեղտ են դնում եւ վաճառում են 45 դրամ: Գնում ենք մատչելի ապրանք՝ վնասելով ժողովրդին: Թուրքիայից խնձոր են բերում, որն արժե 1300 դրամ, հայկական խնձորը 300 դրամ է, հայկականը մաքուր է, Թուրքիայինը՝ ոչ: Եվ այդ խնձորի փողը գնում-մտնում է Թուրքիայի բյուջե, ապա գնում է Ադրբեջան, այնտեղից էլ գալիս, մեր զինվորին է խփում: Պետք է մտածենք, շատ մտածենք, ճիշտ մտածենք, ճիշտ գործենք…  Շատ փող ունեցողի համար հեշտ է ապրելը, բայց չունենալն էլ մի լավ կողմ ունի՝ սկսում ես մտածել, ուղեղդ աշխատացնել․ շատ փողը մարդկանց ապուշացնում է: 
 

Ապրիլի 24-ը պետք է ազգային տոն դարձնել 

- Ասել եմ՝ ապրիլի 24-ը պետք է ազգային տոն դարձնել: Անշուշտ, ոչ ոք չի կարող մոռանալ Ցեղասպանության մասին: Չպատմեմ իմ ընտանիքի պատմությունը, մեծ հայրս ու մեծ մայրս զինվորական հագուստ են հագել եւ 2 տարի կռվել են: Վատից վատ պատմություններ շատ կան: Ամեն անգամ, երբ հիշում եմ թշնամական պատմությունները, փակվում եմ: Մենք բոլորս ենք փակվում՝ ամեն մեկս կենտրոնանալով մեր մասնագիտության վրա: Մեր ինքնության համար մեզ չեն սիրում, ինչպես սեւամորթներին չեն սիրում… Եթե քո ժողովուրդը, քո ազգը տանջվել է, մահացել են ինքնության պատճառով, բայց դու դեռ կաս, ողջ ես, ուրեմն ուրախ, առողջ ապրիր: Եթե դու տխուր ես ապրում, իրենք վերջնականապես մահանում են: Եթե դու ուրախ ես ապրում, իրենք քեզ հետ ուրախանում են: Ես այսպես եմ նայում հարցին: Ինձ համար կարեւոր է ազգ լինելը, մարդ լինելը, բնության հետ անբաժան լինելը… 
 

«Գրեմմի»-ից կարեւոր մրցանակներ էլ ունեմ

- «Գրեմմի»-ն ոչինչ է ինձ համար: «Գրեմմի»-ով կամ առանց դրա՝ նույն մարդն եմ: Գործիս համար, այո՛, իմաստ ունի այն ունենալը, մասնագետները գիտեն՝ ուրեմն գործդ լավ ես արել, որ «Գրեմմի» ես ստացել: Բայց կյանքում շատ ավելի կարեւոր մրցանակներ ունեմ, քան «Գրեմմի»-ն է. ավելի կարեւոր է, որ կարողանում եմ երիտասարդությանը ոգեւորություն պարգեւել, կարողանում եմ օգնել, ավելի կարեւոր է մեկ մարդու հոգին շահելը, վստահությունը ձեռք բերելը, քան ինչ-որ մրցանակ ստանալը: Ինձ համար հարստություն է մարդկանց հոգիներում ընդունելի լինելը, դա շատ ավելի կարեւոր է, քան նյութական հարստությունը: Այդ թուղթը մենք ենք ստեղծել, վրան թվեր գրել, անունը դրել փող, հետո իրար սպանում ենք մեր սարքած փողի համար: Դա ինձ համար վատ երազ է: Ինձ համար կարեւորը մարդն է, նրա սիրտը, հոգին. որքանով որ ես եմ քեզ համար կարեւոր մարդ, նույնքան էլ դու ես ինձ համար կարեւոր: Նա, ով մեր այս զրույցը կարդալու է, ինքն էլ մեզ պես կարեւոր է…
 

Ներկայացրեց լրագրող Սիրան ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ