Ում անունը տալ՝ սա է խնդիրը

Ում անունը տալ՝ սա է խնդիրը

Մինչ օրս ում անունը տվել եմ՝ գործից հանել են: Չմտածեք, թե գլուխ եմ գովում: Ես նույնիսկ արդեն սկսել եմ վախենալ անուններ տալուց: Էն Դավիթ Սանասարյանի անունը, որին շատ արագ գործից հանեցին, ես էի առաջինը տվել: Անունը տալ ասելով՝ նկատի ունեմ տվյալ մարդու մասին մի երկու բան գրելը: Ու հենց գրեցի, որ Սերժի վախտ Հանրապետության հրապարակի արեւակեզ գորգին նստած այդ երիտասարդն ինձ հավատ չի ներշնչում, սկսվեց: ԱԱԾ-ն գործի անցավ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ մի քիչ կողքից բզբզեց, ու ամեն ինչ պատրաստ էր այլեւս:

Չմոռանամ նաեւ լրագրող ախպերներիս, նրանց ախպերներին ու նրանց ախպերների ախպերներին, որ այդ օրերին Սանասարյանին ոտքից գլուխ կոստյումահան արեցին եւ պատշաճ շորեր հագցրին: Եվ հիմա որտե՞ղ է Դավիթ Սանասարյանը, կասե՞ք: Ասում էի, չէ՞, որ նա վստահություն չի ներշնչում: Տա Աստված, որ վրաերթի ենթարկված 9-ամյա երեխայի մոր հայտարարությունը, թե Սանասարյանը հիվանդանոց է այցելել ոչ այն է՝ հարբած, ոչ այն է՝ դեղի տակ, առաջին հանդիպումից ստացած տպավորության արդյունք լինի: Այլապես այն ամենը, ինչ անցավ Դավիթի գլխով, տասը մարդու գլխով անցներ՝ չէին դիմանա: Իսկ Դավիթը դեռ տոկում է՝ «սիրում եմ բոլորիդ»:

Այն օրերին, երբ նույնիսկ շաքարավազ թերակշռողների հարցերով ԱԱԾ-ն էր զբաղվում, եւ ամեն օր լսում էինք՝ սրա խանութը մտան, նրա պահեստը ստուգեցին, երրորդին ՀԴՄ կտրոն չտպելու համար փռեցին ասֆալտին եւ այլն, ես մի ֆեյսբուքյան գրառում հղեցի ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին. «Պարոն Վանեցյան, եթե մեր տուն էլ եք գալու, երեկոյան 6-ից շուտ չգաք, որովհետեւ մինչեւ 6-ը տանը չեմ լինում: Բայց, ինչպես հետո պարզվեց, Արթուր Վանեցյանից բացի, մյուսներն իմ այս անմեղ գրառումը լուրջ էին ընդունել: Եվ ի՞նչ տեղի ունեցավ: Արթուր Վանեցյանին գործից հանեցին: Ճիշտ է, դեռ կռվում են՝ հանեցի՞ն, թե՞ հրաժարական տվեց, բայց դա չէ էականը: Էականը վերջնարդյունքն է, որն այս դեպքում կրկին ապացուցում է վերեւում ասվածը՝ ում անունը տալիս եմ՝ գործից հանում են:

Այս տեսանկյունից բավականին ամուր ընկույզ դուրս եկավ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Ես նրա անունը տվել եմ պաշտոնն ստանձնելու առաջին օրվանից, ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանի անվանը զուգահեռ: Հիշում եք երեւի, որ այդ երկու անձնավորություններն իմ իրավունքների դեմ առերեւույթ հանցանք էին կատարել՝ խոստանալով, իսկ հետո չհոգալով հեղափոխության օրերին վնասված ավտոմեքենայիս վերանորոգման ծախսերը: Այո, այո, հայտնի 300 հազար դրամի պատմությունն է սա: Ես այդ գումարը, որովհետեւ միասին էին հեղափոխություն անում, նրանց միջեւ բաշխել էի հավասարաչափ եւ նույնիսկ ժամանակ տվել, որ պարտքը մաս-մաս վերադարձնեն: Վերադարձրեցի՞ն: Միամիտ չլինեք: Գցում էին իրար վրա:

Օսիպյանը Փաշինյանին ասում էր՝ հեղափոխությունը դու ես գլխավորել՝ դու էլ պետք է տաս էդ փողը: Փաշինյանն էլ ասում էր՝ իյա, իրո՞ք, դու քո պարտականությունները վատ ես կատարել, ավտոն ջարդվել է, դու էլ գնա, «ջառմեն» քաշի: Որ շատ քաշքշեցին իրար ու տեսան, որ բանը հասնելու է դիվանբաշուն, Նիկոլը որոշեց Օսիպյանին ազատել աշխատանքից, որպեսզի պարտքն ամբողջությամբ նրա ուսերին մնա: Օսիպյանը, սակայն, թարսի պես կողի ընկավ եւ նույնիսկ չընդունեց Փաշինյանի առաջարկը՝ բարձր աշխատավարձով խորհրդական աշխատել իր մոտ եւ մանրից վերադարձնել պարտքը:

Բայց ասեմ՝ Փաշինյանը սխալվել է իր հաշվարկներում: Ես հո չե՞մ գնա, գործազուրկ ու զայրացած մարդուց փող ուզեմ: Գի՞ժ եմ, ինչ է: Եվ, ահա, պաշտոնապես հայտարարում եմ՝ պարոն Փաշինյան, այսօրվանից այդ պարտքն ամբողջովին վերաձեւակերպել եմ Ձեր անունով, այնպես որ, բարի եղեք մինչեւ Նոր տարի Ձեր պարտքը փակել:

Մարզպետների պարագայում ամեն ինչ շատ ավելի արագ է ստացվում: Ես նրանց մասին միայն վերջերս եմ սկսել գրել, բայց արդեն կան առաջին արդյունքները: Վայոց ձորի մարզպետը՝ ձեզ օրինակ: Մինչեւ հայտնի ծեծուջարդը, ես մի թեթեւ ակնարկ էի արել այն մասին, որ այդ պաշտոնում նա Փաշինյանից ավելի արագ է գիրանում: Պետք էր միայն տեսնել ֆեյսբուքյան հետեւորդներիս ակտիվությունն այդ գրառման տակ… Սոված ժողովուրդ… Արմագեդոնը գլուխը քարն էր տվել: Մեր հարեւան Շմավոնը, որ ՖԲ-ում «Շմո» ծածկանունով է հանդես գալիս, հանդիմանել էր ինձ՝ դու հո տնաքանդ չե՞ս, հիմա այդ մարդուն էլ կհանեն գործից… Չհանեցին, իհարկե, բայց ինքը հրաժարական տվեց, որովհետեւ պաշտոնում գիրանալը, ի թվս այլ անցանկալի հետեւանքների, նաեւ հաբռգեցնում է մարդուն: Ծրագրել եմ մի հիմնավոր հոդված էլ Արարատի մարզպետի մասին գրել: Կեսից մի քիչ շատ պատրաստ է արդեն, բայց դա էլ բավական է, որ նրան թռցնեն:

Մնացածը, վստահ եմ, ինքը կլրացնի կոկորդիլոսների էկզոտիկ պատմության նման այլ պատմություններով: Համաձայնեք, որ ընտրված գյուղապետին գյուղապետարանի պահակի միջոցով աշխատանքից ազատելու մասին ծանուցելն իսկապես շատ օրիգինալ է: Իսկ պակա՞ս օրիգինալ է, երբ մարզպետ մարդը բլթացնում է, թե իրավապահ համակարգը պետք է ծառայի երկրի իշխանությանը: Գոնե հավելեր՝ թավշյա իշխանությանը…

Դեռ չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է աշխատանքից ազատեն ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, որին քիչ, բայց անդրադարձել եմ: Արարատի պաշտոնը շատ նման է Հրայր Թովմասյանի պաշտոնին, եւ մինչեւ ԱԺ մեծամասնությունը նրան անվստահություն չհայտնի, դժվար կլինի նրան պաշտոնանկ անելը: Մի տարբերակ էլ կա՝ որ գլխավոր դատախազը մտնի ԱԺ եւ պահանջի, որ իրեն հանձնեն Արարատ Միրզոյանին, ենթադրենք՝ դատավորներին ահ տալու կամ վարկ վերցնելու հարցերում չափն անցնելու համար: Բայց իրադարձություններից առաջ չընկնենք: Առայժմ փաստ է, որ նա եւ ԱԺ մեծամասնությունը դեռ երկար ժամանակ ուշքի չեն գալու ՍԴ-ի «հուժկու» ապտակից: Սրան էլ կարող է հետեւել Փաշինյանի ցասումը, որից, ասում են, Աստված հեռու պահի:

Իմ հաշվարկով՝ ռիսկային գոտում պետք է լինի նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Ես նրա մասին մի քանի հրապարակումներ արդեն արել եմ, բայց ինքն էլ հետ չի մնացել իրեն վստահված ոլորտը (ները) խայտառակելու գործում: Հայաստանում ԿԳՄՍ նախարարին գործից հանելու համար շատ բան պետք չէ: Եթե նա բանակում չի ծառայել, Թումանյանից մի քառյակ անգամ չի կարողանում կարդալ, չի հանդուրժում եկեղեցականի ներկայությունը դպրոցում, մեկուսի հանդիպում է խառը սեռական կողմնորոշում ունեցող դեմքերի հետ, յուրահատուկ կարծիք ունի թմրանյութերի առնչությամբ, բացահայտ սորոսական է, պայքարում է հանուն սատանիստների բազմացման եւ տակից խաղեր է տալիս հայոց լեզուն եւ հայ ժողովրդի պատմությունը պարտադիր առարկաների ցանկից հանելու համար, ապա նա, եթե նրա մասին բան էլ չգրես, գործից հանածի պես մի բան է դառնում:

Այսքանը կարդալուց հետո ընթերցողի մեջ, հնարավոր է, տրամաբանական հարց առաջանա՝ բա որ այդքան գրում ես Նիկոլ Փաշինյանի մասին, ինչո՞ւ գործից չեն հանում: Ստիպված եմ հիշեցնել հայտնի ֆիլմի հանճարեղ ֆրազը: Կներեք, որ ռուսերեն է. «Кто же его посадит. Он же памятник!»: Փաշինյանը, այո, հուշարձան է՝ այդ բառի ուղիղ եւ փոխաբերական առումներով: Հուշն ու արձանն Իջեւանում են, ինքը՝ որպես կենդանի հուշարձան, Երեւանում, որ նստել է կառավարության շենքում եւ հրաման հրամանի հետեւից է ստորագրում՝ այսինչին ազատել, այնինչին նշանակել, այսինչին ազատել, այնինչին նշանակել… Բա որ այս նեղ մաջալին Փաշինյանին գործից հանեն, այդքան հրաման ո՞վ է ստորագրելու: Այնպես որ, պետք է մի փոքր սպասել, եւ Փաշինյանը՝ ինքը կհեռանա՝ տեսնելով փողոց փակող առաջին Պողոսին: