Վանեցյանի ներկայացուցիչները դատարանում ԶԼՄ֊ների նյութերը ներկայացրին, Քոչարյանի ներկայացուցիչն էլ ժամանակ խնդրեց (տեսանյութ)

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում այսօր շարունակվեց «Սեդրակ Քոչարյանն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի» քաղհայցով նախնական դատական նիստը։

Դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ՝ այսօրվա նիստին պատասխանող կողմի ներկայացուցիչները ներկայացրին գրավոր ապացույցներ, որոնք լրատվական կայքերի հրապարակումներն էին եւ ԱԱԾ մամուլի կենտրոնի հայտարարությունը։ Իսկ թե դրանք ինչպիսի՞ ապացույցներ են, ներկայացուցիչներն ասացին, որ դրան կանդրադառնան դատաքննության փուլում։ Նշենք, որ դատարանին ներկայացված հոդվածների շարքում էր նաեւ «Հրապարակ»֊ի «Սեդրակ Քոչարյանը նյութական փոխհատուցում չի պահանջում Վանեցյանից» վերտառությամբ նյութը։

Հայցվորի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը դատարանին միջնորդեց ժամանակ տրամադրել՝ նյութերին ծանոթանալու համար, քանի որ դրանք բաղկացած են 12 էջից։ Մինչդեռ պատասխանող կողմը նշեց, որ նյութերը լրատվական կայքերում արդեն հրապարակվել են եւ դատարանը կարող է ներկայացուցչին տրամադրել 1 րոպե ժամանակ՝ ԱԱԾ մամուլի կենտրոնի հայտարարությանը ծանոթանալու համար։

Այնուամենայնիվ, դատարանը բավարարեց միջնորդությունը։ Այսօրվա նախնական դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց ապրիլի 23֊ին, ժամը 16։00֊ին։

Նիստի ավարտից հետո լրագրողները Վանեցյանի պաշտպաններից փորձեցին հետաքրքրվել հրապարակված նյութերը ներկայացնելու վերաբերյալ, սակայն նրանք ոչինչ չասացին, միայն քայլելու ընթացքում շպրտեցին բառեր. «Դատաքննության ընթացքում»։

 Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի որդին հայց էր ներկայացրել Վանեցյանի դեմ՝ պահանջելով զրպարտության դիմաց հրապարակայնորեն հերքում:

Խոսքը վերաբերում է Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դոլար կաշառքով կարողացել է հյուրանոց գնել։ ԱԱԾ տնօրենն այդ մասին ասել էր իր եւ ՀՔԾ պետի սկանդալային հեռախոսազրույցի հրապարակմանը հաջորդած ասուլիսի ընթացքում: