Քաղաքապետարանի  «բարի» ու «չար» երեսները

Քաղաքապետարանի  «բարի» ու «չար» երեսները

Օպերայի մերձակայքում սրճարաններն ապամոնտաժելուց ու խմբագրություններին հայտնի ծանուցումներն ուղարկելուց հետո Երևանի քաղաքապետարանը որոշել է ցույց տալ նաև իր դեմքի  «բարի» կամ պոպուլիստական երեսը եւ այդ նպատակով օրակարգ է մտցրել կույրերի, խուլերի միավորումներին ու պատերազմի վետերանների միություններին մոտ 10 միլիոն դրամի գույքային արտոնություններ տալու հարցը։

Խուլերի միավորման դեպքում, օրինակ, նախագծին կից հիմնավորումը սրտաճմլիկ մի տեքստ է՝ այն մասին, որ կազմակերպությունը չի կարողանում վճարել Երևանի ամենաթանկ հատվածում՝ Կողբացի 69 հասցեում գտնվող շինության 2018 թվականին վճարելիք 3 միլիոն 745 հազար դրամի գույքահարկը՝ հայտնվելով անելանելի վիճակում, այն պատճառով, որ այս շենքի վարձակալ կազմակերպությունների մեծ մասը, լուծելով պայմանագրերը, հեռացել են, և միավորումը զրկվել է հարկային վճարումները կատարելու հնարավորությունից:

Էլ ավելի պահանջարկված Իսահակյան 18 և Քաջազնունի հասցեներում գտնվող Հայաստանի կույրերի միավորման դեպքում էլ է քաղաքապետարանը մեծահոգաբար զիջում 3 միլիոն 38 հազար դրամը՝ չհաշված տույժերն ու ապառքները։ Հայրենական մեծ պատերազմի վետերանների, Արցախյան և Աֆղանստանի պատերազմներում զոհվածների, վիրավորված և ստացած վնասվածքներից հաջորդած տարիների ընթացքում մահացածների ընտանիքներին, Արցախյան և Աֆղանստանի պատերազմների առաջին և երկրորդ խմբի զինհաշմանդամներին, ընդհանուր 674 հոգու էլ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն առաջարկում է տալ (ի դեպ, նախագծում, չգիտես ինչու, նշված է՝ մինչև 2018-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ) 3․500․000 դրամի գույքային արտոնություն։

«Սարոյան եղբայրներ» ֆիլմում Գևորգն ասում է․ «Ասում եմ՝ սոված մանուկներ»։ Ասում ենք, այսինքն, տարեց, վատառողջ թոշակառուներ, հաշմանդամների տարբեր կազմակերպություններ, որոնք, ի դեպ, նույնպես ՀԿ-ներ են, օրինակ՝ «Զեյթուն» կամ «Աստղավարդ» հաշմանդամ երեխաների ծնողական կազմակերպությունները և 
շատ այլ կազմակերպություններ, միգուցե պարզվի, որ նույնպիսի խնդիրներ ունեն և նույնքան անելանելի վիճակո՞ւմ են։

Քաղաքապետարանը շատ է սիրում խոսել բոլորի համար հավասար պայմաններ և արդար մոտեցում դրսեւորելու մասին։ Եվ խմբագրություններին տարածքն ազատելու իր «տիպային» ծանուցագրերը հիմնավորել էր հենց նրանով, որ արդար չէ, երբ տարբեր պայմաններում են․ ասենք, «Հրապարակն» ու «Ա1+»-ը չեն վճարում, իսկ «Հետքը» վճարում է։ Հավասարության սկզբունքը պահանջում է, որ բոլորը վճարեն, մանավանդ՝ մայրաքաղաքի շահը դա է պահանջում։ Այս դեպքում Մարությանն իր իսկ որոշման նախագծում նշում է, որ անվարձահատույց հատկացված տարածքները վարձով տալ չկարողանալու պատճառով միավորումները հայտնվել են անելանելի վիճակում, ուստի նրանց պետք է գույքահարկից ազատել։

Նշենք, որ հասարակական կազմակերպության կարգավիճակ ունեցող այս 2 կազմակերպությունները նորանկախ Հայաստանին ժառանգություն են հասել խորհրդային կարգերից, երբ այս միությունների անդամներն աշխատում էին տարբեր ձեռնարկություններում, գրեթե բոլոր քաղաքներում ունեին արտադրական տարածքներ, արտադրում էին տարբեր կենցաղային ապրանքներ, եւ դրանք միութենական խողովակներով ուղարկվում էին միութենական շուկա, իսկ իրացումից հետո գումարները հետ էին գալիս Հայաստան։

Հիմա այդ ամենը վաղուց չկա, և, օրինակ, Էջմիածնում, Աշտարակում, Արտաշատում, Երևանում, Վանաձորում, Գյումրիում և այլ քաղաքներում Կույրերի միավորմանը պատկանող արտադրամասերից միայն Էջմիածնում գտնվող արտադրամասն է, որ  թեթև ծանրաբեռնվածությամբ աշխատում է, և մի քանի տարածք մասնակիորեն տրվում է վարձակալության։ Փոխարենը, բոլոր ձեռնարկություններում (միայն Երևանում կազմակերպությունն ունի 2 ձեռնարկություն) կազմակերպությունն ունի պահակներ (ամեն կազմակերպությունում՝ 3-ական), այլ տեխնիկական աշխատողներ եւ նախագահների, բազմաթիվ տեղակալների, հաշվապահների հետ միասին վճարում է աշխատավարձ։ Ու ստացվում է այնպես, որ Կապանում միավորումն ինչ-որ շենք է պահում, աշխատավարձ տալիս, եւ դրա դիմաց վճարում է Երևանի քաղաքապետարանը։

Կույրերի միավորման փոխնախագահ Մարտին Սարգսյանն առաջարկում է․ «Գնացեք՝ Կոմիտասի շուկայի տարածքի հետևը հսկա տարածք կա, ընդամենը 10-15 տոկոսն է վարձով տրվում, դատարկ մնացել է։ Հայաստանում հիմա ո՞վ է տարածք վերցնում։ Կամ վերանորոգում․․․ մի հատ տանիք վերանորոգելը գիտե՞ս ինչ արժի։ Դրա համար խնդրել ենք քաղաքապետարանին՝ գույքահարկի հարցում մեզ աջակցի»։ Փոխնախագահը նշեց, որ իրենց աշխատավարձերն էլ հիմնականում գոյանում են այդ վարձակալական  գումարներից։ Կույրերի միավորման 1500-ից ավելի անդամներից աշխատավարձ ստանում է շուրջ 215-ը։ 

Հարցին, թե հասարակական կազմակերպության կարգավիճակ ունեցող միավորման ինչին են պետք նման կառույցները, եթե մանավանդ ֆինանսական բեռ են, ինչու չեն վաճառում, հանձնվում պետությանը, միավորման փոխնախագահը պատասխանեց․ «Ձեռնարկությունները պիտի պահպանենք, բա էս շենքերը սարքել ենք ինչի՞ համար։ Պետությանն էլ տան, որ ի՞նչ, բա կույրերն ի՞նչ կասեն։ Եթե էդ շենքերը վերցնենք տանք պետությանը, մեր գլուխը կույրերը կջարդեն»։ Կույրերի միավորման փոխնախագահը  երանությամբ հիշում է սովետական ժամանակները, երբ միավորումը մինչև 40 միլիոն ռուբլու արտադրանք էր տալիս ու հիմա, որպես իրենց միավորման առողջացման հեռանկար, սպասում է, թե երբ են շվեյցարացիները, ռուսներն ու վրացիները բացելու աբխազական ճանապարհը, որ իրենց արտադրանքը բարեհաջող արտահանեն եվրասիական երկրներ։

Նմանատիպ խնդիրներ ունի նաև Խուլերի միավորումը։ Խոսեցինք ընկերության հաշվապահի հետ, ով ասաց․ «Երևի լսած կլինեք, որ խուլերի մոտ անախորժություններ կան, և հիմա վարձակալություն, ամեն ինչ կանգ է առած, որովհետև վարձակալության չեն վերցնում, ոչ մի եկամուտ չունենք»։

ՀԳ․ Իհարկե, Խուլերի միավորման զբաղեցրած շենքը սեփականության իրավունքով պատկանում է ՀԿ-ին, բայց եթե քաղաքապետարանը չի ափսոսում, միլիոնավոր դրամի գույքահարկ է ներում, կարող է և օգնել վարձակալներ գտնելու հարցում։ Համենայնդեպս՝ եթե որոշել են գույքահարկը ներել, ապա նման ծանր պայմաններում գտնվող այնքան շատ կազմակերպություն ու մարդիկ կան՝ միայնակ մայրեր ու ծերեր, բազմազավակ ընտանիքներ ու միակողմանի ծնողազուրկներ։ Բա էլ ո՞ւր մնաց հավասարության սկզբունքը։