Ինչու Փոստանջյանը ոչ մի քաղաքական ուժի հետ չի համագործակցում

Ինչու Փոստանջյանը ոչ մի քաղաքական ուժի հետ չի համագործակցում
Զարուհի Փոստանջյան

«Հրապարակի» հարցազրույցը ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ

- Տիկին Փոստանջյան, Դուք շարունակ նշում եք, որ Հայաստանում ընդամենը տեղափոխություն է եղել՝ ՀՀԿ-ին փոխարինել է ՔՊԿ-ն, ասում եք, որ Ազգային ժողովում չկա բազմակարծություն։ Տեսեք՝ այս ընտրություններից հետո ընդդիմությունը նույն վիճակում է, ինչ 2017-ի ապրիլի 2-ից հետո, այսինքն՝ ինչ-որ առումով ջախջախված, 0․1, 0․22 եւ նման տոկոսներ ստացած։ Չե՞ք տեսնում միավորման անհրաժեշտություն, Ձեր պարագայում, օրինակ, նույն «Ժառանգության», «Սասնա ծռերի» հետ՝ Ձեր նշած երեւույթների դեմ պայքարելու համար։ Ի վերջո, նշածս քաղաքական ուժերից Ձեզ միշտ համագործակցության առաջարկներ են եղել։  

- Բազմիցս եմ նշել, որ միավորումներ եթե կարող են լինել, ապա պետք է լինեն սկզբունքների, ծրագրերի եւ գաղափարախոսության շուրջ։ Ես իրենց նույն սկզբունքները, գաղափարախոսությունն ու ծրագիր՝ այս երեքն իրար հետ համատեղելի, չեմ տեսնում։ 

- Բայց ոմանց հետ շատ մոտ, ընդհանուր հայացքներ ունեք։

- Գիտեք՝ պատահական չէր 2017-ին հրաժարումս իրենցից, հատկապես «Ժառանգությունից», եւ այլ ուղղությամբ գնալը, այսինքն՝ իմ առանձին լինելը։ Եվ պատահական չէր, որ այս անգամ էլ ես իրենց հետ չեմ գնացել։ Դա գաղափարական, սկզբունքային եւ այլ տարբերության պատճառով էր։

- Այսինքն՝ կամուրջները մինչեւ վերջ այրված են, եւ նույնիսկ այս պայմաններում, երբ նշում եք, որ բազմակարծություն չկա, հնարավո՞ր չէ միավորումը։

- Չէ, իրենց հետ ընդհանրություններ չկան։ Այս պահի դրությամբ նույն «Սասնա ծռերը» գովերգում են Նիկոլ Փաշինյանին ու կառավարությունը։

Ինչո՞ւ, քննադատում են, քարոզարշավի ժամանակ ասում էին՝ մեզ ոստիկանությունը հետեւում է, ԵԱՏՄ-ի հարցով հանձնաժողով մի ստեղծեք եւ այլն։

- Քաղաքականությունը գաղափարախոսություն է, ծրագիր եւ սկզբունքներ։ Նույն ծրագիրը, նույն գաղափարախոսությունն ու սկզբունքները առնվազն պետք է համընկնեն։ Նման բան չկա։

- «Լուսավոր Հայաստանում» եւս ժամանակին գնահատում էին, առաջ վատ չէին հարաբերությունները Նիկոլ Փաշինյանի հետ։ Համագործակցություն չստացվեց ոչ մեկի հետ։ Ինչո՞ւ։

- Սերժ Սարգսյանի պրոյեկտների մեջ ներգրավվածությունը մեր կողմից բացառվում է։

- Հայաստանում չե՞ք տեսնում ուժ, որը չի գովերգում Նիկոլ Փաշինյանին։

- Այդ ուժերը շուտով արդեն իրենց հայտերը կներկայացնեն։

- Ունե՞ք ծրագիր՝ պայքարի, ի, վերջո, ի՞նչ կարելի է անել։

- Այո։

- Դեռեւս քննադատելու փուլում եք։

- Սխալվում եք, որ քննադատելու փուլում եմ, որովհետեւ նախանցյալ տարվանից մեր կուսակցության ջանքերը տեսել եք՝ մենք եղել ենք 3 շրջաններում, 3 պտույտ ենք արել եւ նաեւ եղել ենք սփյուռքում՝ Լոս Անջելես, Բեյրութ, Մոսկվա, եւ սա շարունակվում է։ Սա պետք է լինի համազգային խնդիր եւ համազգային ճակատ, այլ ոչ թե ինչ-որ մի խումբ, որն իրեն ընդդիմություն է կոչում։

- Ե՞րբ կարող է այդ ընդդիմադիր համազգային ճակատը ձեւավորվել, այս փուլում հնարավո՞ր է։

- Ամեն ինչ հնարավոր է, եւ մենք այդ ուղղությամբ աշխատում ենք։

- Իսկ մասնավորապես ի՞նչ եք պատրաստվում անել։

- Այս մասին կտեղեկանաք։

- Լինելու է ինչ-որ հանրահավաքայի՞ն պայքար, փողոցայի՞ն։

- Բոլոր մեր գործողությունները լինելու են հրապարակային, եւ նորից եմ ասում՝ կտեղեկանաք։

- Ասում եք՝ Սերժ Սարգսյանը պրոյեկտումներ է անում, ինչո՞ւ։

- Բռնապետության կյանքը երկարաձգելու համար, նոր արյուն, որպեսզի այդ ծերացած մարմինը կարողանա որոշ չափով ապրել։

- Ինչո՞վ եք զբաղվելու առաջիկայում, փաստաբանությա՞մբ։

- Նաեւ քաղաքական գործունեությամբ։