Դիվանագիտություն Տավշո չափանիշներով՝ մարզպետ Չոբանյանը լիբանանցիների հետ ջերմ անձնական հարաբերություններ է կառուցում

Դիվանագիտություն Տավշո չափանիշներով՝ մարզպետ Չոբանյանը լիբանանցիների հետ ջերմ անձնական հարաբերություններ է կառուցում

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի համար իր մարզը մի պետություն է, իսկ ինքն այդ պետության նախագահն է։ Նա հյուրեր է ընդունում, այցելությունների է մեկնում հարեւան մարզեր, անգամ՝ երկրներ։ Մարզպետարանի կայքում կարելի է գտնել նյութ այն մասին, թե ինչպես է Հայկ Չոբանյանը մեկնել Երեւան՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի աշխատանքներին ծանոթանալու, իսկ տնօրեն Մարի Լու Փափազյանն այդ այցելության ընթացքում ուղեկցել է մարզպետին։ Չոբանյանը նաեւ պատվիրակություններ է ընդունում, օրինակ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը։ Ամեն լուրում Չոբանյանի խոսքն է, նա բոլոր լուսանկարներում է, անպայման նկարի մի որեւէ անկյունից երեւում է։ Անմարզպետ նկարներ էլ են պատահում՝ ասենք, կովերի նկար կա գյուղատնտեսության մասին նյութում, կամ Տավուշի գեղատեսիլ վայրերը՝ Կիրանցի եկեղեցին, բնության պատկերներ, բայց՝ քիչ։ Արդար լինելու համար նկատենք, որ այս գավառականությունն ամենուր է տիրում, նաեւ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում, բայց այսօրվա թեման Տավուշն է։

Առհասարակ, մարզպետարանի կայքը Սերժի ժամանակվա «Հայլուրն» է հիշեցնում։ Խոսքի ազատություն Տավուշի հանրապետությունում, բնականաբար, չկա։ Մամուլի հետ խոսելու համար Տավուշում գրավոր բացատրություններ են տալիս։ Անցյալ տարվա մայիսին Նոյեմբերյանի ավագանին որոշում ընդունեց համայնքի տարածքում երկրաբանական եւ մետաղական հանքերի շահագործման աշխատանքներն արգելելու մասին։ Մարզպետը ԶԼՄ-ներից մեկին ասաց, որ համայնքը պետք է գործի տեղական ինքնակառավարման օրենսդրության սահմաններում, ինչից նոյեմբերյանցիները որոշեցին, որ իրենց մեղադրում են օրենքը խախտելու մեջ։ Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը  համարձակվեց նման մեկնաբանությամբ հանդես գալ ԶԼՄ-ներից մեկում։ «Նոյեմբերյանի համայնքապետը կամայականորեն է մեկնաբանել մարզպետարանից ստացված գրությունները: Համայնքապետին առաջարկվել է գրավոր բացատրություն տալ՝ հրապարակման մեջ առկա փաստերի խեղաթյուրման վերաբերյալ»,- գրված է մարզպետարանի կայքում։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մայիսին մեկնել էր Լիբանան՝ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ, հյուրընկալվել Կիլիկիայի թեմի առաջնորդ Արամ Առաջին կաթողիկոսին։ Մարզպետարանի կայքը, իհարկե, լայնորեն լուսաբանել է լիբանանյան այցը՝ մարզպետով նկարներ տեղադրել, նյութեր, որոնցից երեւում է, թե ինչ ջերմությամբ են լիբանանահայ գաղթօջախի ներկայացուցիչները, գործարարներն ընդունել հյուրերին, իսկ Լիբանանում հայկական դեսպանատունը կազմակերպել է մարզպետի հանդիպումը մոտ 50 գործարարների հետ։ Մարզպետն իր հերթին լիբանանցի պաշտոնյաներին հրավիրել է մասնակցելու հունիսի 22-23-ին Դիլիջանում կայանալիք բիզնես-համաժողովին։

Պատասխան այցը Դիլիջան կայացել է, սակայն Դիլիջանի ֆորումի ժամանակ մարզպետ Չոբանյանը Փաշինյանի կողքին է եղել, նրան է հատկացրել իր ուշադրության առյուծի բաժինը, եւ լիբանանցի հյուրերն իրենց անտեսված են զգացել։ Լիբանանցիք նեղ շրջանակում խոսել են շեֆի շուրջ նրա ինքնամոռաց պտույտների մասին։ Խոսակցության թեմա է դարձել նաեւ այն, որ Տավուշի մարզպետը որոշել է ուղիղ հարաբերվել Բեքքայի նահանգապետ Քամալ Աբու Ջաուդի հետ, Տավուշ-Բեքքա համագործակցության եզրեր գտնել, սակայն ո՛չ ԱԳՆ-ն, ո՛չ Լիբանանում Հայաստանի դեսպանատունն այդ մասին չեն տեղեկացվել։ Ինչո՞ւ։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը պատասխանում է․ «Դիլիջան բիզնես-ֆորումին այցելել է Բեքքայի նահանգապետը, եւ մենք համագործակցության հուշագիր ենք ստորագրում։ Մենք այսպիսի հուշագիր ունենք նաեւ Գերմանիայի Ռեգենի երկրամասի հետ, այլ նահանգների հետ՝ տարբեր երկրներում։

Երկու նահանգներ երբ որ պայմանավորվում են համագործակցության մասին, հուշագրի տեքստը պատրաստվում է եւ ուղարկվում երկու երկրների արտաքին գործերի նախարարություններին։ Մենք ուղարկել ենք հուշագրի տեքստը․ ես՝ ՀՀ ԱԳՆ, նահանգապետը՝ Լիբանանի ԱԳՆ, եւ հիմա սպասում ենք, որ պետական հաստատումից հետո այդ գործարքը մտնի ուժի մեջ։ Կկնքվի, երբ ԱԳՆ կողմից հաստատում ստանա»։ Ամեն դեպքում՝ ԱԳՆ-ն հետին թվով է տեղեկացվել մարզպետի միջազգային կապերի մասին։ Համագործակցելու են գյուղատնտեսության վերամշակող արտադրության եւ տուրիզմի բնագավառում, սակայն առայժմ փոխայցելությունների եւ միմյանց առեւտրային հարթակներում ներկա լինելու բարի կամեցողության արտահայտման փուլում են։
Չոբանյանին հարց տվեցինք՝ հնարավո՞ր է, որ Դուք անտեսած լինեք լիբանանյան հյուրերին դիլիջանյան ֆորումի օրերին, որ իրենք այնքան էլ տպավորված չլինեն իրենց այցից։

«Ինձ համար ընդունելի չի իրենց տպավորություն ասածը։ Իմ հյուրը եղել է նահանգապետը, ամեն ինչ եղել է հավուր պատշաճի եւ պրոտոկոլին համապատասխան։ Քանի որ միջոցառմանը մասնակցել է վարչապետը, բնականաբար, այդ բոլոր հարցերը եղել են պրոտոկոլի համաձայն։ Յուրաքանչյուր գործարար կարող է ինչ-որ կարծիք ունենալ ինչ-որ բանի վերաբերյալ, բայց կա պետություն, կա պրոտոկոլ, կա համապատասխան կանոնակարգ։ Եղել է շատ հստակ վերաբերմունք։ Ես գիտեմ՝ պատվիրակության անդամներն ովքեր են եղել, այդ մարդկանց հետ անձամբ շփվել եմ, մինչեւ վերջին օրը միասին ենք եղել, ճանապարհել եմ»,- ասաց Հայկ Չոբանյանը։ Նա վստահեցնում է, որ ե՛ւ իրենք են մեզ լավ ընդունել, ե՛ւ մենք՝ իրենց։ «Եթե ինչ-որ մարդիկ կողքին կանգնած կարող են ինչ-որ կարծիք ունենալ, որը կապ չունի ո՛չ պրոտոկոլի, ո՛չ իրականության, ո՛չ մեր հարաբերությունների հետ»։ Հոկտեմբերին Լիբանանում Տավուշի ներդրումային համաժողով է կազմակերպվելու, որին մասնակցելու հրավեր է ստացել նաեւ Հայկ Չոբանյանը։