Ինչ են տալու Հայաստանին այս թանկարժեք գործուղումները

Ինչ են տալու Հայաստանին այս թանկարժեք գործուղումները

ՀՀ իշխանություններից երեք առանցքային պաշտոնյա արդեն մեկ շաբաթ Վաշինգտոնում են՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Հայաստանի պաշտոնյաների ունեցած հանդիպումների մակարդակից, կնքված փաստաթղթերի ցանկից կարելի է պատկերացում կազմել, թե ինչ են տալու այդ այցերը Հայաստանին։

Վերջին մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ, Կրոնական ազատության հարցերով նախարարական երկրորդ համաժողովին մասնակցելու նպատակով, աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 16-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ, հենց ում կուրացիայի տակ են մեր տարածաշրջանային հարցերը։

Չնայած միջոցառմանը մասնակցում էր անձամբ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, սակայն ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպել է պետքարտուղարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարը։ Հիշեցնենք, որ հունիսի 19-ին եւս աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Մնացականյանը հանդիպել էր Ռիքերի հետ։ Հունիսյան այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել էր նաեւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։

Իսկ Տիգրան Ավինյանի հանդիպումներում հայ-ամերիկյան փոխհամագործակցության օրակարգը մեծ հաշվով բացակայում է․ նա մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական խորհրդի կայուն զարգացման հարցերով  քաղաքական ֆորումին։ 

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը, ապա այս դեպքում էլ երեկվա դրությամբ կայացած հանդիպումները չի կարելի որակել բարձր մակարդակի։ Հանդիպում է եղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ` դեմոկրատ Նենսի Փելոսիի հետ, ընդ որում՝ ինչ-որ անհասկանալի սենյակում։ Անգամ եթե ընդունենք, որ դա մեծ հաջողություն է ԱԺ խոսնակի համար, ապա փորձագետների գնահատմամբ՝ կալիֆորնիացի Փելոսիի հետ հանդիպման հարցում դեր է ունեցել Կալիֆորնիայի հայ համայնքը, Փելոսին մշտապես է աչքի ընկել պրոհայկական նախաձեռնություններով եւ Կալիֆորնիայի հայության համակրանքը պահպանելու խնդիր ունի։

Արարատ Միրզոյանը հանդիպել է նաեւ ԱՄՆ Սենատի «Լիլիթ Մակունցի», այսինքն՝ մեծամասնության՝ հանրապետականների խմբակցության ղեկավարի հետ։ Երեկ էլ հանդիպել է պրոհայկական դիրքորոշում ունեցող կոնգրեսականներ Էլիոթ Էնգելի, Ֆրանկ Փալոնի, Ջեքի Սփիրի հետ։ Ի դեպ, այս բոլոր պաշտոնյաները ոչ մի տող չեն գրել Միրզոյանի հետ հանդիպումների մասին՝ ո՛չ պաշտոնական հաղորդագրություններով, ո՛չ Թվիթերում։

Միջազգային իրավունքի մասնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանն ասում է, որ ներկայիս իշխանությանը չի հաջողվել մինչ օրս ԱՄՆ գործադիր իշխանությունների հետ բարձր մակարդակի հանդիպումներ ունենալ, իսկ օրենսդիրների հետ հանդիպումների հարցում ամերիկյան հայ համայնքն ու նրա ազդեցությունն են դեր խաղացել։

«Հիմա շատ կարեւոր է շփումները նախագահի, այսպես կոչված, աշխատակազմի կամ Սպիտակ տան հետ, շատ ակտիվ պետք է աշխատել թե՛ Պետդեպի, թե՛ Պենտագոնի, թե՛ Անվտանգության խորհրդի հետ, ցավոք, բարձր մակարդակի հանդիպումներ տեղի չեն ունեցել, օրինակ՝ Փաշինյան-Թրամփ կամ Պոմպեո-Մնացականյան, կամ պաշտպանության քարտուղար եւ ՀՀ պաշտպանության նախարար, ընդհանրապես՝ վերջին տարիներին նման  հանդիպումներ, շփումներ չեն եղել, չնայած  Թրամփն արդեն երկուսուկես տարի նախագահ է»։ Հայաստանի իշխանությունների շփումը չի ստացվում, որովհետեւ, ըստ քաղաքագետի, ԱՄՆ գործող իշխանությունը չափազանց պրագմատիկ է։ «Առաջնորդվում է իր սեփական շահերով եւ Հայաստանից առանձնապես ակնկալիք եւ շահ չունի, դրա համար մեծ հաշվով բարձր մակարդակի գործադիր իշխանության թեւերի միջեւ հանդիպումներ տեղի չեն ունենում։ Թեպետ բոլոր ջանքերը, կարծում եմ, գործադրվում են մեր կողմից»,- նկատեց Սարգսյանը։

Քաղաքագետը դժվարանում է գնահատել, թե ինչ են տալու այս այցերը մեր պետությանը։ Նա նկատում է՝ արտգործնախարար Մնացականյանն ԱՄՆ էր մեկնել՝ մասնակցելու Կրոնական ազատության հարցերով նախարարական 2-րդ համաժողովին եւ «առիթից օգտվելով»՝ հանդիպել է պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարին, սակայն զրույցի մանրամասները հայտնի չեն։ Իսկ ԱԺ խոսնակի հանդիպումների մասին ասաց․ «Պետք է ակտիվացնել հանդիպումները Կոնգրեսի հետ եւ չսահմանափակվել միայն միջազգային համաժողովների շրջանակներում հանդիպումներով։ Պետք է պարբերաբար այցելություններ կազմակերպել եւ ավելի գլոբալ օրակարգով հանդիպումներ ունենալ կոնգրեսականների հետ։ Դա, հաստատ, կտա իր արդյունքը, որովհետեւ ԱՄՆ Կոնգրեսը լուրջ ազդեցություն ունի նախագահի ադմինիստրացիայի վրա, եթե գործադիրը չի կարողանում էֆեկտիվ աշխատել օրենսդիրի հետ, ապա օրենսդիրը պետք է Կոնգրեսի միջոցով գործադիրի վրա որոշակի ազդեցություն գործի հարաբերությունները խորացնելու հարցով»։

Ի դեպ, հիշեցնենք, որ ԱԺ նախագահի գլխավորած 9 հոգանոց պատվիրակությունն ԱՄՆ-ում կանցկացնի 10-12 օր, ինչը բյուջեի վրա կնստի 60 հազար դոլարից ավելի: 
Ամփոփելով իշխանությունների ԱՄՆ այցերը՝ Սարգսյանը նկատեց․ «Վերջինը մեր տրանսպորտի նախարարն էր մեկնել ԱՄՆ․ իր գործընկերոջ հետ հանդիպում չի ունեցել, պաշտպանության նախարարը եղել է ԱՄՆ-ում, պաշտպանության քարտուղարի հետ հանդիպում չի ունեցել, արտգործնախարարը 2 անգամ եղել է Վաշինգտոնում՝ պետքարտուղարի հետ հանդիպում չի ունեցել, ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին Վաշինգտոնում Բոլթոնը չի ընդունել, ընդունել է ԱԱԽ աշխատակիցներից մեկը, ով մեր ԱԱԽ քարտուղարի հետ հանդիպումից երկու օր հետո աշխատանքից դուրս է եկել։ Այսինքն, ակտիվ շփումներ գործադիրում ընդհանրապես չկան, եւ սա մտահոգության տեղիք է տալիս։ Որովհետեւ եթե ամեն ինչ դիտարկենք համեմատության մեջ, ապա ընդամենը մեկ տարի առաջ Ադրբեջանի եւ ԱՄՆ պաշտպանության եւ արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների համատեղ հանդիպում է եղել, եւ այս օրերին տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը միլիոնավոր դոլարների ռազմական աջակցություն է ստացել ԱՄՆ-ից»։
Հիշեցնենք, որ Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումներ նախագահների մակարդակով եղել են 2009-ին՝ Սերժ Սարգսյանի եւ Օբամայի միջեւ, իսկ 2012-ին փոխնախագահ Ջո Բայդենն ու վարչապետ Տիգրան Սարգսյանն են հանդիպել։