Օսիպյանի մտքի սնանկությունը

Օսիպյանի մտքի սնանկությունը

Երեկ մեր թերթում «Եթե Օսիպյանը մտածելու կարողություն ունենար» վերնագրով հոդված էինք հրապարակել, որին ի պատասխան ՀՀ ոստիկանությունը իր պաշտոնական կայքում տեղադրել ,այնուհետեւ խմբագրություն է ուղարկել «Պարզաբանում» վերնագրված մի գրություն, որ ակամա հաստատում է դրա հեղինակի կամ հեղինակների մտածելու կարողության հանդեպ հոդվածում հայտնված կասկածները: 

Նախ թերթի հրապարակման առնչությամբ պարզաբանում տարածելն անհեթեթություն է, քանի որ ինչ-որ բան պարզաբանել կարող է պարզաբանման ենթակա առարկայի կամ գործողության հեղինակը: Հեղինակից դուրս մնացյալներըը կարող են հարցադրում կատարել, կարծիք հայտնել, հերքում պահանջել, պատասխան կամ հայտարարություն տարածել… Եթե ոստիկանությունից ի զորու են խնդրո առարկա հոդվածի որեւէ միտք, դրույթ կամ պարբերության հերքել, խնդրեմ թող հերքեն, իսկ իմ հոդվածը պարզաբանել իրենք չեն կարող: 

Սա ձեւի առումով, անցնելով բովանդակությանը, ոստիկանությունը տարածել է  16 տողից կազմված մի տեքստ, 5 պարբերությամբ, որտեղ առաջին պարբերությունը դեմագոգիա է, երկրորդ եւ երրորդ պարբերությունները լեզվանիություն, չորրորդ պարբերությունը ոստիկանապետի եւ տեքստը կազմած ենթակաների իրավական եւ միջազգային քաղաքական անգրագիտության արձանագրում, վերջին պարբերությամբ էլ տեքստի հեղինակները լեզվական ոճաբանության անդաստան են մուտք գործել: Մեջբերում եմ տեքստը. 

«Հրապարակ» օրաթերթը հանդես է եկել մեղադրական եզրակացություն հիշեցնող մի հրապարակումով, ուր իրենց սահմանադրական իրավունքն իրացնող քաղաքացիները որակվում են «խաժամուժ», մարդիկ, առանց դատարանի վճռի, հռչակվում են «հանցագործ», Արևելքը հայտարարվում է «վայրագ», նաև պահանջ է ներկայացվում ոստիկանությանը՝ հրապարակային հայտարարություն անողներին «բերման ենթարկել ոստիկանության բաժանմունքներ ու նրանցից ցուցմունք վերցնել»…

Զավեշտալին այն է, որ այս ամբողջ ապօրինությունը պարտաճանաչ ու պարբերաբար ընդմիջվում է անվերապահորեն օրինականություն հաստատելու կոչերով:
Եվ այս ամենը՝ վերջին ատյանի ճշմարտության կեցվածքով ու ինքնավստահությամբ, որի տակից, ի ցավ հոդվածագրի, երևում են իրավական տգիտության ականջները: 
Տարրական իմացություն ունեցողն ինչպե՞ս է իրեն դատարանի գործառույթ վերապահում, ինչպե՞ս է քաղաքացու սահմանադրական իրավունքների սահմանափակում պահանջում, ի՞նչ հիմքով է պահանջում բերման ենթարկել մարդկանց, ի՞նչ իրավունքով է վայրագ կոչում մեծագույն քաղաքակրթությունների ու դավանանքների հայրենիք Արևելքը:
Ի դեպ, չգիտես ինչու հոդվածագիրը համոզված է, թե շոուն «տալիս» են ու չգիտի, որ շոուն /նաև իր ասած սերիալը, բալագանը…/ ցուցադրում կամ ներկայացնում են: Գոնե այսքանին, որ իրավագիտություն չէ, կարելի՞ էր տիրապետել…»:

Առաջին պարբերությունը, ինչպես ասացի դեմագոգիա է, որտեղ իմ հոդվածի տարբեր հատվածներից, ամբողջական նախադասություններից մեկ-երկուական բառեր են հանվել-մեջբերվել: Պարոնա՛յք, բարեհաճեք մեջբերել ամբողջական նախադասությունը, դրանում արտահայտված միտքը, որպեսզի հետո էլ տեսնենք թե այդ մտքին ինչ եք հակադրում, կամ ինչն եք հերքում: Թե չէ դեմագոգիայի դաշտում վարժանքնե՞ր եք անում… ասենք, ըստ ոստիկանության ես «իրենց սահմանադրական իրավունքները իրականացնող քաղաքացիներին կոչել եմ խաժամուժ»: Ներեցեք, այդ ո՞ր օրվանից, ո՞ր երկրի սահմանադրության ո՞ր հոդվածով է հրապարակավ որեւէ անձի հասցեին լուտանքներ տեղալը, նրան Լինչի դատաստանի ենթարկելու կոչերն ու սպառնալիքները, եւ ամենաէականը անձին անհետեւանք կերպով ծանրագույն քրեական հանցագործությունների մեջ մեղադրելը սահմանադրական իրավունք: Դա դըմփ-դըմփ-հու-ի սահմանադրության հոդվածների՞ց է: 

Կամ դա ինչ դեմագոգիա է` «մարդիկ առանց դատարանի վճռի հռչակվում են հանցագործ»:   Ենթադրում եմ ոստիկանությունը նկատի ունի Դոն Պիպոյի հասցեին իմ ասածը: Եվ… ոստիկանությունը պնդում է, թե Դոն Պիպոն քրեական հեղինակություն է առանց հանցագործ լինելո՞ւ, թե՞ հիմա էլ կասեք նա քրեական հեղինակություն չէ: Կամ, ես էլ ինձ թույլ տամ իջնել Ձեր դեմագոգիայի մակարդակի՞ն… Այդ դեպքում ոստիկանությո՞ւնն ինչպես է հանդուժում, որ Հայաստանի Զինված ուժերի գեներալ, Արցախի պատերազմի հերոս, չգիտես էլ ինչ Մանվել Գրիգորյանին ԱՌԱՆՑ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻ, անգամ առանց դատաքննության հռչակեն «տուշոնկա գողացող», «գող» եւ այլն, ընդ որում դա արվի դըմփ-դըմփ-հու-ի ամենաբարձր մակարդակից: Ի՞նչ կպատասխանեք… 

Այնուհետ, ոստիկանության տեքստի երկրորդ-երրորդ պարբերությունները, որ ինչպես ասացի` լեզվանիություն են: Իսկ եթե Օսիպյանին կամ տեքստը կազմած իր ենթականերին թվացել է, թե ես իրավական գրագիտության հետ խնդիր ունեմ, ապա հանգիստ… 

Մի քանի տարի առաջ, երբ Օսիպյանն ու ենթակաները պարում կամ քայլում էին ՀՀԿ-ի դուդուկի ներքո, ինչպես այսօր ծռմռվում են դըմփ-դըմփ-հու-ի ներքո, ես այնքան սկզբունքայնություն եւ խիզախություն ունեի, որ այն ժամանակ էլ այն իշխանություններին էի քննադատում, եւ այնպիսի սրությամբ, որ իմ մի հոդվածի դեմ Ռոբերտ Քոչարյանն անձամբ հայց  ուղարկեց դատարան` իրեն հասցված վիրավորանքի ու բարի համբավը արատավորելու համար: Դա  2011-ին էր, ՀՀԿ-ի մենիշխանության օրոք, եւ կարծեմ միակ դեպքն է եղել, երբ Քոչարյանն անձամբ դիմել է դատարան:
Ինչ արեցի ես: Իրավունքի իմ իմացությամբ ԵԱՀԿ-ից մինչեւ ԵԽ ու ՄԱԿ կարողացա պաշտոնյաներին ներգրավել, հասնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից Քաղ. օր 1083.1 հոդվածի հարցով ՀՀ սահմանադրական դատարան դիմելուն, եւ այնպիսի հիմնավորումներով դիմելուն, որ ՍԴ որոշումից հետո Քոչարյանը ինքնահոժար իր հսկայական ֆինանսական փոխհատուցման պահանջներից լիովին հրաժարվեց եւ «Հրապարակին» հաշտություն առաջարկեց: Այնպես որ, քմծիծաղ մի առաջացրեք…

Ոստիկանության տեքստի չորրորդ պարբերությունում, որ ամենաէականն է, Օսիպյանը քայլելուց անցնո՞ւմ է Արեւելքի փաստաբանության: Բայց ինքն ու ենթակաները այդքան մտահորիզոն ունե՞ն: 
Այո, կրկնում եմ, Արեւելքն այն վայրն է այս երկրագնդի վրա, որին մաս կազմող երկրներում առանց հեռու գնալու հենց 2018-ին կամ 2017-ին շարունակեց մոլեգնել վայրագությունը:  Պակիստանում ու Բանգլադեշում քարկոծումներով մարդկանց սպանեցին կրոնական համոզմունքների, կենցաղային վեճերի, բլոգերային հրապարակումների համար, Հնդկաստանում վայրագությունը հասավ այնտեղ, որ մի ընտանիքից երկու հոգու հետ հարեւանները Լինչի դատաստան տեսան, քանի որ լսել էին, թե նրանց տան սառնարանում տավարի միս է պահվել (Հնդկաստանում կովը պաշտվող սրբություն է): Ֆիլիպիններում մի քանի հազար մարդու առանց ձերբակալելու, դատելու, հանցանք ապացուցելու փողոցներում կրակոցներով սպանեցին, որովհետեւ իրականում կամ ենթադրաբար թմրամիջոցների բիզնեսում էին ներգրավված: Մյանմարում, այդ երկրի զինվորականները ընդամենը մի ամսում` 2017-ի օգոստոսին, 700 հազար ռոհինջայի տեղահանեցին, տասնյակ հազարավորներին կտտանքներով տանջամահ արեցին, կանանց բռնաբարեցին, երեխաների գետնին զարնելով, գետերում խեղդելով, խարույկների մեջ նետելով սպանեցին, բնակավարերը, ամբողջ գյուղեր մինչեւ վերջին շյուղը բնաջնջեցին, երբ ՄԱԿ-ն էլ ասում է թե կատարվածը ցեղասպանություն է` Մյանմարի իշխանությունները չեն ընդունում: Սաուդյան Արաբիայի արքայազն էլ չի ընդունում, որ լրագրող Ջեմալ Խաշոգջիի վայրագ սպանությունը իր հրահանգով է եղել, երբ մարդուն մի քանի րոպեում հյուպատոսության շենքում կապկպել են, ինչ-որ նյութ ներարկել, հետո երաժշտության ներքո մարմինը մասնատել … Նման վայրագ, բարբարոսական, կենդանական արաքների թվարկումը մերօրյա Արեւելքում էջեր կծածկի, եթե շարունակեմ: Ողջ գիտակցական կյանքը Երեւանի փողոցներում քայլած Օսիպյանը եթե չգիտի ինչ է կատարվում մնացյալ աշխարհում, դրանից իրականություն չի փոխվում:

Սակայն Արեւելքից տեղափոխվենք Հայաստան, ՀՀ քրեական օրենսգրքի հարթություն, որը Օսիպյանը ի պաշտոնե պարտավոր է իմանալ կամ առնվազն ի զորու լինել ընկալել: Դատարանի որոշումը վերանայելու պահանջով ու վերջնագրերով միջոցառում կազմակերպելը, ոչ թե սահմանադրական իրավունքի իրացում է, ինչպես թվում է Օսիպյանին, այլ ՀՀ  քրեական օրենսգրքի 332 հոդվածով նախատեսված արդարադատության իրականացման խոչընդոտում: «Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը՝ պատժվում է…»: Հասկանալի՞ է:

Անձին ծանր հանցագործություների մեղադրանք ներկայացնելը առանց փաստական հիմքերի կամ, առնվազն վստահելի տեղեկատվության վկայակոչման, նույնպես սահմանադրական իրավունք չէ, ինչպես թվում է մոլորյալ Օսիպյանին, այլ ՀՀ Քրեական օրենսգրքի 333` Սուտ մատնության հոդվածով նկարագրված հանցավոր արարք, որ պատժվում է մինչեւ 5 տարի ազատազրկմամբ: 
Հակառակ դեպքն էլ, եթե որեւէ անձի կատարած ծանր հանցագործության մասին փաստերի ու տեղեկությունների տիրապետողներ կան, եւ ամենագետի կեցվածքով փողոցներում աղաղակելու փոխարեն չեն բարեհաճում փաստերն ու տեղեկությունները իրավապահ համակարգին ներկայացնել, դա էլ Քրեական օրենսգրքի հաջորդ` 334 Հանցագործության պարտակման հոդվածով սահմանված հանցագործություն է: 

Իսկ ամենաէական հանցակազմը, որ ապրիորի առկա է դատարանի որոշման դեմ բողոքող եւ դատավորից պատասխան պահանջող որեւէ ամբոխի վարքում, դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքն է, որը քրեական արարք է եւ հետեւանքները կարգավորվում են Քրեական օրենսգրքի 343` Դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքը հոդվածով: 

Այժմ ի՞նչ, Օսիպյանի իրավական անգրագիտությունը, քաղաքական դեմագոգիան, ամբոխի եւ օրվա իշխանության առջեւ ստորաքարշությունը հասել են այնտեղ, որ ՀՀ ոստիկանապետի աթոռին գտնվելով ինքը համարձակվում  է Քրեական օրենսգրքի «Արդարադատության դեմ ուղղված հանցագործություններ» գլխի մի քանի հոդվածներով նախատեսված արարքը մեկնաբանել որպես քաղաքացու սահմանադրական իրավո՞ւնք:

Սա արդեն ոչ միայն Օսիպյանի մտածելու կարողությունն է հարցականի տակ դնում, այլ անմեղսունակությամբ կամ դիտավորությամբ պետությանն ու արդարադատությանը հասցվող հարվածի մասին է խոսում:

Այս տարօրինակ իրականությունը` երբ ՀՀ ոստիկանապետը ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածներով նախատեսված արարքները կոչում է սահմանադրական իրավունք, այդպիսով ըստ էության անպատժելիության երաշխիք տալով եւ քաջալերելով հանցագործությունը, կարող է ներկայացվել միջազգային համապատասխան կառույցներին:  

Հ. Գ
Show տալու թե ներկայացնելու մասով էլ, թե անգլերեն տառերը չտարբերողները ինչ են ասում shօw-ի բառօգտագործման կապակցությամբ, չեմ հասկանում, բայց եթե հետաքրքիր է թող իմանան` show, play, performance ներկայացնել կարող են մշակութային սուբյեկտները, արտիստները: Մինչդեռ փողոցում ինքնակոչ անձանց կողմից դերասանություն անելը` այն էլ իրավաքաղաքական թեմաներով ոչ մի կերպ մշակույթ կամ մշակութային ներկայացում չէ, դրա համար էլ քամահրական տոն եմ ընտրել` շոու տալ: