Ծուռ հայելիների թագավորություն արեւմտյան աշխարհում 

Ծուռ հայելիների թագավորություն արեւմտյան աշխարհում 

Ուկրաինայի նախագահ Վլ. Զելենսկին ռուս-ուկրաինական պատերազմի սկզբում Արևմուտքից անընդհատ պահանջում էր փակել երկրի օդային տարածքը: Արևմուտքը դրան համաձայն չէր, քանի որ այն Ռուսաստանի կողմից կդիտարկվոր որպես ռազմական միջամտություն հակամարտությանը՝ դրանից բխող հետևանքով: Իսկ հետևանքը կարող էր լինել պատերազմական գործողությունների աշխարհագրության ընդլայնումը, ինչն, ի վերջո, կարող էր հանգեցնել միջուկային զենքի օգտագործմանը:

Չհասնելով նպատակին՝ պատերազմի 6-րդ ամսում Զելենսկին դիմեց միջուկային ահաբեկչությանը՝ ռուսական վերահսկողության տակ անցած Զապորոժիեի ատոմակայանի (ԶԱԷԿ) հրետակոծմանն ու հրթիռակոծմանը: Չգիտեմ՝ դա տեղական թե արևմտյան գաղափար էր, սակայն առաջին արդյունքն արդեն ակնհայտ է: Մինչ այդ ասեմ, որ սկզբում գնդակոծվում էր անվտանգային առումով ոչ խնդրահարույց տարածքը: Վերջին գնդակոծումներն, ըստ ռուսական կայքերի, ուղղված են ԶԱԷԿ-ի էլեկտրասնուցման համակարգին, ինչը բառի բուն իմաստով միջուկային ահաբեկչություն է: Իսկ այն շարքից հանելը նշանակելու է երկրորդ Չեռնոբիլ թե՛ Ուկրաինայի և թե՛ հարակից արևմտյան երկրների համար: Արևելյանը, այսինքն՝ ռուսականը, չեմ նշում, քանի որ դա Վլ. Զելենսկուն և նրա, հատկապես՝ ամերիկյան հովանավորներին բացարձակ չի հետաքրքրում:
Իսկ արդյունքն այն էր, որ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտն, ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության, հայտարարելէ, որ աջակցում է Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու նախաձեռնությանը: Դրան ձայնակցել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ հայտարարելով, որ ինքը պաշտպանում է տարածքի ապառազմականացման կոչը՝ սկսած ռուսական զորքերի ամբողջական դուրսբերումից, և ՄԱԳԱՏԷ-ին կոչ է անում այցելել ԱԷԿ: Միաժամանակ, ԵՄ դիվանագիտության ղեկավարը նշել է, որ ԶԱԷԿ-ը չի կարող օգտագործվել «որևէ ռազմական գործողության» շրջանակներում։

Մնում է, որ ռուսական զորքերի ամբողջական դուրսբերման գաղափարին համաձայնվի ռուսական կողմը: Իսկ թե ինչու պետք է դրան համաձայնվի ռուսական կողմը՝ դժվար է ասելը: Ինչ մնում է որևէ ռազմական գործողության» շրջանակներում ատոմակայանը չօգտագործելուն, ապա այստեղ Ժոզեպ Բորելը, մեղմ ասած, անկեղծ չէ: Քանի որ դա կատարվում է ոչ թե ռուսների, այլ հենց ուկրաինացիների կողմից: Որոնց պաշտպանում է Արևմուտքը և անձամբ Բորելը: Սակայն նա համառորեն չի ցանկանում նկատել այդ ակնհայտ երևույթը: Ինչպես չմտածես, որ ռուս-ուկրաինական պատերազմը բացահայտեց արևմտյան աշխարհի թաղվածությունը ծուռ հայելիների թագավորությունում: Չգիտես ինչու, ՄԱԳԱՏԷ-ն էլ չի «շտապում» այցելել ԱԷԿ: Այն գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Էներգաբլոկների քանակով (թվով 6) և հզորությամբ (6000 ՄՎտ) ԶԱԷԿ-ը Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է։ 

Ի դեպ, Վլ. Զելենսկին աչքաթող չի անում նաև սովորական էլեկտրակայանները կամ քաղաքացիական այլ ենթակառուցվածքները: Այս դեպքում ևս նպատակը նույնն է՝ հակահումանիստականը և ոչ թե զուտ ռազմականը: Նպատակը ռուսական ենթակայության տակ անցած տարածքներում բնակչության կենսագործունեությունը հնարավորինս չափ բարդացնելն է: Իսկ ԱԷԿ-ի դեպքում նույնիսկ ընդհանրապես անհնարին դարձնելը: Սովորական  էլեկտրակայանի օրինակ կարելի է բերել կրկին ռուսական ենթակայության տակ անցած, Խերսոնի շրջանում գտնվող, Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի հրթիռակոծումը ուկրաինական բանակի կողմից: Ինչն, ըստ ռուսական լրատվամիջոցների, բարեբախտաբար, կրիտիկական վնասներ չի հասցրել ՀԷԿ-ին: Ահաբեկչական նույն նպատակին են ծառայում նաև Դոնեցկի փողոցներում արգելված հակահետևակային «Ծաղկաթերթ» անվանումով մանր ականներ ցրելը, ինչպես նաև  քաղաքացիական օբյեկտների հարևանությամբ «փարոսիկներով» պլաստիկ շշեր տեղադրելը:

Եվ եթե առաջին դեպքում խաղաղ բնակիչներն են պայթում այդ ականների վրա (վնասվածքներ է ստացել արդեն 40 քաղաքացիական անձ), ապա երկրորդ դեպքում «փարոսիկների» ուղղորդման շնորհիվ քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցվում են ծանր հրետանու հարվածներ:
Բայց եթե Ուկրաինայի ղեկավարությունն անընդհատ հարցվածի տակ է դնում սեփական խաղաղ բնակչության կյանքն ու առողջությունը, ապա ինչու պետք է մտածի երկրից անջատված տարածքի բնակչության մասին: Ռուսական ղեկավարությունը վաղուց էր բարձրաձայնում հրետանին կամ հրթիռային համակարգերը քաղաքացիական ենթակառուցվածքների տարածքներում տեղադրելու ուկրաինական պրակտիկայի մասին: (Ի դեպ, այն անընդհատ օգտագործել են ադրբեջանցիները Արցախի դեմ պատերազմում): Եվ միայն վերջերս է դա նկատել ԱՄՆ-ում տեղակայված միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը՝ Amnesty International-ը՝ օգոստոսի 4-ին հրապարակելով համապատասխան զեկույց: Զեկույցում նշվել էր, որ ուկրաինական զորքերը խախտել են միջազգային իրավական նորմերը և ռազմական իրավունքը՝ դպրոցների տարածքում և քաղաքների հիվանդանոցներում ծանր սպառազինություն տեղադրելով: Կազմակերպությունը հրապարակել է փաստագրված դեպքեր, թե ինչպես են ուկրաինական ուժերը վտանգի տակ դնում խաղաղ բնակչությանը՝ գործելով բնակեցված վայրերում։ Այդ զեկույցը, բնականաբար, ամենախիստ ձևով քննադատվել է Ուկրաինայի ղեկավարության կողմից, քննադատվել կամ լռության է մատնվել Արևմուտքում: Սակայն, ի պատիվ կազմակերպության, այն հերքվելու փոխարեն հաստատվել է, չնայած կազմակերպության ղեկավարներից մեկի պաշտոնից հրաժարվելու գնով: 
Վերադառնանք ԶԱԷԿ-ին. այս ամբողջ պատմության մեջ կրկին իր «բարձրության» վրա է արևմտյան, այսպես կոչված, ազատական մամուլը: Կիևի հրապարակներից մեկում եթեր դուրս եկած ամերիկյան լրագրողը խոսում է ռուսների կողմից Զապորոժիեի ատոմակայանի գնդակոծման մասին: Դա ինքը չի տեսել, ընդամենն իրեն ասվել է Ուկրաինայի ղեկավարության կողմից:

Բայց քանի որ նրանց ասածն իր համար բացարձակ ճշմարտություն է, ապա կարիք չկա այն ստուգելու: Իսկ ԱՄՆ քաղաքներից մեկի հեռուստատեսային տաղավարում գտնվող հաղորդավարն, առանց կասկածի ենթարկելու լրագրողի հայտնածը, զարգացնում է թեման: Եվ, իհարկե, նրան չի հուզում այն հարցը, թե ինչու պետք է ռուսները հարվածեն իրենց ենթակայության ներքո գտնվող էլեկտրակայաններին: Իսկ մեկ այլ դեպքում, եթե խոսք գնար «իրենցականների» մասին, հաղորդավարը հաստատ կապ կհաստատեր համապատասխան պետական գերատեսչության կամ մասնավոր կազմակերպության հետ և կճշտեր, թե ինչ են արձանագրել ամերիկյան արբանյակները: Որոնք անընդհատ կախված են ուկրաինական երկնքի վրա: Եվ որոնց տրամադրած հետախուզական տվյալներն օգտագործվում են ուկրաինական բանակի կողմից: 

Հ. Գ. Զարմանում եմ, որ Ուկրաինայի այսօրվա ղեկավարության հայաստանյան կողմնակիցները չեն նկատում վերջինիս և մեզ թշնամի պետության ղեկավարության վարքագծում առկա բացահայտ ընդհանրությունները: Հատկապես նրանք, ովքեր խոսքի մակարդակում պաշտպանում են արցախահության իրավունքները: Էլ չեմ խոսում Արցախյան առաջին և երրորդ պատերազմների ժամանակ դրանց համագործակցության մասին: