ՍԴ-ն արդեն բացահայտ է կատարում Նիկոլ Փաշինյանի պատվերը

ՍԴ-ն արդեն բացահայտ է կատարում Նիկոլ Փաշինյանի պատվերը

Սահմանադրական դատարանն այսօր՝ հոկտեմբերի 19-ին, հինգերորդ անգամ հետաձգեց մի խումբ համայնքապետերի հայցի քննությունը։ Հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 16-ին։ Այլեւս կասկած չի հարուցում, որ վահեգրիգորյանայան տեսքի բերված բարձր դատարանը ակնհայտ կատարում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերը։

Հիշեցնենք՝ խոսքն այն դիմումի մասին է, համաձայն որի՝ ՍԴ-ում վիճարկում են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2.1 կետի (համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում վարչապետի կամ մարզպետի կողմից համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նշանակումը) եւ 2020 թվականի հունիսի 18-ին ընդունված «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի անցումային եւ եզրափակիչ դրույթների` 34-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում համայնքի ղեկավարի ընտրություն չի նշանակվում, իսկ համայնքի ղեկավարի լիազորությունները մինչեւ ավագանու լիազորությունների ժամկետը լրանալն իրականացնում է համայնքի ղեկավարի պաշտոնակատարը) սահմանադրականությունը։

Եթե ավելի պարզ ասենք, ապա Սահմանադրությամբ՝ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարն ու ավագանին ընտրվում են համայնքների կողմից, մինչդեռ նախորդ տարի իշխանությունների թեթեւ ձեռքով փոփոխություններ կատարվեցին ԸՕ-ում՝ ամրագրվեց, որ 4 հազարից ավելի ընտրող ունեցող համայնքներում ավագանու ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, այսինքն՝ ավագանին է ընտրելու համայնքի ղեկավար։ Նաեւ օրենքում, օրենքի անցումային դրույթներում կատարված փոփոխությամբ, ամրագրեցին համայնքապետերի ժամանակավոր պաշտոնակատարների ինստիտուտը: Այսինքն` իշխանությունն իրեն իրավունք վերապահեց ոչ թե ժամկետը լրանալուն պես ընտրություններ նշանակել, այլ իր ուզած անձին ԺՊ նշանակել եւ նրա միջոցով կազմակերպել ընտրությունը, որի դեպքում իշխանական ԺՊ-ի հաղթանակը գրեթե երաշխավորված է: Համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարին էլ նշանակում է վարչապետը կամ մարզպետը։

ՍԴ դիմած համայնքապետերի կարծիքով՝ այսպիսով գործադիր իշխանությունը միջամտում է տեղական ինքնակառավարմանը, ինչը հակասում է Սահմանադրությանը։

Նրանց պահանջն այն է, որ լիազորությունների ավարտից հետո հենց իրենք էլ մնան ԺՊ-ի կարգավիճակում, մինչեւ կլինեն նոր ընտրություններ։ Իսկ սեփական ԺՊ-ն վարչական լծակներ է եւ ընտրություններում իրավիճակը տիրապետելու միջոց։ Հենց այդպես վարվեցին, դիցուք, Դիլիջանի նախկին համայնքապետ Արմեն Սանթրոսյանի հետ։

Փետրվարի 22-ին լրացավ նրա պաշտոնավարման ժամկետը, եւ իշխանությունը ԺՊ նշանակեց բենզալցակայանի նախկին աշխատակից ոմն Դավիթ Սարգսյանի, ով աշխատանքի ընդունման թերթիկում «սեռ»-ի դիմաց գրել էր «արու», իսկ հոկտեմբերի 17-ին հաղթեց ընտրություններում։ Այդպես վարվեցին Սպիտակի եւ մյուս դիմումատու համայնքապետերի համայնքներում:

Հենց Դիլիջանի նախկին քաղաքապետ Սանթրոսյանի նախաձեռնությամբ էլ այս տարվա մարտին դիմում էր ներկայացվել, բայց քանի որ խնդիրն այնքան պարզ է եւ ՍԴ-ն պարզապես չի կարող «լողացող» որոշում կայացնել, ուստի նախընտրեցին այն հետաձգելու տարբերակը։ Մարտից մինչեւ հոկտեմբեր հինգ անգամ աշխատակարգային նիստ է հրավիրվել եւ հետաձգվել, հիմա էլ նիստը գցել են հաջորդ ՏԻՄ ընտրություններից երկու օր հետո։ 

Փաստացի ՍԴ-ն հիշեցնում է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովը. քաղաքական մեծամասնությունը ութ անգամ Արթուր Ղազինյան է «մերժում», իսկ բարձր դատարանը՝ «համայնքապետեր»։