Դավաճանների մրցույթ

Դավաճանների մրցույթ

Հարեւաններիս տունը կռիվ էր ընկել, նրանց 8-ամյա թոռնիկը բակում ձեռնամարտի էր բռնվել իր հասակակիցներից մեկի հետ, եւ երբ ես ներս մտա, ամբողջ ընտանիքով ակտիվորեն քննարկում էին հետագա զարգացումների պլանը։ Փոքրիկ Արթուրն ընկերոջ հետ կռվել էր, որովհետեւ ընկերը՝ Սենիկը, վարչապետին դավաճան էր անվանել, իսկ մեր Արթուրիկն ու իր մայրը թունդ նիկոլականներ են։ Երեխայի հայրը պնդում էր, որ հարկավոր է դարանակալել Սենիկի հորը եւ պարզել, թե ով է երեխային այդ մտքերը ներարկել։

Պարզվեց, որ սա առաջին անգամը չէր, որ Սենիկը նման արտահայտություններ էր թույլ տալիս վարչապետի հասցեին։ Այս բացահայտումը կասկածներ առաջացրեց Արթուրիկի պապիկի մոտ, եւ նա սկսեց հարսին հարցուփորձ անել։ Նազարյանը, թոշակի անցնելուց հետո, այնքան թրիլլերներ ու դետեկտիվներ է դիտել, որ իր փորձով ու գիտելիքներով այժմ չի զիջում ոչ մի քննիչի, եւ այդ մեթոդով նա շատ արագ պարզեց, որ հենց Արթուրիկի մայրն է հրահանգել՝ ասելով․ «Եթե Սենիկը նորից իրա կեղտոտ բերանը բացի, մռութը կջարդես»։ Սա ցնցող էր, քանի որ Նազարյանների հարսը նախկինում աչքի չէր ընկնում ագրեսիվ պահվածքով։ Հարսը՝ Անգինը, սկսեց արդարանալ սկեսուրի եւ ամուսնու մոտ։ Եվ սկսեցին քննարկել, թե ով կիմանա Արթուրիկի հետ կռված երեխայի հոր հեռախոսահամարը։ Հանկարծ դռան զանգը հնչեց․ Սենիկն ու իր պապիկն էին եկել՝ հաշտության պայմանագիր կնքելու։

Տիկին Վարսիկը հյուրերին սուրճ առաջարկեց, հաշտեցման գործընթացը շատ արագ տեղի ունեցավ, եւ մինչ սուրճը կհասներ հյուրասենյակ, երեխաներն արդեն ձեռք-ձեռքի էին տվել եւ իրար կողքի նստած՝ մեծերի խրատներն էին լսում։ Նազարյանին այդ հաշտությունը կեղծ թվաց, եւ նա հայտարարեց, որ հարկավոր է երեխաներին ավելի հիմնավոր բացատրել երկրի իրավիճակը, որպեսզի նրանք այլեւս երբեք չվերադառնան այդ հարցին ու չկռվեն միմյանց հետ։ Նազարյանն այդպես էլ ասաց․ «Իմ ախպեր, նստի՝ քյոռփեքին բացատրենք, թե ինչքան գեղեցիկ է Արարատյան դաշտի առավոտը երեկոյան» (նարդի խաղալու տափակ կատակների հավաքածուից էր այս մեկը): Նազարյանի հրահանգին ենթարկվելով՝ նստեցի իմ տեղում, ինչի համար չեմ փոշմանել, որովետեւ այն, ինչ կատարվեց հետո, շատ նման էր մեր քաղաքական դաշտին։

Նազարյանն ու պարոն Հենրիկը որոշեցին փոքրիկներին մեր նորանկախ պատմությունից դրվագներ պատմել եւ կոնկրետ օրինակների վրա բացատրել, որ քաղաքական գործիչների պատճառով կռվել չի կարելի, որովհետեւ նրանք պարբերաբար սխալներ են թույլ տալիս եւ հայտնվում ծիծաղելի իրավիճակներում։ Նրանք փոքրիկներին բացատրեցին, որ մեր բոլոր նախագահներին եւ գրեթե բոլոր հայտնի քաղաքական գործիչներին ժամանակին դավաճանության մեջ են մեղադրել։ Հիշեցին Վազգեն Մանուկյանի ««Գետաշենը հանձնելը», Լեւոն Տեր-Պետրոսյանի «Սերգո ջանը», հետո հիշեցինք, որ ՀՀՇ-ն էլ իր հերթին Կարեն Դեմիրճյանին էր դավաճան հռչակել «ոչ հայանպաստ» արտահայտությունների համար։ Նազարյանը հանկարծ հիշեց, որ Վազգեն Սարգսյանն էլ «Արծվաշենն է հանձնել»։

Երեխաները զարմացած մեզ էին նայում, նրանք միայն Նիկոլ Փաշինյանի հարցն էին մինչ այդ քննարկել եւ չէին պատկերացնում, որ Հայաստանում դավաճանների այսպիսի բանակ կա։ Ապա եկանք-հասանք Ռոբերտ Քոչարյանի Քի Վեսթին, եւ տիկին Վարսիկն էլ վրա բերեց․ «Մեղրին հայ-հայ էր՝ հանձնում էր, դավաճանությունն էլ ո՞նց ա լինում»։ Սենիկի պապն էլ Լավրովի պլանը հիշեցրեց եւ Սերժ Սարգսյանի համաձայնությունը դրան՝ դա նույնպես դավաճանության վառ օրինակ համարելով․ «Ինքն իրա բերանով ասեց, որ մնում էր աթոռին՝ Ղարաբաղի համար, հողերը հանձնելու համար»։

Վերջում ստացվեց, որ հենց իրենց՝ քաղաքական գործիչների հորինած չափանիշներով, իրենք բոլորը դավաճաններ են եղել։ Եվ մենք՝ հավաքվածներով, փորձում էինք պարզել, թե այդ ինչպես է ստացվել, որ մեր բոլոր քաղաքական գործիչները դավաճաններ են եղել։ Նազարյանն ասաց․ «Արա, դրանք իրանք են իրանց գլխին սարքել, ո՞վ էր խնդրում մեծ-մեծ փռթեն, լոճո-լոճո խոսան․․․»։ Ապա ես զրույցը շուռ տվեցի՝ մի անմեղ հարց տալով՝ մեզնից ով ինչպիսի Հայաստան է տեսնում եւ ինչ սահմաններով։ Պարզվեց՝ տիկին Վարսիկը կենտրոնացած է Վուդրո Վիլսոնի գծված Հայաստանի տարածքների վերականգնման վրա եւ դրանից պակաս տարածքներ ունենալը համարում է թերի Հայաստան։ Նազարյանը սաստեց կնոջ հավակնոտ նկրտումները․ «Այ մարդ, էտի տենց էլ թղթի վրա մնաց, դրա հետ գործ չունես, բայց Լենին-Քեմալ դավաճանական պայմանագրից առաջվա Հայաստանը ռեալ էր, ու եթե ռուսը չդավաճաներ, ամեն ինչ լավ էր ըլնում․․․ Հայաստանը պիտի մոտ 70 հազար քառակուսի կիլոմետր ըլնի, որ գոնե նորմալ համարվի»։

Սենիկի պապն ավելի համեստ էր իր պահանջատիրության մեջ, նա նշեց, որ, իր կարծիքով, այն, ինչ կար մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը, արդեն բավարար էր, բայց անվտանգության գոտու հարցը չմեկնաբանեց։ Ես, զրույցն ավելի հետաքրքիր դարձնելու համար, ասացի, որ Տիգրան Մեծի Հայաստանից բացի, ցանկացած այլ խոսակցություն դավաճանություն եմ համարում, եւ բոլորը հասկացան, որ կատակ է։ Նազարյանը հետաքրքիր դիտարկում արեց․ «Սաղ պետություններն էլ ձգտումներ ունեն, ախպերս, կյանքի իմաստն ա դա, իզուր ես ձեռ առնում, այլ բան ա, որ մենք շատ ենք անհաշվարկ քցվում ամեն ինչի մեջ»։ Բայց երբ հարցրի, թե որ երկրներն ունեն տարածքային նկրտումներ, ասաց․ «Դե, կարող ա շատերը չեն ասում, բայց իրանց մեջ հնարավոր չի, որ չունենան, ուղղակի կարող ա կուլտուրական երեւալու համար չարտահայտվեն ու սպասեն հարմար պահի»։

Դավաճանների թեման գնալով թեժանում էր․ Արեւմուտք, Ռուսաստան, ԽՍՀՄ, Բյուզանդական կայսրություն, Անիի թագավորություն, հանձնել, կտակել, փախչել, պայմանագրեր կնքել, հետո չեղարկել, կռվել, միանալ, բաժանվել։ Ցավալին այն է, որ մենք իրոք չգիտեինք, թե ինչ ենք ուզում, համենայնդեպս՝ հստակ չէինք կարողանում ձեւակերպել, բայց ամեն մեկս տասնյակ թշնամիների եւ դավաճանների էինք մատնացույց անում, եւ հասկանալի չէր, թե ի վերջո որոնք են մեր պետության շահը, ազգի նպատակները, ձգտումները, եւ ինչպես ենք դրանց հասնելու։ Այս ամենն ինձ մեր քաղաքական դաշտը հիշեցրեց, երբ մեծերն անվերջ վիճում են եւ միմյանց մեղադրում, իսկ երեխաները, տեսնելով, որ մեծերը չեն հասկանում, թե ինչ է մեզ հարկավոր, լուռ հեռանում են սենյակից։

Պողոս Պողոսյան