Անվճար բրոքերային հաշիվ, առաջին բաժնետոմսը` նվեր. «Ամերիաբանկ»
«ԴիջիԹեք Էքսպո 2024»-ի ֆինտեք գործընկեր «Ամերիաբանկը» ցուցահանդեսին ներկայացել է իր «MyInvest» ներդրումային հարթակով։ Հեռատես, համբերատար, հավասարակշռված, խելացի, համարձակ և հաջողակ այցելուները բոլոր 6 փորձությունները հաջողությամբ անցնելուց հետո հնարավորություն ունեն բացել անվճար բրոքերային հաշիվ և ստանալ իրենց առաջին բաժնետոմսը նվեր։
Ամերիաբանկի Առևտրային գործառնությունների դեպարտամենտի Արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ MyInvest-ը ներդրումային, թվային հարթակ է՝ Ամերիաբանկի MyAmeria հավելվածում, որը հնարավորություն է տալիս շատ արագ հասանելիություն ունենալ թե տեղական, թե միջազգային շուկաների տարբեր ներդրումային գործիքներին:
«Մենք տալիս ենք հասանելիություն 30-ից ավելի շուկաներին և 25 հազարից ավելի ներդրումային գործիքներին: Մեր ցանկացած հաճախորդ կարող է գտնել իր նպատակներին, իր ռիսկերի ախորժակին համահունչ ցանկացած գործիք»,- ասաց Դիանա Հակոբյանը:
MyInvest-ը միակ հարթակն է ՀՀ ներդրումային շուկայում, որի միջոցով հնարավոր է րոպեների ընթացքում օնլայն բացել բրոքերային հաշիվ և առանց բանկ այցելելու գործարքներ կատարել հայկական, ամերիկյան, եվրոպական և ասիական երկրների բորսաներում, ինչպես նաև արտաբորսայական շուկաներում։
MyInvest-ում հասանելի են 30-ից ավելի շուկաների 30,000 հայկական և միջազգային արժեթղթեր և հնարավոր է գնել ինչպես բաժնետոմսեր ու պարտատոմսեր, այնպես էլ՝ ETF-ներ ու եվրապարտատոմսեր։ Այս հարթակի միջոցով տարբեր բիզնեսներ կամ ընկերություններ նաև հնարավորություն ունեն իրականացնելու պարտատոմսերի ու բաժնետոմսերի տեղաբաշխումներ` ներգրավելով նոր ֆինանսական միջոցներ իրենց բիզնեսի զարգացման համար։
«Ինչպես գիտեք՝ Ամերիաբանկը շուկայում առաջատար թե՚ թողարկող, թե՚ տեղաբաշխող ընկերություն է: Օրինակ՝ վերջերս տեղաբաշխել ենք ՀԷՑ-ի պարտատոմսեր՝ 2 տրանշով՝ 60 մլն դոլարի չափով: Բավականին հաջող, աննախադեպ ծավալով տեղաբաշխում է եղել: Այդ մեծ ծավալից 20 տոկոսն իրականացվել է MyInvest հարթակով, որը, կարծում եմ, շատ հաջողված ցուցանիշ է»,- ասաց Հակոբյանը:
Դիջիթեքի շրջանակում Ամերիաբանկը ոչ միայն ներկայացնում է MyInvest հարթակը, այլև ներդրումներով հետաքրքրվողների համար տալիս է մասնագիտական խորհրդատվություն, ինչպես նաև օգնում կողմնորոշվել առաջին պորտֆել կազմելու հարցում։
«Նախորդ տարի մենք եռապատկել ենք հաճախորդների քանակը, որոնք ներդրում են անում: Այս տարի արդեն իսկ նախորդ տարվա թիվը կրկնապատկված է: Տարվա վերջում կարծում եմ, որ եռապատիկ աճ կունենանք: Դա հուշում է այն մասին, որ մեր ջանքերը՝ ներդրումներ կատարելու մշակույթը սովորեցնելու, իրենց արդյունքը տալիս են: Տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս հեշտությամբ՝ մի քանի քայլով արդեն իսկ դառնալ աշխարհի խոշորագույն կազմակերպությունների բաժնետեր՝ կլինի Apple-ը կամ խոշորագույն կապիտալիզացիայով ընկերությունների բաժնետեր»,- նշեց Ամերիաբանկի բրոքերային ծառայության ղեկավար Արտուշ Ենգիբարյանը:
Ներդրումների աշխարհն էլ ավելի խորությամբ բացահայտել ցանկացողների համար ԴիջիԹեքի շրջանակում այս տարի առաջին անգամ կկայանա նաև Digi/Invest համաժողովը՝ թվայնացման, ներդրումների ու ֆինանսական գրագիտության բարձրացման թեմաներով։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարծիքներ