Դավիթ Անանյանը չի ներկայացել հանձնաժողովի քննարկմանը

Դավիթ Անանյանը չի ներկայացել հանձնաժողովի քննարկմանը

Խորհրդարանում եկող շաբաթ կքննարկվի ԱԺ մետաղական հանքարդյունաբերության հարցերով զբաղվող ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը։ Մեկուկես տարվա աշխատանքից հետո հանձնաժողովը 13 էջից բաղկացած զեկույց է կազմ, որը կարելի է ասել՝ զեկույց է ոչնչի մասին, կամ զեկույց՝ ձախողված աշխատանքների մասին։ Հանձնաժողովը չի կարողացել պարզել հանքարդյունաբերող ընկերությունների ներդրումների ծավալներն ու ուղղությունները, չի կարողացել ստուգել հաշվետվություններն ու դրանց ճշգրտությունը, արտահանումից ստացված գումարների տվյալները եւ այլն։ Ընկերությունները հիմնականում հրաժարվել են տվյալներ տրամադրել։

Հանձնաժողովը գրավոր հարցումներ է արել պետական մարմիններին, սակայն որևէ էական տեղեկատվություն ձեռք չի բերել։ «Դատախազությունը տեղեկացրել է, որ 2 հանքավայրի նկատմամբ կան հարուցված քրեական գործեր»։ Գրել են, որ Հայաստանում շահագործվում են մոտ 3 տասնյակ մետաղական հանքավայրեր։ Պետական մարմինների պատասխաններից եզրակացրել են, որ ակտիվ շահագործման փուլում գտնվող հանքավայրերից ոչ մեկը շահութահարկ չի վճարում, այսինքն՝ շահույթ չի ստանում։ Հանձնաժողովը հանքանյութի արտահանման, ընկերություններում աշխատակիցների թվի վերաբերյալ գրավոր ու բանավոր հարցումներով դիմել է Պետեկամուտների կոմիտե, պատասխանում ուղարկել են մաքսային սահմանը հատած ապրանքների ցանկը։ Որից հետո հանձնաժողովում քննարկման են հրավիրել ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանին, որը անհայտ պատճառներով չի ներկայացել՝ «դրանով չնպաստելով հանձնաժողովի արդյունավետ աշխատանքներին»։

Զեկույցի միակ հստակ ամրագրումն այն է, որ պետք է բացառել Ամուլսարի հանքավայրի շահագործումը, 2 հիմնական պատճառով՝ շահագործումը վտանգում է Սևանա լճի ջրահավաք ավազանի բնապահպանական անվտանգությունը եւ տարածքում գտնվող տասնյակ պատմամշակութային հուշարձանները: Ի դեպ, եկող շաբաթ մեկնարկող քառօրյայի օրակարգն աննախադեպ հագեցած է՝ 46 հարց, օրակարգը երեկ հաստատվել է ԱԺ խորհրդի նիստում, որին մասնակցել են ԼՀԿ-ից պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Արկադի Խաչատրյանը, իսկ ԲՀԿ-ից ոչ ոք չի եղել։