Թանգարաններն արդեն կրում են ֆինանսական վնասներ

Թանգարաններն արդեն կրում են ֆինանսական վնասներ

«Թանգարաններն արդեն իսկ կրում են ֆինանսական վնասներ, քանի որ մեր հիմնական միջոցները ձեւավորվում են այցելությունների ընթացքում վաճառված տոմսերի քանակից,- ասում է Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն ու հավելում,- այնպես էլ չէ, որ համաճարակից ու կարանտինից անմիջապես հետո մարդկային հոսքերը դեպի թանգարաններ կվերականգնվեն, որովհետեւ, գիտենք, կենցաղային խնդիրները, հոգսերն ավելի ու ավելի շատանում են, այսինքն՝ մարդիկ հակված են լինելու եւ այսօր արդեն իսկ հակված են իրենց առաջնային սոցիալական հարցերը լուծել: Այդ առումով կարող ենք ենթադրել, որ կորուստը եւ վնասը շատ մեծ են լինելու»: 

Կարո Վարդանյանը ենթադրում է, որ միայն աշնանն ամեն ինչ  հունի մեջ կընկնի, եւ թանգարանները կունենան այցելուների նախկին բնականոն հոսքը, հատկապես որ առջեւում ամառ է, եւ թանգարանների հոսքը, դրանով պայմանավորված, եւս կնվազի: «Դա նշանակում է, որ տասնյակ ծրագրեր, պարտավորություններ, որ ունեինք, բոլորը չեղարկվեցին, որովհետեւ դրանց մեծ մասը նախատեսում էինք արտաբյուջեի միջոցներով անել՝ լինեին հրատարակչական, թե կրթական ծրագրեր»:   

Ինչ վերաբերում է աշխատավարձերին, ապա դրա հետ կապված խնդիր չկա։ «Փետրվարի աշխատավարձն օրեր առաջ ստացել են եւ կշարունակեն ստանալ, իսկ թանգարանի պահպանության բյուջեն նույնությամբ պահպանվել է, որը նախատեսում է ե՛ւ աշխատավարձեր, ե՛ւ շենքի պահպանության ծախսեր»,- ասում է թանգարանի տնօրենն ու նշում, որ հերթապահություն չկա թանգարանում, միայն ինքն ու գլխավոր հաշվապահն են լինում այնտեղ, ինչն էլ կապված է ֆինանսական հաշվետվությունների հետ:

Գրականության եւ արվեստի թանգարանը, ինչպես բոլոր թանգարանները, այս օրերին աշխատում է առցանց ռեժիմում եւ բացի սեփական էջից, նյութեր է տեղադրում նաեւ «Տնից թանգարան եւ գրադարան» ֆեյսբուքյան խմբում, որը շաբաթներ առաջ ստեղծվեց եւ համախմբում է բոլոր թանգարանների եւ գրադարանների առցանց ռեսուրսը: «Բավականին մեծ ակտիվություն կա, պարզապես, առաջին օրերին այդ ջերմեռանդությունից էջը վերածվեց մի խելահեղ բանի, որովհետեւ վայրկյանը մեկ, ով ինչ ուներ, տեղադրում էր: Մենք համակարգեցինք, օրվա մեջ 3-4 ժամ ենք ընտրել եւ մի քանի ծրագիր ենք իրականացնում: Ու քանի որ անսահման են մեր հեղինակներն ու արխիվները, որոշեցինք ինչ-որ բան հիմնավոր մատուցել հանրությանը, օրինակ՝ ներկայացրինք Խաչիկ Դաշտենցի կյանքն ու ստեղծագործական ուղին՝ բաժիններով, նաեւ ես 3 ռադիոեթեր ունեցա՝ նվիրված նրա կյանքին, գործունեությանը, վեպերին, թարգմանություններին: Պարբերաբար ներկայացնում ենք նաեւ հումորային, կատակային պատմություններ, որ առնչվում են մեր դասականներին կամ որ այս օրերին են ստեղծվում, դա տրամադրություն է բարձրացնում, զվարթացնում է մարդկանց եւ օգնում է հնարավորինս հեշտ հաղթահարել այս ճգնաժամը:

Մի քանի օր այդպիսի շարքեր էինք դնում, օրինակ՝ Մկրտիչ Արմենի կամ Շիրվանզադեի զվարճալի հուշերը` քիչ կամ նեղ շրջանակներին հայտնի: Նաեւ ամեն օր մի առանձին բաժնով դնում ենք լուսանկարներ` համապատասխան մակագրություններով, որոնք առնչվում են պատմական Հայաստանի տարբեր տարածաշրջանների հայ ընտանիքների պատմությանը: Դրանք ցեղասպանությունից ընդամենը 1-2 տարի առաջվա լուսանկարներ են, միտքը եւ դրանք մատուցելու ենթատեքստը սա է` ապրիլից ապրիլ, շարունակ, այդ ջլատված, ցնցոտիավոր քարավաններն են մեզ ցույց տալիս, բայց մենք ուզում ենք ցույց տանք, թե այդ աղետից ընդամենը մի քանի տարի առաջ ինչպիսի բարեկեցիկ կյանքով են ապրել հայ ընտանիքները բոլոր տարածաշրջաններում»:    

Ընթերցողների, օգտատերերի արձագանքից նկատելի՞ է, թե հանրությունն այսօր ինչ տեսակ ինֆորմացիայի կարիք ունի։ «Ես հակված չեմ լայն հանրության պահանջներին ու նախասիրություններին տուրք տալու, այդուհանդերձ, այս 5-6 ծրագրերը, որ մշակում ենք եւ դնում ենք մեր էջում, ակնհայտ է, որ ավելի շատ հավանությունների արժանանում են դյուրամարս ծրագրերը: Օրինակ, ամենաշատ դիտումներն ու արձագանքներն ունեցավ «Քայլ առ քայլ» խաղ-մրցույթը, որը թույլ է տալիս փազլի միջոցով հավաքել մեր հայտնի արվեստագետների լուսանկարները: Այս պայմաններում փորձում ենք ճաշակ բարձրացնել, մարդկանց ուղղորդել դեպի բարձր գրականությունն ու արվեստը»,- ասում է Կ. Վարդանյանն ու նկատում, որ չեն դադարեցնելու իրենց առցանց աշխատանքը նույնիսկ համաճարակից հետո, երբ կանցնեն բնականոն աշխատանքի, քանի որ պետք է մշակույթով հաղթահարենք այն սոցիալական վիճակը, որ ստեղծվել է երկրում: