Կարգավորման ինչ պլան է առաջարկում Թրամփը

Կարգավորման ինչ պլան է առաջարկում Թրամփը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ներկայացնելու է ուկրաինական հակամարտության կարգավորման պլան։ Նշել է, որ լավ հանդիպումներ են ունեցել Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ եւ առաջիկա օրերին կներկայացնեն կարգավորման պլանը։ New York Post-ը, անդրադառնալով այս հայտարարությանը, նշում է, որ հնարավոր է այդ պլանում նաեւ ներառված լինի եվրոպացի զինվորականների կողմից հրադադարի պահպանումը վերահսկելու պահը։ Գրում է նաեւ, որ Թրամփը թեեւ կոնկրետ չի նշել, թե որն է իր պլանը, սակայն որոշ մանրամասներ հայտնի են դարձել։ Մասնավորապես, այսպես կոչված, «կայունության ապահովման ուժերի» ստեղծում՝ Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու համար։ Խնդիրն այն է, թե ինչպես են այդ անվտանգության ուժերը ներկայացված լինելու։ Դրանք մա՞ս են կազմելու անվտանգության այն երաշխիքներին, որոնք ցանկանում են ստանալ ուկրաինացիները, եւ հույս կա, որ կստանան։ Բացի այդ, հնարավոր է ստեղծվի խաղաղարար ուժերի զորակազմ՝ հրադադարի պահպանման հսկողությունն իրականացնելու համար։ Դրանք ներկայանալու են «համատեղ հանձնաժողովի» տեսքով, որտեղ ներառված են լինելու ռուսները, ուկրաինացիները եւ երրորդ երկրները, որոնք մաս չպետք է կազմեն ՆԱՏՕ-ին։ Այդ երրորդ երկրներն էլ ճակատային գծում հետեւելու են իրադրությանը, որպեսզի երաշխավորեն, որ երկու կողմերը զենքը վայր են դրել։

ԱՄՆ-ն կարող է մասնակցել այդ առաքելությանը, սակայն տեղում ռազմական ներկայություն չի ունենալու։ Վաշինգտոնն ավելի շուտ ցանկանում է հանդես գալ որպես «դրամական ուժ»՝ երրորդ կողմի հետ։ Ուկրաինան իր հերթին պատրաստ է ընդունել, որ փաստացի կորցնում է իր տարածքի 20 տոկոսը։ Ինչու փաստացի` Կիեւը չի ցանկանում իրավաբանորեն դա ամրագրել։ Այսինքն՝ Ուկրաինան ընդունելու է պարզապես, որ Ռուսաստանն այդ տարածքները նվաճել է, սակայն չի ընդունում այն, որ ընդմիշտ այդ տարածքները հանձնում է Ռուսաստանին։ Ուկրաինան արդեն ազդակներ հղել է, որ պատրաստ է կառուցողական երկխոսության։ Թե ինչ դիրքորոշում ունի Ռուսաստանը, դեռ հայտնի չէ։