Դդում չի, կոյուղի է

Դդում չի, կոյուղի է

Միշտ, բոլոր ժամանակներում իշխանությունն ու մամուլը բարիկադների հակառակ կողմում են եղել։ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ՝ 1994 թվականի դեկտեմբերին, մի գիշերվա մեջ ջարդուփշուր արեցին դաշնակցական մամուլի օրգանների գրասենյակները եւ միանգամից մի քանի լրատվամիջոց փակեցին, որոնք առնչվում էին ՀՅԴ-ին, այդ թվում՝ ամենամեծ տպաքանակն ունեցող «Երկիր» օրաթերթը, որը դրանից հետո ինչքան էլ փորձեցին վերականգնել՝ այլեւս չստացվեց։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ամենահեղինակավոր ու մեծ լսարան ունեցող հեռուստաընկերությունը՝ «Ա1+»-ը փակվեց եւ հետագայում՝ անգամ Եւրոպական դատարանում հաղթելուց հետո էլ այն չկարողացավ եթեր վերադառնալ։ Այդ տարիներին «Հայկական ժամանակի» խմբագրին էին զրպարտության համար դատում եւ մի քանի դրվագներով մեղադրանքը դատարանը հաստատված համարելով՝ 1999 թվականին 1,5 տարվա ազատազրկման դատապարտեց Նիկոլ Փաշինյանին եւ լրատվական դաշտի ու փոքրաթիվ հասարակական գործիչների միասնական պայքարի շնորհիվ միայն նա չազատազրկվեց՝ երկրորդ ատյանը պայմանական ազատազրկում կիրառեց։ Սերժ Սարգսյանի ժամանակ էլ մամուլի համար հեշտ չի եղել՝ բազմաթիվ դատական հայցեր հարուցվեցին լրատվամիջոցների նկատմամբ, ուղղակի եւ անուղղակի ճնշումներ։ Իսկ ֆեյսբուքի հայտնվելուց հետո՝ ֆեյսբուքյան արշավներ, վարկաբեկիչ նյութեր, քոմենթների-ստատուսների տարափ՝ իշխանական շրջանակների եւ պետական կառույցների ակտիվ մասնակցությամբ։ Մամուլի խոսնակների ու ՊՈԱԿ-ների ինստիտուտը այդ տարիներին սովորեց լրատվամիջոցների դեմ սոցցանցերում պայքարելու ձեւերը եւ ոչ մի կեղտոտ մեթոդի առաջ կանգ չէին առնում՝ կոլաժներ սարքելով, հերյուրանքներ տարածելով, սպառնալիքներ ուղարկելով եւ այլն։

Բայց այս երկար ու ձիգ տարիների հալածանքների եւ այսօրվա իշխանությունների պահվածքի մեջ մի կարեւոր տարբերություն, այնուամենայնիվ, կար․ նախկինում պաշտոնյաները, պետական ու քաղաքական գործիչները կոռեկտության սահմանը չէին անցնում եւ կեղտոտ հալածանքներն իրենք անձամբ չէին իրականացնում, այլ իրենց «շեստյորկաները»։ Անգամ դատարան դիմելիս ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ բարձրաստիճան պաշտոնյաներն էին դիմում, այլ նրանց ընտանիքի անդամները, մերձավորները, օգնականներն ու տեղակալները, իշխանությունից կախված բիզնեսմենները։ Ասենք, մեզ դատի էր տվել ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, այլ նրա ընտանիքի անդամները, ոչ թե Սեյրան Օհանյանը, այլ նրա կինը։ ԲՀԿ կամ ՀՀ առաջնորդները երբեւէ ոչ մի բառ մեր հասցեին չէի ասում, բայց երկրորդ էշելոնը կատաղի պայքար էր մղում մեր դեմ։ Ոստիկանապետը իրեն թույլ չէր տա անցնել սահմանը, բայց նրա խոսնակն ու օգնականը՝ կարող էին։

Հիմա, քանի որ հենց շեստյորկաներն են դարձել իշխանություն, իրենք էլ՝ իրենց դեմքով ու իրենց բերանով պայքարում են լրատվիջոցների դեմ։

Դդում մականունը կրող (թե ինչ մեղք ունի այս ազնիվ պտուղը, որ նման վիրավորանք ենք հասցնում) մի պաշտոնյա կա, որին հանգիստ չի տալիս «Հրապարակի» գոյությունը, նա ամենօրյա ռեժիմով, նողկալի լեքսիկոնով ու գռեհիկ հումորներով գրառումներ է անում մեր թերթի հասցեին։ Եւ իր կոյուղու մակարդակի ՔՊ-ական շրջապատն էլ դամ է քաշում իր էջում։ Մեր պատվից ցածր ենք համարում անդրադառնալ դրա գրածների բովանդակությանը, մանավանդ՝ դրանց մեջ այնքան բովանդակություն կա, որքան փորձենք դդմի կեղեւի մեջ իմաստ փնտրել։

 Ուղղակի հիշեցնենք, որ ոչ ոք այսօր չի հիշում, թե ով էր Կարեն Կարապետյանի կամ Հովիկ Աբրահամյանի աշխատակազմի ղեկավարը եւ աշխատակազմերի նախկին ղեկավարներն էլ իրենց երբեք թույլ չեն տվել նման գռեհիկ պահվածք, իսկ «Հրապարակը» եւ Կարեն Կարապետյանի, եւ Սերժ Սարգսյանի, եւ բոլոր դդումների ու կաբաչկիների ժամանակ եղել է, կա եւ լինելու է։ Լինելու է նաեւ այն ժամանակ երբ ամեն կարգի դդումները վաղուց փտած ու վերացած են լինելու ասպարեզից։ Կհանդիպենք դատարանում։