Եւ դարձյալ՝ «19 000»-ի մասին

Եւ դարձյալ՝ «19 000»-ի մասին

Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, ասվում է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որը ԿԸՀ կողմից արդեն իսկ ներկայացվել է Ազգային ժողով՝ օրենքով սահմանված կարգով քննարկման դրվելու համար, եթե մերժվի եւ նախագահական ընտրություններին ՊԲ նախկին հրամանատարը չմասնակցի, ապա «եթե ոչ հանրահավաքներով, ապա նախագահական ընտրությունների օրը նախագահի բոլոր թեկնածուներին մերժելով, վստահ եղեք, այդ 19 000 մարդիկ ու իրենց կողմնակիցները կստիպեն ձեզ հարգել իրենց, կներկայանան ընտրության ու կարհամարհեն, կմերժեն բոլոր թեկնածուներին»: 

Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստուգել է նախաձեռնող խմբի ներկայացրած ստորագրությունները եւ ճանաչել դրանցից շուրջ 19000-ի վավերականությունը: Իհարկե, դա բավարարում է հարցն Ազգային ժողովի քննարմանը ներկայացնելու օրենսդրական պահանջը: Այդ դեպքում ինչու՞ է Սամվել Բաբայանի գրասենյակը վերստին մատնանշում ստորագրահավաքի մասնակիցների 19 000 թվաքանակը՝ մնում է անհասկանալի: Արտառոց է նաեւ հայտարարության, մեղմ ասած, հրամայական ոճը, երբ կարծես վերջնագիր է ներկայացվում՝ կամ սահմանադրական փոփոխությունների նախագիծը պետք է ընդունվի եւ դրվի հանրաքվեի, կամ կսկսվեն հանրահավաքներ, կամ «19 000» ընտրող կբոյկոտի նախագահական ընտրությունները: Որտեղի՞ց է այդ հավակնոտ վստահությունը: Սեպտեմբերի 8-ի ՏԻՄ ընտրությունները հնարավորություն էին, որպեսզի Սամվել Բաբայանն ապացուցեր, որ ունի համակիրների հսկայական բանակ:

Եւ, ինչպես ցույց են տալիս վերլուծությունները, նախապես այդ ծրագիրն էլ մշակված է եղել՝ Արցախի բազմաթիվ համայնքներում Բաբայանի կողմնակիցներն առաջադրել են իրենց թեկնածությունը: Նրանց քարոզարշավին ներգրավվել են արտերկրում բնակվող գործարարներ: Արդյունքը զրոյական է, Բաբայանի եւ ոչ մի աջակից համայնքի ղեկավար չի ընտրվել: Սա ցույց է տալիս, որ իրականությանը լիովին համապատասխանում է մեր ավելի վաղ արած վերլուծությունը, որ սահմանադրական փոփոխությունների ստորագրահավաքին միացած քաղաքացիների ճնշող մեծամասնությունն այդ քայլին դիմել է բոլորովին այլ շարժառիթներից դրդված եւ ամենեւին էլ Սամվել Բաբայանի համակիրը չէ: Խոսակցություններ կան, որ ՊԲ նախկին հրամանատարը մտադիր է կուսակցություն ստեղծել, որ կկոչվի «Միասնական Հայաստան»:

Նպատակը խորհրդարանական ընտրություններին մասնակցությունն է: Գաղափարը ողջունելի է, քաղաքական բազմազանությունից կշահի երկիրը: Պարզապես պետք է հաշվի նստել իրականության հետ, ընտրողին ներկայանա; ոչ թե անցյալի մասին առասպելաբանությամբ, այլ երկրի զարգացման նպատակային, հիմնավոր վերլուծություններով փաստարկված ծրագրով: Այդ դեպքում, գուցե, Սամվել Բաբայանին հաջողվի ապագա խորհրդարանում ունենալ մի քանի մանդատ: Իսկ ամենավերջում՝ մի զուտ մասնագիտական նկատառում. մի՞թե ՊԲ նախկին հրամանատարի 20 000 հազար համակիրների մեջ չկա գրական հայերենին տիրապետող եւ քաղաքական տեքստի նրբություններին տեղյակ մեկը: Ըստ երեւույթին՝ ոչ: Այլապես տարածված հայտարարություններում այսպես ասած ջուրծեծոցին, լեզվական «սայթաքումները»՝ քիչ, իսկ բուն ասելիքն ավելի պատշաճ ձեւակերպված կլինեին: