Աշխարհի վերջն իրոք եկել է

Վերջին շրջանում այս միտքը հաճախակի է հնչում, եւ դա գնալով դառնում է սովորական: Փոխանակ վերլուծելու աշխարհում ընթացող իրադարձություններն ու համադրելու դրանց զարգացումներն ու հնարավոր հետեւանքները, որոնք չեն կարող նաեւ մեզ վրա չանդրադառնալ եւ կարող են մեզ դեպի կործանում տանել, ընկել ենք պարզ, կենցաղային խնդիրների հորձանուտը եւ զբաղված ենք մենք մեզ խաբելով, ամեն ինչին մատների արանքով նայելով եւ մեր օրը լցրել ենք երկրորդական-երրորդական երեւույթներով։
Իսկ եթե փորձենք ռեալ վերլուծել աշխարհում տեղի ունեցող լրջագույն իրադարձությունները եւ տեսնել, թե դեպի ուր է գնում աշխարհը, եթե անգամ մոռանանք աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ կարեւոր իրադարձություններ եւ քննարկենք միայն ռուս-ուկրաինական պատերազմն ու Իսրայել-Պաղեստին հակամարտությունը՝ իրենց բոլոր դրսեւորումներով, ապա կտեսնենք, որ աշխարհը գնում է դեպի մեծամասշտաբ երրորդ համաշխարհային պատերազմ, որը կարող է վերածվել միջուկային պատերազմի, եթե գերտերությունները` ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը, չլրջանան, իսկ Չինաստանն ու Հնդկաստանը, եւս մի քանի խոշոր տերություններ չմիջամտեն այդ հակամարտությունների ընթացքին: Օր-օրի երկու պատերազմն էլ կատաղի ընթացք է ստանում, եւ կողմերը չեն ուզում ոչնչի առաջ կանգնել, այլ ձգտում են ամեն գնով հաղթանակի: Ավելին, անգամ փորձեր չեն արվում՝ նվազեցնելու, թուլացնելու այդ հակամարտությունների ինտենսիվությունը:
Երկուսուկես տարուց ավելի տեւող դաժան պատերազմը, որին Ռուսաստանը «հատուկ ռազմական օպերացիա» անունն է տվել, Իսրայելի կողմից հարեւանների նկատմամբ իրականացվող ռազմական գործողությունները վկայում են, որ այդ հակամարտությունների ընթացքը գնալով ահագնանում է, եւ այն դադարեցնելու, մեղմելու միտված տրամադրություններ չեն երեւում: Եվ եթե բախումները թեժանան, եւ կողմերը զգան մոտալուտ պարտությունը, չի բացառվում, որ դիմեն միջուկային զենքի կիրառման, որով կկնքվի երկրագնդի մահկանացուն։
Զարմանալի է, որ այդ պատերազմների դադարեցման կոչերը խոսքից այն կողմ չեն անցնում: Ոչ մի միջնորդ եւ ոչ մի հայտնի անհատ չի փորձում միջամտել, խաղաղության քարոզչություն իրականացնել, փորձել հաշտեցնել հակամարտող կողմերին։
Անգամ տպավորություն է ստեղծվում, որ շատ երկրներ կարծես հաշտվել են այն հեռանկարի հետ, որ ամեն ինչ գնում է դեպի միջուկային պատերազմ, որն անդառնալի հետեւանքներ է ունենալու բոլոր պետությունների համար: Մի՞թե հակամարտող երկրների ղեկավարների, բիզնեսմենների, ռազմարդյունաբերական արտադրության աճից ու սպառումից մեծ եկամուտներ ստացող անձանց ագահությունն ու փողի նկատմամբ սերն այնքան անսահման է, որ երկրագունդը պատրաստ են տանել կործանման՝ իրենք էլ հետը վերանալ, բայց չսթափվել եւ կանգ չառնել: Մի՞թե ութ միլիարդ մարդկության մեջ փոքր թիվ կազմող այդ մարդկանց անկուշտ ախորժակի պատճառով ողջ աշխարհը պետք է կործանվի, ամբողջ մարդկությունը տուժի: Ի՞նչ սատանա է մտել այդ մարդկանց հոգիները, որ հանուն իրենց կասկածելի շահերի, աշխարհը տանում են՝ ոչ ավել, ոչ պակաս, կործանման: Փաստորեն, մի քանի ամբիցիոզ, ագահ արարածի անպատասխանատու վարքագիծը որոշիչ է դառնում հողագնդի եւ միլիարդների հասնող մարդկության գոյատեւման՝ ապրելու իրավունքի նկատմամբ:
Ստացվում է, որ նյութի նկատմամբ նրանց ունեցած մոլուցքը գերազանցում է անգամ իրենց եւ իրենց սերունդների ապրել-չապրելու իրողությանը:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Կարծիքներ