Գերեվարված Գևորգ Սուջյանը նաև ՌԴ քաղաքացի է

Գերեվարված Գևորգ Սուջյանը նաև ՌԴ քաղաքացի է

Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի հետևանքով մեծ թվով հայ զինծառայողներ, կամավորականներ, զորահավաքային ռուսուրսի պահեստազորայիններ, քաղաքացիական անձինք են գերեվարվել։

«Հրապարակի» տեղեկություններով՝ փաշինյանական կապիտուլյացիայից հետո գերի ընկած բլոգեր, «Նոր Հայաստան Հայրենիք - Սփյուռք» բարեգործական ՀԿ-ի ղեկավար Գևորգ Սուջյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։ 

Սուջյանն ու իր 2 ընկերը, ամենայն հավանականությամբ, գերեվարվել են նոյեմբերի 11-ին, երբ Գորիս-Բերդձոր ճանապարհով հումանիտար բեռ են տեղափոխելիս եղել Ստեփանակերտ։ Պատերազմի ընթացքում Սուջյանն այցելել էր Տաք ջուր (նախկին անվանումը՝ Իստիսու) և տեսանյութ հրապարակել իր ֆեյսբուքյան էջում։ 

2020-ի նոյեմբերի 17-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստան Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ասել էր, որ նոյեմբերի 11-ին Երևան-Ստեփանակերտ ճանապարհին գերեվարվել է առնվազն 10 քաղաքացի, խաղաղ բնակիչ, ովքեր տարբեր գործերով մեկնելիս են եղել Արցախ։ 

ՄԻԵԴ-ում ՀՀ գրասենյակի ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Գևորգ Սուջյանի մասով նույնպես միջանկյալ միջոց է կիրառվել ՄԻԵԴ-ում։ 

Իսկ թե նա ՌԴ քաղաքացի՞ է, թե՞ ոչ, Սամվելյանը մանրամասներ չասաց՝ նշելով, որ ՄԻԵԴ են դիմել ՀՀ քաղաքացիների մասով, իսկ անձնական տվյալների հետ կապված մանրամասներ չեն հաղորդում։ Կերելի է ենթադրել, որ Սուջյանը երկքաղաքացի է։ 

Հայազգի, բայց օտարերկրյա կամ երկու քաղաքացիություն ունեցող հնարավոր գերիների հետ կապված Հասմիկ Սամվելյանը նույնպես մանրամասներ (ներառյալ քանիսն են) չհայտնեց՝ ելնելով կոնֆիդենցիալության հանգամանքից։