Ալեն Սիմոնյանին խորհուրդ կտամ կարդալ ժողովրդավարության մասին

Ալեն Սիմոնյանին խորհուրդ կտամ կարդալ ժողովրդավարության մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ գրել էր. «Այսօր ժողովրդավարության միջազգային օրն է: ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանում ընդունված բանաձեւն ամրագրում է, որ չնայած ժողովրդավարության ընդհանրությանը, չկա ժողովրդավարության մեկ մոդել... 2018 թվականի հեղափոխությունը ժողովրդին վերադարձրեց իշխանությունը՝ մերժելով տրաֆարետային ժողովրդավարության կեղծ ձեւակերպումները: Այսօր մեր երկրում լիարժեք ժողովրդավարության սեփական մոդելի ձեւակերպումն արդեն ամենօրյա աշխատանք է՝ զուգակցված բոլորիս ջանքերով եւ մեծ համբերությամբ»։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանին հարցրինք, թե ինչ բան է «ժողովրդավարության սեփական մոդելը»։ «Ժողովրդավարությունը լինում է ոչ թե մոդելային, այլ՝ աստիճանով, թե որ երկիրն ինչ աստիճանի է ժողովրդավար։ Ես միայն մի բան կարող եմ ասել․ միշտ էլ գործող իշխանություններն իրենց համարել են ժողովրդավար, շատ ավելի կարեւոր է, որ քաղաքացիական հասարակությունը եւ ընդհանրապես երկիրը իրեն ճանաչի ժողովրդավար։ Դա է շատ ավելի կարեւոր, ոչ թե այն, թե ինչ ասում են իշխանության ներկայացուցիչները»,- ասաց նա: Իսկ ինքը Հայաստանը համարո՞ւմ է ժողովրդավար։ «Ես չեմ կարծում, որ Հայաստանը ժողովրդավարության ասպարեզում այս տարիներին հասել է գոնե ինձ բավարարող մակարդակի»։ Հետընթա՞ց կա։ «Ես այնքան մեծ առաջընթաց չէի տեսնում, որ այսօր հետընթաց տեսնեմ։ Ոչ, հետընթաց չեմ տեսնում, ավելի շատ տեսնում եմ տեղում դոփել եւ ավելի շատ ժողովրդավարության մասին խոսք, քան գործ»:

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի խոսքով՝ Հայաստանը մշտապես եղել է ավտորիտար երկիր, իսկ այժմ հստակ քայլերով դեպի տոտալիտարիզմ է ընթանում։ «Անկեղծ ասած՝ ես չէի ուզի մեկնաբանել Ձեր ասած անձի այդ միտքը, մի բանում ես վստահ եմ, որ նա քաղաքագիտությունից եւ այդ ամենից առանձնապես մեծ գիտելիքներ չունի։ Ինչ վերաբերում է «ժողովրդավարություն»  հասկացությանը, ապա, եթե կարելի է դրան մոդել անվանել, իհարկե, դրանք մոդելներ չեն: Եվրոպայում, օրինակ, կա ժողովրդավարության ֆրանսիական մոդելը, որն ունիտար պետություն է՝ նախագահական, բայց ժողովրդավարական է։ Կա Գերմանիայի օրինակը, որը դաշնային եւ պառլամենտական պետություն է՝ նույնպես ժողովրդավար, եւ կան երկրներ՝ սկսած Մեծ Բրիտանիայից, Շվեդիա, Նորվեգիա, որոնք սահմանադրական միապետություններ են, բայց ժողովրդավարական պետություններ են։ Ի՞նչն է միավորում այս բոլոր երկրներին․ մի կարեւոր խնդիր՝ «իրավական պետություն» հասկացությունը, այն է՝ անկախ դատական համակարգ, երբ այդ երկրում ապրող ամեն մարդ գիտի, թե ինչ է հետեւելու իր քայլին, եւ իրենց քայլերը կախված չեն երկրի ղեկավարի քմահաճույքից, այլ կախված են օրենքից։ Ես համարում եմ, որ Հայաստանի Սահմանադրության մեջ ի սկզբանե, որպես անփոփոխ հոդված, մի անհեթեթություն է գրված, որ «Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին»։ Այդպիսի բան աշխարհում չկա, որովհետեւ ողջ ժողովրդին չի կարող պատկանել իշխանությունը, ընդհանրապես՝ ժողովրդավարական երկրներում իշխանությունը ձեւավորվում է ժողովրդի մեծամասնության քվեով, բայց դա դեռ չի նշանակում, որ նույնիսկ այդ մեծամասնությունն ունի իշխանություն։ Ես ինչո՞ւ եմ սա նշում․ այն երկրները, որոնք ասում են, թե իբր ժողովրդի իշխանություն է, դրանք, որպես կանոն, բռնապետական երկրներ են։ Պատահական չէ, որ «ժողովրդական» անունով է կոչվում նաեւ Հյուսիսային Կորեան։ Այնպես որ, Ձեր նշած անձի այդ մտավարժանքն ընդամենը պիտի արդարացներ Հայաստանում դեպի բռնապետություն տանող ճանապարհը, որովհետեւ այն, ինչ կատարվում է Հայաստանում՝ դատական համակարգը վերջնականապես քանդելն ու ոչնչացնելը, վարչապետին ենթակա կառույցներ դարձնելը, սա է իրենց պատկերացրած «ժողովրդավարության մոդելը»։ Իսկ ընդհանրապես, եթե մոդելներից ենք խոսում, ապա դրանք մոդելներ չեն, աշխարհում կան մի քանի մոդելներ՝ ժողովրդավարական երկրներ, ավտորիտար երկրներ, որոնք ունեն տարբեր տիպեր, եւ կան բռնապետական երկրներ։

Իր կազմավորման օրից սկսած՝ անկախ Հայաստանը հռչակված է եղել ժողովրդավարություն, բայց իրականում եղել է ավտորիտար պետություն, ես կասեի՝ բավականին թույլ ավտորիտար պետություն։ 2018-ի այդ իրադարձությունից հետո Հայաստանը հստակ քայլերով գնում է բռնապետության»,- ասաց Իշխանյանը։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ Ալեն Սիմոնյանին խորհուրդ տվեց ժողովրդավարության մասին գրքեր կարդալ, որպեսզի հասկանա, թե ինչ է ժողովրդավարությունը։ «Սեփական մոդել ասելով՝ հավանաբար նկատի ունի իրենց ժողովրդավարությունը, ոչ թե այն արժեքներն ու չափանիշները, որոնք կան, այլ այն, ինչ իրենք են պատկերացնում՝ իշխանությունները: Երբ Ալեն Սիմոնյանն ասում է՝ «դադարեցրեք հեռարձակումը», իր պատկերացումը ժողովրդավարության մասին ակնհայտ է դառնում, թե ինչպիսին է: Կամ՝ երբ լրագրողներին թույլ չեն տալիս լուսաբանել բռնությունները, Ազգային ժողովում հարձակումները․․․»,- ասաց Ալեքսանյանը։